Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Ո՞Վ Է ԲԱՑԵԼՈՒ ԻՄ ՉԳՐՎԱԾ ՆԱՄԱԿԸ…»



Ասպրամ Ծառուկյանին՝ գրախոսության փոխարեն…

Ասպրամ Ծառուկյանը ծնվել է Անիի շրջանի Սարակապ գյուղում։ Պապերը գաղթել են Կարսից ու Ալաշկերտից։ Բնօրրանի կորստյան ցավը շաղախած Շիրակի դաշտի փուշ ու տատասկին՝ վերստին կառուցել են իրենց ծուխ-ծխանին, նոր ծնունդներով շենացրել այն։ Երկար տարիներ աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, «Առագաստ», «Ճեպընթաց» պարբերականներում։

1997թ.-ից ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այժմ ՊՆ աշխատակազմի հրատարակչական բաժնի խմբագիրն է։

Վերջին երեք տասնամյակների նրա ստեղծագործական աշխատանքի ստվար մասն ամփոփված է «Միայն թե դու ապրես…» երկհատորյակում, որը մեր ժողովրդի նորօրյա ազատագրական պայքարում թանկ զոհողություններով նվաճված հաղթանակի ու անկոտրում հավատի յուրօրինակ համանվագ է։

Այդուամենայնիվ, թույլ տուր խորհելու, թե որքան կիսատ-պռատ, թերի կլիներ մեր կյանքն ու կենսագրությունը, եթե մեր ճանապարհին չհանդիպեինք այն մարդկանց, որոնցից, հիրավի, լույս է ճառագում։ Մարդիկ, որոնք իրենց կյանքով, թանաքին արյուն խառնելով, գրում են երկրի կենսագրությունը։

Քո տողն անկեղծ է, ապրումներդ՝ վարակիչ։ Սրտիդ զարկերը ոչ միայն լսելի, այլև շոշափելի են, քանզի բոլոր տողերդ ապրված են, հոգով ու սրտով ապրված… Հերոսուհուդ՝ Գետաշենի դպրոցի ուսուցչուհի Թամարա Առուշանյանի լեզվով խոսում են մեր Ցավն ու Կարոտը. «Առավոտյան Թամարա Առուշանյանը նայում է Արարատ լեռան կողմն ու ասում՝ բարի լու՛յս, Գետաշե՛ն։ Շոյում է նորատունկ բալենու բունն ու հառաչում՝ ա՜խ, Գետաշեն…»։

Սիրելի՛ Ասպրամ, պիտի ասեմ, որ դու խրամատի զինվոր ես, չզորացրվող զինվոր, որի ծառայությունը գնահատվում է ոչ թե օրերով, այլ տարիներով և, ինչու չէ, դարերով…

Քո գրքի հերոսները ոչ միայն մեզ ծանոթ մարդիկ են, նրանք իմ հերոսներն են նաև, հերոսներ, որոնց ոչ միայն անելիքն է շատ, այլև ասելիքը, իսկ այդ ասելիքը… Այդ «չգրված նամակը» բացելու ենք՝ Ես և Դու։

Սիրելի՛ Ասպրամ…

Ասում են՝ գրողը գիր է, իսկ գիրը՝ հայրենիք… Դու մի պատառ հայրենիք ես, քո արածը հայրենաստեղծություն է, և սա է մեր վարձքը երկրի վրա (իսկ գուցեև առաքելությունը), սա է վարձքը այն անքուն գիշերների, անլուր տառապանքների… Բոլոր գիր ստեղծողներս էլ քաջ գիտակցում ենք, որ մեր վարձքը երկրի վրա մեր մատների կոշտուկներն են, որից ոչ թե նեղվում, այլ նորից ու կրկին շարունակում ենք գրել ու գրել, որ լույսն ու բարին շատանան ու, գուցեև, մի օր էլ տիրական դառնան…

Քո վերջնավճիռը՝ «Բոլորս մեր հողի զինվորն ենք», նաև իմն է ու շատերինը, իսկ գրող-լրագրող-հրապարակախոսի քո հավատամքը՝ նույնպես ու նմանապես. «Պատմության փոքրիկ դրվագն իսկ պետք է փրկել մոռացումից»։

Ծանոթ ու սիրելի են քո հերոսները՝ Լեոնիդը, Կարոտը, Սիմոնը (Աչիկգոզյան), Ասկոլկան, Պետոն, Թաթուլ Կրպեյանը, շատե՜րը…

