Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԹՈՂ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ...»
«ԹՈՂ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ…»

Արցախյան պատերազմի տարիներին նա ահ ու սարսափ էր տարածում թշնամու շարքերում, թեեւ իրականում չափազանց մարդասեր էր ու բարի: Հակառակորդը նրան «Դուշման» էր կոչում, մինչդեռ նա մեր սիրելի Վարդան Ստեփանյանն է՝ ռազմի դաշտի հզոր մարտիկն ու նվիրյալ հայը, արժանի զավակն ու սիրելի եղբայրը:

ՄԱՆՈՒԿ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱՐԴԱՆԸ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՉԱՐԵՆՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՏ

Փոքրիկ միջանցքը տանում է Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի գրադարանային հատվածը: Վարդանի քույրը` Արմինեն, Երևանի Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, ցույց է տալիս ընտանեկան գրադարանը, որտեղ ինքն ու եղբայրը մանուկ հասակում հաճախ էին խաղում և գրքեր ընթերցում: Հատկապես` արկածային գրականություն, որոնցում գտնում էին դրվագներ, երբ հերոսները կտորներից օդապարիկներ էին պատրաստում ու բարձունքից ցած թռչում: Նրանց օրինակով իրենք էլ տարբեր շորերից, ինչպես նաև մաշված վարագույրներից օդապարիկներ էին պատրաստում, բարձրանում մի քանի մետր ձգվող գրադարակների վրա և թռչում. «Ես հիմա էլ զարմանում եմ` ինչպես չէինք վնասվում»,- հիշում է Արմինեն, հենվում գրադարակին և թախծում` «Մեր երեխաներն ի՛նչ մեղք են՝ ամբողջ օրը համակարգչի առաջ: Մարմինը չի աշխատում»: Բացի արկածային գրականությունից, Վարդանը սիրում էր պատմական գրքեր ընթերցել: Նա դպրոցական տարիքից առանձնահատուկ վերաբերմունք ուներ ընթերցանության հանդեպ, իսկ գրադարանում իր մոր՝ Զարիկ մայրիկի ամենահավատարիմ օգնականն էր:

Բացի այդ, Վարդան Ստեփանյանը չափազանց չարաճճի և աշխույժ երեխա էր: Նրան հանգստացնելու համար Զարիկ մայրիկը անսովոր մի հնար էր հայտնաբերել. «Որպեսզի հանգիստ գնա աշխատանքի, մայրս Չարենցի նկարը դնում էր Վարդանի դիմաց, եւ նա հանկարծ հանգստանում էր ինչ-որ մոգական զորությունից եւ սկսում էր զրուցել նկարի հետ,- պատմում է Արմինեն:- Մի առիթով, երբ ընթերցողները հարցրել են, թե Վարդան, ի՞նչ է պատահել Չարենցի հետ, նա պատասխանել է` «Մեր հողերն ուզեց, չտվեցին, մելավ»: Հողի խնդիրը միշտ եղել է նրա համար»:

«ՎԱՐԴԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷՐ»

Արցախյան պատերազմի նախաշեմին զենքի պակաս էր զգացվում: Հայկական ուժերին զենք մատակարարելու կարևորագույն և վտանգավոր գործին լծվում է նաև Վարդան Ստեփանյանը: 1989 թվականին նա հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից Հայաստան է հասցնում զենք ու զինամթերք: Քույրը հիշում է. «Վարդանը նաև չափազանց հրապուրիչ երիտասարդ էր: Գնաց Ռուսաստան՝ զենք տեղափոխելու, ու մինչ օրս ռուս աղջիկները սիրահարված են նրան»: Բայց նրա միակ սերը հայրենիքն էր:

ՄԱՐԴԱՍԵՐ ԷՐ ՈՒ ԱՆՎԱԽ ՄԱՐՏԻԿ

Վարդանը սիրում էր երեխաներին, պատահական չէ, որ նրա տուն-թանգարանի պատից կախված է Աֆղանստանից բերված մի լուսանկար, որում պատկերված է մի աֆղանցի աղջնակ: Նա նաև սիրում էր կենդանիներին: Բայցև ատում էր մարդկային չարությունը. «Երբ Աֆղանստանից եկավ (Վարդանը 1984թ. կամավոր ծառայության է մեկնել Աֆղանստան), ասաց` «Ամենասարսափելի գազանը մարդն է»: Նա ճիշտ էր, միայն մարդն է, որ իր տեսակին, այն էլ լավին ոչնչացնելու համար ամեն ինչի պատրաստ է»,- ասում է քույրը:

Վարդանը հաճախ էր կրկնում` ամեն մարդ թող իր գործով զբաղվի. «Հիմա տեսեք` բոլորը քաղաքականացված են, երեխան գալիս է դպրոց, քաղաքականությունից է խոսում, խենթանալիք է,- նշում է Դուշմանի քույրը ու հավելում,- եթե Վարդանի ասածին մարդիկ հետևեին, հրաշք կլիներ այս երկիրը»: Մեր զրույցն ընդհատվում է հեռախոսային զանգով, Արմինեի որդին է զանգում, ծառայում է ՀՀ զինված ուժերում: Մայրը զավակի որպիսությամբ է հետաքրքրվում, մի քանի խրատ է տալիս ու ավարտում: Որդու անունը նույնպես Վարդան է:

Հետաքրքրվում եմ, թե ինչպիսին էր պատերազմը Վարդանի ներկայացմամբ. «Պատերազմը շատ դաժան բան է: Բայց Վարդանը պատերազմից չէր խոսում: Պատերազմի մասին բուն մասնակիցները ոչինչ չեն խոսում: Դրանով ես տարբերակում պատերազմին իսկապես մասնակցած անձանց»,- նշում է նա: Իսկ պատերազմում հաղթելու համար Վարդանը պատրաստ էր ամեն ինչի, նրա համար նաև նշանակություն չուներ կուսակցական պատկանելությունը. «Միշտ ասում էր` Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, միայն ազգիս ծառայելու հնարավորություն ստեղծվի»,- նշում է Արմինեն: Զրույցի ավարտին Արմինեն ցույց է տալիս Վարդանի ձեռքի գործերը` փայտե բաժակներ, խաչքար, արձանիկներ, ասում է, որ եղբայրը վճռել էր պատրաստել 13 բաժակներ` Վանա լճի ափին «Ախթամար» կոնյակով մեր վերջնական հաղթանակը տոնելու…

ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