Հայերեն | На русском | In English
«Հայ զինվոր» թերթում կարդացի հայկական բանակի քաջարի զինվոր, ողբերգական պատահարի զոհ դարձած շարքային Գոռ Գալստյանի մասին լրագրող Ալիսա Ալավերդյանի գրած ակնարկը։ Քանի որ Գոռը ծառայել է այն զորամասում, որտեղ ես աշխատում եմ որպես գրադարանավարուհի և անձամբ ճանաչել եմ նրան, որոշեցի թղթին հանձնել իմ մտորումները այդ հայրենասեր և շնորհալի պատանու մասին։
-Բարև, սիրելի՛ Գոռ, բարև թխահեր, սև աչքունքով իմ զինվոր տղա։ Լավ հիշում եմ մեր առաջին հանդիպումը։ Ծառայակից երկու ընկերներիդ հետ մտար գրադարան և նրանց ցույց տալով պատին փակցված օրացույցի լուսանկարներից մեկը, ասացիր` Քեռիս է, և հայացքդ շրջելով իմ կողմը` հպարտ- հպարտ կրկնեցիր` Սաշիկը քեռիս է։
-Ո՞վ ես, տղա՛ս, հավանաբար, մեր կողմերից ես, արմատներդ այստեղի՞ց են,- հետաքրքրվեցի ես։
-Սաշիկը մորեղբայրս է,- մտքերի մեջ սուզված` արտաբերեցիր։
Բոլորի կողմից անչափ սիրված ու հարգված Սաշիկը, կամ ինչպես համագյուղացիներն էին ասում, Սաշկոն, Վահան գյուղի ինքնապաշտպաններից էր, զոհվեց գյուղի հրետակոծության ժամանակ։
-Բարև, սիրելի՛ զինվոր։
Գրեթե ամեն օր այցելում էիր գրադարան, և քո ամեն այցից հետո ինքս ինձ ասում էի` ինչ ընթերցասեր տղա է, կեցցես, որ սիրում ես գիրքը, գրքի հետ բարեկամություն ես անում, ապրեն ծնողներդ, որ նման հրաշալի զավակ են լույսաշխարհ բերել։ Ամեն անգամ, երբ հարցնում էի` ինչպե՞ս ես, ինչպե՞ս են գործերդ, միշտ նույն պատասխանն էիր տալիս.
-Ամեն ինչ կարգին է, տիկի՛ն Թորոսյան։
Այսօր այս փոքրիկ երկխոսությունը, ինչպես հիշողության մի պատառիկ, արդեն դարձել է հուշ, անցնող օրերի մեջ կորստյան ցավի անդադար հնչող մեղեդի։
Քո մասին չեմ ուզում խոսել անցյալ ժամանակով։ «Հայ զինվոր» թերթի ակնարկն էլ էր դիպուկ վերնագրված` «Գոռն ապրում է», և ես էլ մտքերս ուզում եմ շարադրել ներկա ժամանակով, որովհետև զգացողությունս է այդպիսին. դու կաս, ապրում ես քո ծառայակից ընկերների խոսք ու զրույցի մեջ, պատմություններում, որոնք այնքան հուզառատ են և հետաքրքիր։ Միշտ խոսում ենք քո շնորհների մասին, այն մասին, թե ինչ անուշ ես երգում։
Քաջարի զինվոր, զինվորական պարտքդ կատարելիս զոհվեցիր Հարութ ընկերոջդ հետ, և ամենազորեղ միտքն ու բառերն անգամ անկարող են սփոփելու ու մխիթարելու ծնողներիդ, հարազատներիդ, ընկերներիդ, քո խորոտիկ հարսնացուին։
Այս մտքերը շարադրում եմ քո ծննդյան օրը և քնքշորեն ու մեղմորեն շշնջում` ծնունդդ շնորհավոր, հայրենյաց պաշտպան, քաջարի զինվոր։ Անկատար երազանքներդ թողեցիր հերոսական բարձունքներին սավառնող աղավնիների թևերին։ Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի Գոռ։
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
զորամասի գրադարանավարուհի
13 ապրիլ 2013թ.