Որոշ ակնարկներ նովելի գեղարվեստական արժեք ունեն՝ իրենց հակիրճության, բուռն ընթացքով, անսպասելի լուծումներով։ Խոսուն են փաստերը, իսկ ավելի ճիշտ, ինքդ ես խոսեցնում դրանք, շունչ ու ոգի ներարկում, արժևորում։

«Կիսախավար փողոցով քայլում էի դեպի տուն ու լուռ աղերսում. «Աստվա՛ծ, առողջություն տուր զինվորին, որ բոլորիս կյանքի համար է մարտնչել»։ Գիշերային Երևանը չէր արձագանքում։ Տարօրինակ համակերպվածությամբ տրվել էր օտար հեռուներից ներխուժած գայթակղություններին ու մեղավոր լռում էր։ Անվերադա՞րձ ենք հեռացել 1988թ. Մեծ ներշնչանքից… Քամին պոկեց ծառերի տերևներն ու տարավ իր հետ։ Մերկացած ճյուղերը հույսի աղոթք մրմնջացին առ երկինք, բայց չվելու պատրաստվող թռչունները, ասես, կտցահարեցին նրանց աղոթքը»։

Սիրելի՛ Ասպրամ…

Քո հոգու, մտքի, կամքի ու ներկապնակի գույներն ես փնջում ու նվիրում մարտիկին, հրամանատարին, բժշկին, գիտնականին, հասարակական գործչին, երկրիս շարքային քաղաքացուն, բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կիսում են երկրի հոգսերը…

«Նրանցից յուրաքանչյուրն Արցախյան ազատամարտում անուրանալի ներդրում ունի, յուրաքանչյուրի մարտական ուղու մասին ոչ թե հոդված, ձոնե՜րգ պիտի հյուսել… Յուրաքանչյուրը, անկախ քաղաքացիական կյանքում իր կատարած գործից, մանկավարժ, ինժեներ, հողագործ, այսօր իր հոգու բոլոր թելերով կապված է բանակին, սիրով է վերաբերվում ու նվիրված է զինվորին։ Այդ սիրո մեջ ավագ եղբոր, հոր, հարազատի սրտացավություն կա։ Տարիքով շատ մեծ չեն զինվորներից, բայց պատերազմն իր ծանր կնիքն է թողել նրանց հայացքներում։ Իրենց մասին խոսքում ժլատ են, բայց ինքնամոռաց պատմում են զինվորների ծառայությունից.. Սպայի պատմության մեջ անցյալ ու ներկա խառնվել են. ռումբի պայթյուն կա ու գարնան բողբոջի պայթյուն, մահ կա ու ծնունդ»։

Այսպիսի տողերով ես բնութագրում քեզ հանդիպած սպաներին։

Շողակն ղողանջ է նաև Հայ Դատի նվիրյալ, 19-ամյա Համբիկ Սասունյանի մասին պատմող «Արարատի կարոտով» ակնարկը, որն անհնար է ընթերցել առանց հուզմունքի։ Իսկ Համբիկ Սասունյանի՝ քեզ ուղղված նամակը, մեջբերելուց առաջ վստահաբար պիտի ասեմ՝ ինչ էլ որ ասենք, ինչ էլ որ գրելու լինենք «Միայն թե դու ապրես» գրքի ու նրա հեղինակի մասին, թերի կլիներ՝ առանց Համբիկ Սասունյանի խոսքի։ 2012թ. մարտի 3-ին թվագրված իր նամակում Համբիկը գրում է.

«…Ձեր «Ես պիտի զոհվեմ, որ դու ապրես» գիրքը կարդալով՝ խոր տպավորվեցի և հպարտացա, որ ծնվել եմ Հայ, հոյակապ մի ազգի զավակ, որի կյանքը պայքար է ու պատվո օրինակելի խորհրդանիշ։ Ոչ ոք անարդարության ու չարի դեմ այդքան պայքարած չէ, որքան Հայը։

Հայը ցմահ թշնամի է տմարդի, խեղճ ու պատվազուրկ մարդոց, որոնք շարունակ ազատության և արդարության մասին են խոսում, բայց իրենք են թշնամիներն այդ բոլոր Արժեքների…»։

Վստահ եմ՝ մի օր պիտի հանդիպենք, հուսամ՝ մոտ ապագայում։ Իմ շատ բարևները բոլոր սիրելիներիդ, բոլոր զինվորներին։

Քո գրչակից ու ծառայակից ընկերուհի՝
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Հոգևոր-մշակութային


06/06/2013