Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԻԿՈՒՆՔԸ ԲԱՆԱԿԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺՆ Է



1992 թ. հունիսի 23-ին` Լաչինի միջանցքի ազատագրումից մոտ մեկ ամիս անց, Մայր Հայաստանից Արցախ ուղևորվեց տարբեր նշանակության բեռներ փոխադրող առաջին մեծ ավտոշարասյունը: Ադրբեջանի դաժան տնտեսական շրջափակման շուրջ 4 տարիների ընթացքում միջոցների տնտեսման ամենից խիստ ռեժիմով ապրող Արցախին կենսականորեն անհրաժեշտ բեռների այդ խոշոր խմբաքանակի ներկրման օրը հետագայում սկսեց նշվել որպես թիկունքի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ ՊԲ թիկունքի առօրյայի և խնդիրների մասին Սուրեն Սարումյանի հետ զրուցել է ՊԲ հրամանատարի ԹԳՏ, գնդապետ ՄԱՍԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:

-Թերևս սկսենք ամենասկզբից. ինչպե՞ս կազմավորվեց ՊԲ թիկունքը:

-ՊԲ թիկունքը` իր ծառայություններով, թիկունքի շտաբի և ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալի ղեկավարությամբ նախատեսված է որպես զորքերի համակողմանի ապահովան բաղկացուցիչ` անխափան թիկունքային ապահովումն իրականացնելու համար: Թիկունքը զորքերի ամենօրյա գործունեության կենսականորեն անհրաժեշտ, միմյանց շաղկապված ոլորտների ամբողջությունն է, բանակի շարժիչ ուժը, մի յուրատեսակ գեներատոր, որը գործի է գցում ողջ բանակային մեխանիզմը: Այդ` անգամ խաղաղ պայմաններում բավականին բարդ ու աշխատատար, իսկ Արցախյան պատերազմի տարիներին` անչափ բարդ աշխատանքն իրականացնելու համար ի սկզբանե ակնհայտ էր, որ անհրաժեշտ է մեկ միասնական և կենտրոնացված համակարգ: ՊԲ թիկունքը, եթե կարելի է այսպես ասել, ստեղծվեց պատերազմական ժամանակի թելադրանքով և թե՛ պատերազմի տարիներին, թե՛ հրադադարի հաստատումից հետո մշտապես պատվով կատարեց իր առաքելությունը` օրեցօր նաև զարգանալով ու կատարելագործվելով:

-Կա՞ արդյոք տարբերություն այն տարիների և այսօր թիկունքի գործունեության հիմքում ընկած սկզբունքների միջև:

– Մեր գործունեության հիմնական սկզբունքները թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ ժամանակ նույնն են, փոքր-ինչ տարբերվում են խնդիրների իրականացման ձևերն ու ծավալները: Պատերազմի տարիներին մենք մեր խնդիրները կատարում էինք` ելնելով իրադրությունից, որը արագորեն փոփոխվող էր, դժվար կանխատեսելի: Սակայն ԻՊՈՒ, իսկ հետագայում՝ ՊԲ թիկունքի ճկունության շնորհիվ կարողացանք համարժեքորեն արձագանքել իրադրության ամենից կտրուկ փոփոխություններին` անգամ հիմնականում ժամանակին և պահանջվող ծավալով կատարելով այն, ինչ պետք էր իր հայրենիքը պաշտպանող զինվորին: Այսուհանդերձ պատերազմի տարիներին վերոհիշյալ հանգամանքների, ինչպես նաև միջոցների սղության պատճառով հնարավոր չէր բացառել մի իրավիճակ, երբ զինվորը, ասենք, մեկ օր մնում էր առանց սննդի կամ բարձր լեռնային պայմաններում մարտական խնդիր էր կատարում առանց համապատասխան հանդերձանքի: Այսօր ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել` նման խնդիրներ պարզապես չկան, անգամ ամենից հեռավոր, դժվարամատչելի մարտական դիրքերում ծառայող անձնակազմը յուրաքանչյուր օր ապահովվում է թարմ հացով, ջրով ու անհրաժեշտ պարենամթերքի մյուս տեսակներով, իսկ հանդերձանքը ժամանակակից է և ապահովում է թե՛ հարմարավետություն, թե՛ առավելագույն պաշտպանվածություն ու քողարկում: Խիստ վերահսկողություն է իրականացվում նաև սննդի որակի նկատմամբ:

