Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿԸ»



Արցախյան պատերազմի մասնակից, ՊՆ համալիրի պարետային ծառայության զինվորական պարետ գնդապետ ԱՐՇԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ դարձավ 50 տարեկան

Գիտեմ` իր համար մի քիչ դժվար է հավատալ, հաշտվել այդ իրողության հետ, մանավանդ որ, տեսքով շատ երիտասարդ է երևում, բայց բոլոր փաստաթղթերը վկայում են, որ Արշակ Ավետիսյանը ծնվել է 1963թ. մայիսի 26-ին Ջավախքի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում: Ընդհանրապես, զինվորականների համար ժամանակը շատ արագ է անցնում: Միշտ զբաղված լինելով, հաճախ օր ու գիշեր աշխատելով, նրանք չեն նկատում, թե շաբաթը երբ սկսվեց ու երբ ավարտվեց:

Գնդապետ Ա.Ավետիսյանին լավ ճանաչելու համար հարկավոր է ՊՆ վարչական համալիր մտնելիս խնդիրներ ունենալ կամ էլ որոշ ժամանակ կանգնել անցագրային կետում եւ հետևել գնդապետի ու նրա ենթակա անձնակազմի աշխատանքին: Բերեմ հաճախ հանդիպող մի օրինակ. սպան հեռու զորամասից մի շարք հանձնարարություններով եկել է մայրաքաղաք, առաջադրանքների մեծ մասը կատարել է, բայց ՊՆ համալիրում էլ գործ ունի, իսկ արտաքին տեսքն այն չէ: Խնդրանքները, բարեխոսությունները օգուտ չեն տալիս: Բայց մարդը եկել է պետական կարեւոր գործով: Եվ գնդապետ Ա. Ավետիսյանի հանձնարարությամբ սպային տրամադրում են պայմաններ ու միջոց, որ նա իրեն կարգի բերի ու պատշաճ տեսքով համալիր մտնի: Լինում են համանման բազմաթիվ դեպքեր:

Ծղալթբիլան մեծ գյուղ է, խորհրդային տարիներին ուներ հազար տնտեսություն: Արշակը 1980թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ 1982թ. մեկնել է բանակ: Ծառայել է նախկին Չեխոսլովակիայում: 1983թ. ընդունվել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը, սակայն մինչև վերջ չի սովորել:

-Մեր գյուղը գտնվում է Հայաստանի, Վրաստանի ու Թուրքիայի սահմանների հատման կետում: Մենք` գյուղի երեխաներս, մանկությունից զինվորականների էինք տեսնում, հետները շփվում: Երևի դա էր պատճառը, որ իմ սերնդի տղաներից մոտավորապես երեսունը սովորում էին տարբեր զինվորական ուսումնական հաստատություններում: Ամառները, երբ արձակուրդին գալիս էինք, ու ամեն մեկս մեր համազգեստով շրջում գյուղի փողոցներով, ժողովրդի վրա շատ մեծ տպավորություն էինք թողնում,- հիշում է գնդապետը ու կարճ դադարից հետո շարունակում,- այժմ էլ մեր բանակում մենք քիչ չենք: Իմ տվյալներով՝ երեսունհինգ հոգի ենք: Բայց, ափսոս, գյուղի բնակչության թիվը աճելու փոխարեն նվազում է, այնտեղ էլ արտագաղթ կա:

1988թ. Ղարաբաղյան շարժումն ու երկրաշարժը Արշակ Ավետիսյանին բերեցին Հայաստան` Գյումրի, Երևան, որտեղ անելու շատ-շատ գործ կար: Այդպես նա ներգրավվեց Շարժման մեջ, իսկ 1992թ. զորամասերից մեկում անցավ ծառայության ու նշանակվեց ականանետային մարտկոցի հրամանատար: Այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր, ու զորամասը ընտանիքին մի փոքր սենյակ էր տրամադրել: Մեծ աղջիկը երկու տարեկան էր, իսկ փոքրը նոր էր ծնվել: Ամուսնությունը զագսում չէր գրանցվել: Զորամասը տեղափոխվում էր: Մեկնելուց առաջ ընկերներից մեկը կեսկատակ-կեսլուրջ ասաց` «Գոնե զագսավորվիր, նոր գնա, որ քո զոհվելուց հետո գոնե կինդ կարողանա պետությունից իր հասանելիք հարյուր հազար ռուբլին ստանալ»:

Առաջնագծում հրետանավոր սպայի դերը շատ մեծ էր: Այնտեղ նա ստանձնեց հակատանկային զորամասի մարտկոցներից մեկի հրամանատարությունը: Գործելով Խնձորեսկի ուղղությամբ` նա համագործակցում էր տեղի երկրապահների հետ:

-Սանասարն ինձ զգուշացրեց, որ մարտի քսանմեկին և քսաներկուսին` ադրբեջանցիների տոնի օրերին, զգույշ լինենք և ոչինչ չձեռնարկենք, որովհետև նրանց ուժերը շատ էին, մերը` քիչ: Սանասարի խոսքը հաշվի չառնել չէի կարող: Այդ օրերն անցան, ու երկու զինվորների հետ գնացինք Կուբաթլուի մոտերքը` հետախուզության: Վերադարձին, երբ մառախուղը ցրվեց, տեսանք, որ շրջապատված ենք ադրբեջանցիներով: Թաքնվեցինք մոշի թփերի մեջ ու երկու ժամ անց կարողացանք վերադառնալ: Մեր բերած տվյալները տրամադրեցինք գնդապետ Ստեփան Մկրտչյանին: Դրանք կարևոր նշանակություն ունեցան հաջորդ օրերի կռիվների ժամանակ: Մենք քիչ էինք, բայց արդյունավետ էինք գործում: Ես հրանոթն օգտագործում էի ընդամենը մեկ զինվորի հետ: Այդ օրերին նրանց արկերից մեկն ընկավ մեր կողքը, բայց, բարեբախտաբար, չպայթեց: Շուտով ինձ տեղափոխեցին Կոռնիձոր: Այնտեղ Աշոտ Ղահրամանյանի հետ, այժմ նա Արմավիրի մարզպետն է, ականանետներով ճանապարհ բացեցինք ուղիղ Կուբաթլուի վրա: Մի քանի օր անց ադրբեջանցիները, չկարողանալով դիմադրել մեր ստորաբաժանումների ճնշմանը, լքեցին իրենց դիրքերը, քաղաքը ու նահանջեցին: Դա արդեն 1993թ. ամառն էր:

