Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԵՂԾ ԱՐՎԵՍՏԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
ԿԵՂԾ ԱՐՎԵՍՏԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

«Մահացած որեւէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ մի՛ արեք: Ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք» (Ղեւտ.19:28):
«Քահանաները, ի նշան սգի, իրենց գլուխը թող չածիլեն, մորուքների ծայրերը չկտրեն եւ իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն» (Ղեւտ.21:5):

Սուրբ Գրքի տվյալներով` դաջվածքները եղել են սգո արտահայտություն Աստծուն չճանաչող ազգերի մեջ: Սակայն Աստված իր ընտրած ազգին` հրեաներին, պատվիրեց հեռու մնալ թե՛ այդ սովորությունից, թե՛ մնացած բոլոր անբարո սովորություններից, որ արմատացել էին այդ ազգերի մեջ: Դաջվածքի մշակույթը, փաստորեն, հեթանոսական հիմքեր ունի:

Այսօր դաջվածքը փորձում են մի նոր որակի ու մակարդակի վրա ներկայացնել` որպես արվեստ: Զավեշտալի է, բայց դաջվածքների խորհրդաբանության մեջ մեծ տեղ ունեն քրիստոնեական համարվող պատկերները` խաչերը, սրբապատկերները, հրեշտակները: Իհարկե դա ծիծաղելի է եւ անլուրջ: Մարդու մարմինը Աստծո տաճարն է, որովհետեւ մարդն ստեղծվել է Աստծո պատկերով: Աստծո բնակության վայրը պետք է արժանի լինի Աստծուն: Հետևաբար, պետք է պատշաճ վերաբերմունք դրսեւորել այդ տաճարի նկատմամբ` հրաժարվելով այն թյուր պատկերացումից, թե մարմինը մեր սեփականությունն է, երբ իրականում այն Աստծո սեփականությունն է: Իհարկե, մեր հորդորը հիմնականում ուղղված է քրիստոնյաներին, ովքեր մկրտությամբ իրենց մարմինները Սուրբ Հոգու տաճար են դարձրել:

Դաջվածքները արվում են տարբեր նպատակներով. մարմնի թերությունները քողարկելու կամ սեփական էությունն ու գաղափարները ներկայացնելու, ինքնարտահայտվելու եւ ինքնահաստատվելու համար: Շատերի համար դաջվածքները ունեն թալիսմանի նշանակություն, որ իրենց կարող է «չարից պահել» կամ «հաջողություն ու առողջություն ապահովել»: Իհարկե այս դեպքում դաջվածքը ուղղակի սնահավատության մի տարատեսակ է:

Եթե նույնիսկ դաջվածքը արվում է ամենաանմեղ գեղագիտական նկատառումներով, այն կրում է որոշակի գաղափարախոսություն, որի դրսեւորումը ինքնին խոսում է այն կրողի ու թեկուզ անգիտակցաբար դավանողի մասին: Կան անհատական բնույթի դաջվածքներ` մարդու անհատականությամբ պայմանավորված, կան նաեւ տարածում ստացած պատկերներով դաջվածքներ` որոշակի ընդհանրացված խորհրդաբանությամբ: Դաջվածքները լինում են ոչ միայն պատկերների, այլ նաեւ մակագրությունների տեսքով` սիրելի մարդու, կարգախոսի եւ այլնի տեսքով: Դաջվածքները հնում ունեցել են, որպես կանոն, կրոնական ենթատեքստ եւ համարվել են մոգական ուժով օժտված:

Դաջվածքը մարդու մարմնի վրա նույնն է, ինչ հիմար կարգախոսով ու գռեհկաբանություններով մակագրությունները եկեղեցիների ու սրբավայրերի պատերին: Դաջվածքը կարեւորում են նրանք, ովքեր չեն անդրադառնում սեփական հոգու գեղեցկությանը, ներաշխարհին, ապրումներին, կամ էլ փորձում են քողարկել դրանք շրջապատից, ոչ թե պեղել իրենց ներքին գեղեցկությունը, այլ մարմինը «գեղեցկացնել հետաքրքրաշարժ ու զարմանահրաշ» պատկերներով: Այդպիսի մարդիկ գուցե չեն էլ կասկածում, որ դաջվածքը ոչ թե իրենց հոգու բազմաբովանդակության, այլ սնանկության նշանն է: Շատ շատերը դաջվածք են անում ու քողարկում են այն, այնուամենայնիվ, կարեւորելով հասարակական կարծիքը, շատերն էլ երազում են ու փափագում, հասարակական կարծիքով էլ չեն մտահոգվում, բայց չունեն դաջվածքի գործընթացին ուղեկցող ցավին ու անախորժություններին դիմանալու ու համբերելու արիություն, ինչով ավելի խղճուկ են, քան անողները:

Անցողիկ ու պատրանքածին մխիթարություններ փնտրելու մղումը բացահայտում է մարդու հոգեւոր մերկությունն ու խեղճությունը եւ այդ ամենը ինքն իրեն խոստովանելու անճարակ անկարողությունը: Խորհրդային ժամանակներում դաջվածքը ձեւավորվում էր որպես անազատության մեջ երբեւէ եղած անձանց մենաշնորհ: Արցախյան պատերազմի տարիներին մեր պաշտպանների կրծքին դաջում էին նրանց արյան կարգն ու ռեզուսը. սա կենսական նշանակություն ուներ եւ հասկանալի բացառիկ պատճառ եւ արդարացման հիմքեր:

Մեր օրերում մարմնի որոշակի հատվածներում արված դաջվածքներով կարելի է տարբերակել թեթեւ վարքի տեր կանանց` փողոցներում ու հյուրանոցներում «ճգնող» մարմնավաճառներին, գիշերային ակումբներում տքնող մերկապարուհիներին: Նույնպիսի տարբերակիչ դաջվածքներով են ներկայանում մեզ էլիտար ամսագրերի շապիկների համար լուսանկարիչների առջեւ եւ ի տես ողջ ազգի գեղագիտորեն մերկացող մեր երգչուհիները, դերասանուհիները եւ հաղորդավարուհիները: Ինչպես մեր հասարակության մեջ օրեցօր տարածում գտնող զանազան օտարամուտ բարքերը, այնպես էլ դաջվածքի մշակույթը սխալմամբ կարող է դիտվել ազատամտության եւ առաջադիմության աղաղակող փաստ:

Քրիստոնեական գաղափարախոսությունն ու մշակույթը մերժողական վերաբերմունք ունի դաջվածքի դրսեւորումների նկատմամբ` ցանկացած կերպ ներկայացվելիս, որովհետեւ անկախ դաջվածքի` անհատական մակարդակում ընկալումներից, ընդհանրական մակարդակում այն միշտ կրում է կրոնական ու պաշտամունքային տարրեր, որ նստվածք են տալիս ենթագիտակցության տարբեր շերտերում: Դաջվածք անողը պետք է մտածի նախեւառաջ իր որոշման նկատմամբ Աստծո դիրքորոշման եւ ոչ թե առանձին մարդկանց կամ հասարակության վերաբերմունքի մասին, որովհետեւ մարդու մարմինը նախեւառաջ Աստծուն է պատկանում` անկախ մարդու կողմից այդ փաստի ընկալման առկայությունից կամ բացակայությունից:

Դաջվածքների հանդեպ ձեւավորված եւ հաստատված սուրբգրային դիրքորոշումը հեռուն միտված նպատակներ ունի: Այսօր ավելացել է դաջվածքի եւս երկու տարատեսակ. էլեկտրոնային եւ լազերային: Այս տեսակների վտանգավորությունը քողարկում են կամ այդ մասին պարզապես լռում են: Էլեկտրոնային եւ լազերային դաջվածքները մեծ հոգեւոր վտանգ են ներառում. դրանք անդառնալի կորստյան դուռ են բացում, հավիտենապես թշնամացնում Աստծո հետ եւ անմասն դարձնում Նրա Սրբությունից: Ցավոք սրտի, այս գործընթացները արդեն ընթանում են, հիմնականում` ստիպողաբար, կամ ինչպես ասում են` կամավոր-պարտադիր սկզբունքով: Դրանք կոչվում են նույնականացման գործընթացներ` իդենտիֆիկացիա: Դաջվածքները միգուցե հեշտացնում եւ հետաքրքիր են դարձնում կյանքը Երկրի վրա, բայց հավետ փակում են Երկնքի դռները: Դա մեծ անամոք ցավ է յուրաքանչյուր գիտակից մարդու համար:

Թե՛ սովորական, թե՛ մյուս դաջվածքները աշխարհի եւ նրա իշխանի դրոշմն են այն ընդունողի վրա` ճակատին, ձեռքին, թե այլ մարմնամասերին, դա արդեն էական չէ: Հոգեւոր բարձր գիտակցություն եւ արիություն է պահանջվում` Աստծո տաճարը` մեր մարմինը, սուրբ պահելու համար: Դրա համար անհրաժեշտ է ոչ այնքան մարմնի, որքան հոգեւոր հիգիենա:

ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