Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է



ԵԶԴԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի` եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Սիաբանդ Բաքոյանը ծնվել է Թալինի շրջանի Բառոշ գյուղում: Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: Աշխատել է պատմության ուսուցիչ, քաղաքապետարանում` աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի պետ:

Արցախյան շարժման ժամանակ թիկունքում բավականին մեծ աշխատանքներ է ծավալել, հանգանակություններ կազմակերպել: Ամեն աշխատանք կատարել եւ կատարում է մեծ պատասխանատվությամբ: Օրերս էլ Ս.Բաքոյանը պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:

-Հայաստանն այն երկրներից է, որտեղ ազգային փոքրամասնությունները կարողանում են պահպանել իրենց ազգային ինքնությունը, մշակույթը: Ունենք թերթ, ռադիոժամ, տպագրվում են եզդիերեն դասագրքեր, եւ այս ամենը` պետական մակարդակով: Այս երկրում մենք մեզ լիարժեք քաղաքացի ենք զգում, – նշում է Սիաբանդ Բաքոյանը եւ շարունակում.

-Հայերի եւ եզդիների բարեկամությունը խոր արմատներ ունի: Դժվար, օրհասական պահերին միշտ էլ միմյանց զորավիգ ենք եղել: Վերջին ազատամարտի ընթացքում էլ եզդիները իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի սահմանամերձ տարածքներում ընթացող մարտերին:

Ավելի քան 500 եզդի, Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, հայերի հետ կողք կողքի մասնակցեց ազատագրական պայքարին: Այսօր էլ մեր երիտասարդները հայ երիտասարդների կողքին պատվով ծառայում են տարբեր զորամասերում: Բանակը մեր խաղաղության երաշխավորն է, պաշտպանում է մեզ թշնամուց: Ու, բնականաբար, մեր տղաներն էլ առանց վարանելու գնում են ծառայության: Երբ մեր զինվոր որդիները գնում են բանակ կամ վերադառնում են այնտեղից, մենք մատաղ ենք անում: Բանակի քեֆերին մասնակցում են նաեւ մեր բանակային որդիների հայ ընկերները:

Ավագ թոռս` Սուրիկը, վերջերս է զորացրվել: Դպրոցում գերազանց էր սովորում: Ընդունվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը: Երկրորդ կուրսից բանակ զորակոչվեց: Բարեխիղճ եւ նվիրված ծառայեց: Ծառայավայրից շնորհակալագիր ենք ստացել: Երկու անգամ գնացել եմ թոռանս ծառայության վայրը` զինվորական երդման ժամանակ եւ նրա ծննդյան օրը: Լավ տպավորություն եմ ստացել. զորամասում կարգ ու կանոն էր տիրում, սանիտարական պայմանները լավ էին, փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտ էր: Հիմա մյուս թոռս` Թիմուրն է գնացել: Նա էլ տնտեսագիտական համալսարանում է սովորում: Շատ եմ ուզում, որ ավագ եղբոր նման պատվով ծառայի եւ պատվով էլ վերադառնա: Բանակի ծառայությունն անհրաժեշտ է ամեն երիտասարդի համար, այստեղ նրանք է՛լ ավելի են ֆիզիկապես կոփվում, առնականանում, ավելի կարգապահ ու կազմակերպված դառնում: Մենք հպարտանում ենք, երբ մեր որդիները, թոռները իրենց լավ են դրսեւորում, հաջողություններ ունենում այս կամ այն ասպարեզում: Մշտապես հետաքրքրվում ենք, հետեւում, թե մեր զինվորները ինչպես են ծառայում բանակում: Այցելում ենք զորամասեր: Մեր ազգային երգ ու պարի համույթը իր գեղեցիկ կատարումներով հանդես է եկել տարբեր զորամասերում: Եղել ենք Շուշիում, այցելել ենք Անհայտ զինվորի գերեզմանին: Մոտակա ժամանակներում եւս նմանատիպ ծրագրեր ունենք: Մեր բոլոր զինվորներին` կարեւոր չէ` հայ, եզդի, թե որեւէ մեկ այլ ազգի, բոլորին խաղաղ երկինք եմ մաղթում, բարի ծառայություն եւ բարի վերադարձ:

Թող խաղաղ լինի աշխարհը:

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Բանակ և հասարակություն


27/06/2013