Կուզեի անդրադառնալ մի կարևորագույն գործոնի ևս. թիկունքի ոլորտում ծառայության կազմակերպման հիմնական սկզբունքը խղճմտանքն է, երբ յուրաքանչյուր պատասխանատու գիտակցում է, որ այն, ինչ ինքն անում է, նախ և առաջ իր զավակների, իր ընտանիքի համար է: Հակառակ դեպքում, ամենից խիստ վերահսկողությունն ի զորու չէ բացառելու թերացումները: Տեսեք, օրինակ՝ մակարոնը նախքան ճաշի մեջ լցնելը անհրաժեշտ է բովել, եթե խոհարարը խղճմտանք չունի և մակարոնը զինվորական ապուրի մեջ է լցնում առանց բովելու, այդ զանցանքը գործնականորեն անհնար է հայտնաբերել: Նման օրինակներ կարելի է անվերջ բերել:

Անկախ ամեն ինչից, ուրախությամբ կարող եմ հավաստել, որ բանակի թիկունքում ծառայում են մարդիկ, որոնք պատասխանատու են առաջին հերթին սեփական խղճի, այնուհետև` կանոնադրությունների և օրենքի առջև:

-Պատերազմի փորձն այսօր կիրառո՞ւմ եք:

– Թիկունքի ծառայության կազմակերպման ընթացքում, իհարկե, կիրառվում է նաև Արցախյան ազատամարտի փորձը, ինչը, զուգակցվելով համապատասխան մասնագիտական կրթություն ստացած սպայակազմի պատրաստվածության հետ, հնարավորություն է տալիս վստահաբար ասելու, որ ՊԲ թիկունքը ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում ի վիճակի է կատարելու առաջադրված բոլոր խնդիրները: Հավատացնում եմ, որ հաշվի ենք առել բոլոր հավանական ռիսկերը, և անգամ պատերազմի վերսկսման դեպքում հակառակորդի որևէ գործողություն չի կարողանալու խափանել զորքերի համակողմանի ապահովումը:

Հաշվի առնելով պատերազմի դասերը` այսօր էապես կրճատել ենք նաև թիկունքային ապահովման բոլոր միջոցառումների ժամկետները. մենք ի վիճակի ենք ամենից խոշոր խմբավորումները շատ կարճ ժամանակահատվածում լիովին նախապատրաստել լուրջ մարտական խնդիրների իրականացմանը:

– Ո՞րն եք համարում թիկունքի հիմնական խնդիրը:

– Այսօր ՊԲ թիկունքը, եթե կարելի է այսպես ասել, դեմքով շրջված է դեպի մարդը` դեպի զինծառայողը: Մենք ձգտում ենք զինվորին հնարավորինս ազատել կենցաղային հոգսերից, այն հաշվարկով, որ նրա եռանդն ու ժամանակը ուղղված լինեն հիմնականում մարտական պատրաստությանը: Շատ խնդիրներ, որոնք նախկինում կատարում էր զինծառայողներից նշանակվող օրվա վերակարգը, այժմ արդեն պայմանագրային հիմունքներով իրականացնում են համապատասխան մրցույթներ շահած քաղաքացիական կազմակերպությունները: Լուրջ ուշադրություն է դարձվում զինծառայողների կենցաղային պայմանների բարելավմանը: Վերջին շրջանում շահագործման հանձնված բոլոր զորանոցներում կան բաղնիքներ, և զինծառայողները, ինչպես աշխարհի զարգացած երկրների բոլոր բանակներում, ամեն օր կարողանում են լողանալ և լինել մաքրակենցաղ: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին: Ես արդեն նշեցի, որ թարմ մթերք նրանք ստանում են ամեն օր, իսկ մյուս պարենը գտնվում է հենց հենակետերում կահավորված պահոցներում` կիսաֆաբրիկատ կամ պահածոյացված վիճակում: Անգամ դիրքերում կահավորվել են անձնակազմի հանգստի ու կենցաղի համար հնարավորինս բարվոք պայմաններ: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի հենակետերում կառուցվել են դաշտային ցնցուղներ: Նման աշխատանքներ իրականացվում են նաև մյուս զորամասերի մարտական հենակետերում:

Էապես բարելավվել է զինծառայողների սննդակարգը. ներկայումս այն ընդգրկում է շուրջ վաթսուն անուն առաջին և երկրորդ ճաշատեսակ, ինչը ոչ այնքան վաղ անցյալում անկարելի էր: Մեր առջև դրել ենք նաև թիկունքի շարժական հնարավորությունների մեծացման խնդիր և այն հաջողությամբ իրականացնում ենք:

Բնականաբար` կարևորում ենք մարդկային գործոնը: Թիկունքայինների մասնագիտական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ` հավաքներ, փորձի փոխանակման կոնֆերանսներ, ցուցադրական պարապմունքներ, որոնք տալիս են շոշափելի արդյունքներ:

Փաստ է, որ ՊԲ թիկունքը մարտունակ է՝ հագեցած իր առջեւ դրված խնդիրները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ինչպես նաեւ համալրված է արհեստավարժ անձնակազմով, ուստի և պատրաստ է կատարելու վերադաս հրամանատարության ցանկացած ցուցում:

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Ազգային բանակ


04/07/2013