Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՇՏ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԻՇՏ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երկաթուղայինների սխրանքը

Սոս Շամոյանը ծնվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Թբիլիսիի երկաթգծի տեխնիկումում: Աշխատել է մեքենավար` լոկոմոտիվային դեպոյում: ԵԿՄ անդամ է:

Օրերս Սոս Շամոյանը պարգեւատրվեց «Ծովակալ Իսակով» մեդալով:

-Դուք նաեւ «ՀՀ ԶՈՒ 20-ամյակ մեդալով եք պարգեւատրվել: Արցախյան պատերազմի մասնակի՞ց եք,- հարցնում եմ:

Ժպտում է ու պատասխանում. «Մարտի եմ գնացել առանց զենքի»:

Տեսնելով զարմացած հայացքս` պարզաբանում է. «Ես մեքենավար էի աշխատում: Խորհրդային Միության փլուզումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց: Խառնակ ժամանակներ էին: Երկաթուղայինները օր ու գիշեր ապահովում էին գնացքների մուտքը հանրապետություն: Գնացքների մեծ մասը Հայաստան էր մտնում Ադրբեջանի տարածքով` մինչեւ Նախիջեւանի Նորաշեն կայարան, որտեղից բեռների ներկրումը չափազանց հրատապ էր, բայց եւ լի հազարումի դժվարություններով: Թշնամու տարածքով բեռնված գնացք հասցնելը համարժեք էր ռազմաճակատ գնալուն»:

Այդ տարիներին պայթեցնում էին ջերմաքարշերը, վագոնները, վառելիքով լի ցիստեռնները, կամուրջները, ճանապարհները:

Ադրբեջանցիները կրակում էին լոկոմոտիվների վրա, կանգնեցնում գնացքը, ծեծում մեքենավարներին, ստորացնում, հոսանքազրկում էին գիծը ու դրսում ժամերով պահում սառնամանիքին:

Սոսը պատմում է այդ մղձավանջային ժամանակներից. «Օրը 4-5 անգամ մտնում էինք թշնամու քթի տակ: Ձեռքս վիրավոր էլ եմ բարձրացել էլեկտրաքարշ ու վարել: Լարանով կապեցի ու վարեցի:

Հիշում եմ` ցորեն պիտի բերեինք Հայաստան: Մութ, խավար գիշեր էր: Ես էի եւ Լեւոն Հակոբյանը: Թշնամին 2 կողմից կրակում էր, անջատել էինք գնացքի խցիկի լույսը ու նստարանից ներքեւ սահած էինք վարում գնացքը: Բարեհաջող բերեցինք ցորենը, հասցրինք եւ նորից գնացինք: Այս անգամ գնացքը ադրբեջանցիները կանգնեցրին: Ցուրտ էր, ահավոր ցուրտ, ստիպեցին հանել հագուստները, կոշիկները եւ այդպես ոտաբոբիկ մի քանի ժամ կանգնեցրին սառույցի վրա: Այսօր էլ այդ ցուրտն զգում եմ ոսկորներիս մեջ: Խփում էին հրացանով, ծաղրում: Բազմաթիվ անգամներ ծեծ ու ջարդ եմ կերել, միայն 9 անգամ կոտրվածք ստացել, 2 անգամ դանակահարել են:

Եթե այդ օրերին էլ մերոնք որեւէ տարածք էին ազատագրած լինում, անասելի էր դառնում թշնամու դաժանությունը. իրենց ողջ մաղձը, ատելությունը թափում էին մեզ վրա, քանի անգամ ենք հրաշքով ազատվել կատաղած ամբոխի ճիրաններից: Մի անգամ էլ չգիտեմ ջրիս ինչ էին խառնել, 2 օր աչքերս չէին տեսնում»:

-Սո՛ս, դուք ազգությամբ եզդի եք ու կարող էիք այն ժամանակ թողնել Հայաստանը, գնալ ապահով վայրում ապրելու:

-Ես ապրել, մեծացել եմ Հայաստանում, այս հողն ինձ համար սուրբ է, ու թողնելն այն վտանգի ժամանակ, իմ կողմից դավաճանություն կլիներ: 1992թ. հնարավորություն ունեի Մոսկվա գնալու, գործուղման թերթիկս էլ պատրաստ էր: Սակայն առավոտյան գնացի դեպո եւ հրաժարվեցի:

Ադրբեջանցիներին ավելի էր զայրացնում, որ Սոսը հայ չլինելով, այդքան նվիրված է հայերին. համոզում էին, սպառնում, ծեծում, բայց էլի վարում էր գնացքը` ամեն անգամ մահին ընդառաջ գնալով: «Գնալուց առաջ մի բաժակ օղի խմիր, որ արյանդ մեջ շաքարի տոկոսը չբարձրանա»,- այն ժամանակ խորհուրդ էր տալիս բժիշկ հայրս: Ամեն գնալը մի փորձություն էր, ու մտածում էի` վե՛րջ, էլ չեմ գնա, բայց, երբ մտնում էի Հայաստան ու տեսնում էի մարդկանց երկարաշարք հերթերը հացի, սննդի համար, երբ տեսնում էի փողոցներում սեւ ժապավեններ (ջահել- ջիվան տղերք էին զոհվում մարտի դաշտում), սիրտս հրամայում էր գնալ: Եթե ես այդ բեռները չբերեի, ինքս ինձ չէի ների, մեղավոր կզգայի, որ այդ պահին իմ հայ ընկերների կողքին չեմ եղել, որ երեխեքին զրկել եմ հացից, ջերմությունից: Փառք ու պատիվ բոլոր երկաթուղային տղերքին: Մեր երեք դեպոներն էլ (Լենինական, Սանահին, Երեւան) այդ տարիներին արեցին անկարելին անգամ: Մեր տղերքից շատերը կորցրին առողջությունը, կրած տառապանքներն ու տանջանքներն արեցին իրենցը: Ես էլ առողջության հետ կապված բազում խնդիրներ ունեմ (հորս խորհուրդ տված օղին չօգնեց, շաքար ունեմ): Հազար ցավ ու դառնություն տեսանք:

Ուզում եմ, որ այն տղերքը, ովքեր 90-ականներին կարողացան հանրապետությունն իրենց կյանքի գնով ապահովել վառելիքով, զենքով, սննդամթերքով, այսօր արժանիորեն գնահատվեն, որ հիշեն նրանց, թեթեւացնեն այդ խիզախ երկաթուղայինների հոգսերը: Իսկ ամենաշատը ուզում եմ, որ մեր Հայաստանում մշտամնա խաղաղություն լինի: Ուզում եմ նաեւ շատ ուժեղ բանակ ունենանք, որ թշնամու մտքի ծայրով անգամ չանցնի ոտք դնել Հայաստան: Իմ երկու որդիներն էլ ծառայել են հայկական բանակում: Աստված չանի, թե պատերազմ լինի, դժվար ժամանակներ լինեն, ես էլի Հայաստանում եմ միշտ ապրելու…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