Ա.Ավետիսյանը վիրավորվեց Զանգելանում, բուժվեց ու կրկին շարք վերադարձավ: Պատերազմը նոր փուլ էր թևակոխել, և նա կրկին մեկնեց առաջնագիծ: Այս անգամ` Հորադիզ: 1994թ.-ի մարտերն ամենածանրն էին: Հակառակորդը հրետակոծում էր, գրոհում մեծաքանակ զրահատեխնիկայով, ռմբակոծում ուղղաթիռներով ու ինքնաթիռներով: Ձմռանն ու գարնանը տեղումները շատ էին: Ցեխի, ջրափոսերի մեջ զինվորները դժվարությամբ էին տեղաշարժվում: Գումարտակի հրամանատարը Ներսես Եղյանն էր, այժմ գնդապետ: Շատ կային մասնագիտական կրթություն ունեցող (կադրային) սպաներ, որոնք կռվեցին քաջաբար ու պահպանեցին ձեռք բերված բնագծերը:

Հրադադարից հետո Արշակ Ավետիսյանը հրետանային զորամասում նշանակվեց նախ ինքնագնաց կայանքի հրամանատար, այնուհետև` ուսումնական դիվիզիոնի շտաբի պետ: 2001թ. նա տեղափոխվեց գլխավոր շտաբ` զորքերի ծառայություն, որոշ ժամանակ անց նշանակվեց ԳՇ տնտեսական բաժանմունքի պետ: Երբ 2008թ. շահագործման հանձնվեց ՊՆ նոր համալիրը, գնդապետ Արշակ Ավետիսյանին վստահվեց պարետային ծառայության զինվորական պարետի պատասխանատու պաշտոնը: Հենց նրա ղեկավարած ծառայությունն է ապահովում համալիրի անվտանգությունը, հետևում կարգուկանոնին, կազմակերպում անցագրային ռեժիմը, այսինքն` զինծառայողների և քաղաքացիական անձանց մուտքը համալիրի տարածք, հետևում մաքրությանը:

– Մենք նաև կազմակերպում ենք ՊՆ և ԶՈՒ ԳՇ հյուրերի դիմավորումը, կոլեգիաների և խորհրդակցությունների համար ապահովում ենք դահլիճների անվտանգությունը: Ուժերը շատ չեն, բայց մարդիկ գիտակցում են, որ իրենց պատասխանատու ծառայություն է վստահված, և անում են ամեն ինչ, որպեսզի արդարացնեն վստահությունը և գոհացնեն մեր քաղաքացիներին:

-Լինո՞ւմ են այնպիսի այցելուներ, որոնց հետ դժվարությամբ եք փոխըմբռնման հասնում:

-Հաճախ մարդիկ գալիս են պաշտպանության նախարարություն` չիմանալով, թե իրենց հուզող հարցով ո՞ւմ պետք է դիմեն: Մենք ուսումնասիրում ենք նրանց խնդիրը և ճշտում, թե ուր և ում մոտ պիտի գնան: Դա մեր աշխատանքի մի մասն է: Երբեմն մարդիկ գալիս են մարզերից` գրպանում չունենալով վերադարձի գումար: Երբ համոզվում ենք, որ նրանք ազնիվ են ու անկեղծ, կա՛մ գումարով ենք օգնում, որ հետ գնան, կա՛մ էլ մեր աշխատողների մեքենաներով տանում ենք տուն ու վերադառնում: Դժվարությունները շատ են, աշխատանքը ծանր է, բայց մենք ընդհանուր առմամբ գոհ ենք մեր այցելուներից, մեր քաղաքացիներից: Նրանք սիրում են մեր բանակը, և շատ շատերն էլ գալիս են իրենց գոհունակությունը, երախտագիտությունը, անհրաժեշտության դեպքում` բանակին իրենց օգնությունն ու աջակցությունը ցուցաբերելու, պատրաստակամությունը հայտնելու համար:

– Կարո՞ղ եք ասել, որ անցած 50 տարիները Ձեզ համար իմաստալից էին, և գնդապետ Արշակ Ավետիսյանն իրեն երջանիկ մարդ է համարում:

– Երջանիկ մարդ ասելը գուցե փոքր-ինչ շատ կլինի, որովհետև մենք` նկատի ունեմ մեր ժողովրդին ու պետությունը, դեռևս հաղթահարելու լուրջ խնդիրներ ունենք: Բայց քանի որ ունեմ համերաշխ ընտանիք (կինս հոսպիտալում քույր-տնտեսուհի է, երկու աղջիկներս` ուսանողուհիներ), պատասխանատու ու պատվաբեր աշխատանք, անկեղծ ու նվիրված ընկերներ, ապա չեմ կարող դժգոհել իմ կյանքից, իմ ապրած տարիներից:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ճակատագրեր


06/06/2013