Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԵՐԿԻՆՔԸ



ՀՕՊ ԶՈՐԱՄԱՍԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ լռեցվեցին Քարվաճառի ադրբեջանական կրակակետերը, և հսկողության տակ վերցվեց ռազմավարական կարեւոր նշանակության տարածքը, թշնամին մյուս ռազմաճակատներում անցավ հակահարձակման և ռազմական ինքնաթիռներով երկրորդ անգամ ռմբակոծեց Կապանը, առաջինը տեղի էր ունեցել 1992թ. դեկտեմբերին: Ռումբերից մեկն ընկել էր հացի հերթ կանգնած մարդկանց վրա. շատ էին զոհերը, վիրավորները: Կապանցիներից նրանք, ովքեր տեղաշարժվելու միջոցներ էին ունեցել, հասել էին Երևան: Այդ օրերին մայրաքաղաք էր եկել նաև բանաստեղծ Վաչիկ Եփրեմյանը, որ թերթերից մեկում իրեն յուրահատուկ հումորով գրեց. «…Ով կարողացավ` փախավ, ով մնաց, իրեն հռչակեց հայրենասեր», իսկ նորաստեղծ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ ընդհանուր լեզու չգտնող փոխգնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանը մտավ «Հայ զինվորի» խմբագրություն ու բղավեց. «…դուք ի՞նչ լրատվություն եք, Կապան գոյություն չունի…»:

Իրականում, քաղաքի ռմբակոծությունը նման էր սատկող կենդանու վերջին ջղաձգությանը կամ խեղդվելուց փրկվելու փորձ անողի վերջին աղաղակին: Ես մեկ շաբաթ առաջ էի եղել Կապանում և տեսել, թե ինչպես են տեղի ուժերը Միքայել Գրիգորյանի հրամանատարությամբ Սյունյաց աշխարհից թշնամուն դուրս մղում: Այո, այնտեղ ՀՕՊ ստորաբաժանումներ չէին եղել ու դեռևս չկային, եղած-չեղածը մի զենիթային գնդացիր էր, ու մեր լրատվությունից դժգոհող զինվորականը պետք է լավ իմանար, թե նորաստեղծ զինված ուժերի համար որքան շատ առաջնահերթություն պահանջող խնդիրներ կային այն ծանր տարիներին, հնարավոր չէր բոլոր հարցերը միանգամից լուծել: Այնուամենայնիվ, հենց նույն 1993թ. հունիսին սկսվեց տարածաշրջանի օդային սահմանների անվտանգության ապահովման համակարգի ստեղծումը: Տեղադրվեցին ռադիոտեղորոշման ու զենիթահրթիռային առաջին համակարգերը, մեկը մյուսի հետևից կազմավորվեցին մարտական դիվիզիոնները: Կարճ ժամանակում օդային նախկին բաց տարածքը վերածվեց բազմաշերտ պաշտպանությամբ անառիկ ամրոցի: Զորամասի ստեղծման ու զարգացման գործում իրենց կարևոր ներդրումն ունեցան գնդապետներ Ավդալյանը, Գևորգյանը, Վարդանյանը, իսկ այժմ այն գործում է գնդապետ Տ. Ասլիկյանի հրամանատարությամբ: Վերջինիս հետ էլ քննարկեցինք զորամասի մարտունակության բարձրացման հարցերը, միասին շրջեցինք փաստորեն հիմնովին վերակառուցված, վերասպառազինված բոլոր դիվիզիոններում, հետևեցինք մարտական հերթապահության իրականացման ընթացքին, մարզումներին:

-Նախ՝ պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում զորամասին: Ներդրվել են լուրջ միջոցներ ու ջանքեր, և ստեղծվել են կատարյալ պայմաններ կեցության համար, մարտական հերթապահության են դրվել Ս-300 զենիթահրթիռային համալիրները, որոնց միջոցով մենք կարողանալու ենք ամբողջությամբ ապահովել տարածաշրջանի օդային անվտանգությունը: Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահպանել ու շահագործել այս ամենը: Մարտական հերթապահությունը տարվում է մշտապես` ամեն օր, գիշեր ու ցերեկ: Մարտական հաշվարկները նույնպես միշտ տեղում են, հետևում ենք ամբողջ տարածաշրջանի օդային իրավիճակին, ուղեկցում անցնող բոլոր ինքնաթիռները:

Ուսումնական փուլն սկսել ենք փետրվարի սկզբին՝ մարտավարաշարային պարապմունքներով: Այնուհետև, առաջնորդվել ենք մարտական պատրաստության ծրագրով: ՀՕՊ մասնագիտական ծրագրով իրականացվել են չորս` ջոկ-դասակ, մարտկոց, դիվիզիոն և զորամաս ներդաշնակման խնդիրները: Վերջինս դեռ ընթացքի մեջ է: Ավարտին կանցկացնենք մարտավարական զորավարժություն: Մարտական ներդաշնակումն ամբողջությամբ ավարտվել է զենիթահրետանային մարտկոցների դաշտային ելքով, մարտական հրաձգությամբ: Դիվիզիոնների ներդաշնակումներից հետո մարտավարական զորավարժություններ են տեղի ունեցել դիվիզիոններում, որտեղ վարժանքները շարունակվում են: Ավիացիայի շրջաթռիչքներով զորավարժությունների ժամանակ բոլոր նշանակետերը հայտնաբերվել և ուղեկցվել են: Ամենակարևորը՝ դիվիզիոններից մեկը կատարել է ռազմերթ, որից հետո կատարվել է բացազատում: Այս զորավարժությունը ծառայեց իր նպատակին, հմտություններն ստուգեցին և կատարելագործեցին թե՛ մասնագետները, թե՛ վարորդները, ինչը շատ անհրաժեշտ է:

Անդրադառնալով կադրային խնդիրների հարցին` գնդապետ Տ. Ասլիկյանն ասաց.

-Կոլեկտիվ օգտագործման զենքի կիրառման ժամանակ կադրերի պատրաստվածության մակարդակը, հոգեբանական խնդիրները շատ են կարևորվում: Մեր սպաները հիմնականում երիտասարդ ու միջին տարիքի են, որոնք մասնագիտական կրթություն են ստացել արտասահմանյան (մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության) համապատասխան համալսարաններում և մեր ավիացիոն ինստիտուտում, այսինքն՝ հեռանկարային սպաներ են: Կրտսեր մասնագետները գալիս են ուսումնական զորամասից և, որպես կանոն, բավարար գիտելիքներ են ունենում: Ստորաբաժանումների մի մասն արդեն համալրվել է պայմանագրային զինծառայողներով, որոնք ծառայում են գիտակցաբար, բարեխղճորեն: Ճիշտ կադրային քաղաքականության շնորհիվ կարողանում ենք լավ վիճակում պահել տեխնիկան, ընթացիկ նորոգումների մեծ մասը կատարել տեղում՝ մեր ուժերով:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Զորամասի հրամանատարական կետը լավագույններից է համակարգում. ընդարձակ է՝ հագեցած անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, կենցաղային պայմաններով: Օպերատիվ հերթապահն այդ պահին մայոր Խաչիկ Հովհաննիսյանն էր, հերթապահ կապավորը` կրտսեր սերժանտ Միքայել Համբարձումյանը, կապավորը` շարքային Անուշ Հարությունյանը, իսկ գծագրոցավարներն էին շարքայիններ Լիլիթ Միրզոյանը և Մարո Դուրգարյանը, դիզելիստ-էլեկտրամեխանիկը` ենթասպա Էդիկ Հայրապետյանը:

-Վստահեցնում եմ, որ հերթապահ ուժերը մարտունակ են: Տարածաշրջանում պարբերաբար միջազգային թռիչքներ են լինում, որոնք մենք գրանցում եւ ուղեկցում ենք զորամասի բոլոր դիվիզիոնների մասնակցությամբ,-պարզաբանեց փոխգնդապետ Ա. Բեգլարյանը:

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՎԻԶԻՈՆՈՒՄ

Վերելքը հեշտ չտրվեց: Վարորդը Մհեր Գևորգյանն էր: Նա զորացրվելուց հետո էլ չի կարողանում կտրվել զորամասից: Տարիների սերտ կապը դժվար է միանգամից կտրել: Նրան այստեղ ծանոթ ու հարազատ են բոլոր քար ու թփերը: Ալպիական մարգագետիններում ես հինավուրց բերդ-ամրոցներ եմ որոնում, փնտրում ու չեմ գտնում, փոխարենը դիմացս հառնում են մեկնարկային վիճակի բերված հրթիռները, և լսում եմ փոխգնդապետ Հ. Մելյանի ձայնը` արդեն տեղ հասանք:

…Փոխգնդապետ Լ. Հովակիմյանն անկեղծ հպարտությամբ ցույց է տալիս շտաբն ու զորանոցը, հարմարավետ աշխատասենյակները, կենցաղի, հանգստի և տեղեկատվության սենյակները, ճաշարանը, սանհանգույցը, հոգևոր անկյունը, հեռուստացույցներն ու երաժշտական կենտրոնը, «Արարատ» պատի թերթը, «Սուր աչք» հումորի անկյունը, բուժկետը, վիրակապարանը, հերթապահ մասն ու հրամանատարական կետը… «Ոնց կուզեի զինվոր լինել ու այստեղ ծառայել»՝ ակամա խոստովանում եմ ինքս ինձ: Հապա մեկնարկային հրապարակներն ու պահեստնե՞րը. անհնար է տեսնել այս ամենն ու չարտահայտել հիացմունքը:

Դիվիզիոնի հրամանատարական կետում մարտական աշխատանքի ժամ էր: Այստեղ էին ավագ լեյտենանտ Գ.Գրիգորյանը, ավագ լեյտենանտ Հ.Հարությունյանը, ավագ լեյտենանտ Կ.Գրիգորյանը, օպերատորներ՝ շարքային Լևոն Բոյաջյանը եւ Դավիթ Ամիրխանյանը: Հերթապահ հրամանատարական կետում էին ավագ լեյտենանտ Կ. Գրիգորյանը և անձնակազմի մյուս անդամները:

♦♦♦

Այս դիվիզիոնի և ընդհանրապես զորամասի ձեռքբերումներում մեծ է փոխգնդապետ Լ.Հովակիմյանի ներդրումը: Նա քաջարանցի է: Քանի որ երազում էր օդաչու դառնալ, բանակ գնալիս խնդրում է, որ իրեն ուղարկեն ավիացիոն զորամաս: Ընդառաջում են: Այնտեղից գնում է սովորելու և ստանում է ՄԻԳ-25-ի նավիգացիոն մեխանիկի որակավորում, իսկ 1984-1989թթ. սովորում է պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում, որի ուսանողները հաճախում էին ռազմագիտության ՀՕՊ բաժինը: Աշխատում է հեռուստատեսային կայանի պետ, սերտորեն համագործակցում է երկրապահների հետ: 1992թ. դեկտեմբերին մտնում է ազգային բանակ, մեկ ամիս անց նշանակվում է ՕՍԱ-ԱԿ-ի հրամանատար:

-Զինվորների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն և համակարգին շատ լավ է տիրապետում:

♦♦♦

Դիվիզիոնի լավագույն սերժանտներից է ավագ զենիթային հրաձիգ Կարապետ Գյումջիբաշյանը: Նա սովորել է Երևանի թիվ 25 միջնակարգ դպրոցում, ապա ավարտել ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նրա ջոկը միշտ լավագույնն է եղել զորամասում: Կարապետը նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է թանկարժեք նվերով, խրախուսվել զորամասի հրամանատարի պատվոգրերով, կրծքանշաններով:

Քսան տարվա ընթացքում զորամասը փուլային զարգացում է ապրել ու միշտ ձգտել կատարելագործվելու: Կարևորն այն է, որ այստեղ վաղուց պատրաստ են պատերազմին, պատրաստ են պաշտպանելու հայ ժողովրդին, հայոց երկնքի, աշխարհի խաղաղությունը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/06/2013