Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ



ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Դեռ Մարտակերտի նահանջի օրերին ԼՂՀ-ում սկսվեց կանոնավոր բանակի հաստիքային կառուցվածքի մշակումը, ինչը, կյանքի կոչվելով անմիջապես մարտերի ժամանակ, ենթադրում էր փոխել գործող կապի ողջ համակարգը: Եվ ստեղծվեց զինվորական կապի կազմակերպման դասական կառուցվածք:
Սա առավելապես կազմակերպական հարց էր, որի լուծման համար հարկ էր հստակեցնել զորքերի ենթակայությունը, որից հետո միայն պարզ կդառնար, թե որ ստորաբաժանմանը կապի ինչ միջոցներ են անհրաժեշտ, հանգուցային կայանները որտեղ պիտի տեղակայվեն եւ ըստ այդմ՝ ով ինչ հաճախականություններում է աշխատելու, որոնք են հիմնական եւ որոնք՝ պահեստային հաճախականությունները, կապի որ կայանքն ում հետ է համագործակցելու եւ այլն:
92-ի ծանր ամռանը, երբ Մարտակերտը գյուղ առ գյուղ հանձնվում էր, իսկ Ստեփանակերտն օդային հարվածներից շենք առ շենք ավերվում, ու ոչ ոք չգիտեր, թե ինչ է բերելու վաղվա օրը, սկսվեց պաշտպանության բանակի կապի կազմակերպման այժմյան կառուցվածքի մշակումն ու կիրառումը: Եվ հակահարձակման ժամանակ կապի կազմակերպման ու հետեւաբար՝ զորքերի ղեկավարման ասպարեզում որեւէ խափանում չեղավ:
Մարտակերտի ճակատում ստեղծված օրհասական պայմաններում, ի լրումն եղածի, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ամեն գնով փորձում էին գծալարային կապի համակարգ ստեղծել: Եվ նրանց ուժերով անցկացված առաջին ու ամենախոշոր կապուղիները Ստեփանակերտից հասան Մարտակերտ ու Հադրութ:
Շրջանն ազատագրվում էր, եւ խոշոր այդ գործողության ընթացքում կապավորները միայն կապի ապահովմամբ չէ, որ զբաղվում էին: Հետեւակի հետ եւ՛ նահանջում էին, եւ՛ հարձակվում, ենթարկվում ավիացիայի հարվածներին. Չլդրանում հրետակոծության ժամանակ կապավորը մնաց հողի տակ, բայց տեսնելով ձեռքի ափն ու դաստակը, մարտընկերները կարողացան փրկել: Իսկ Պողոսագոմերի համար մղվող կռիվներում կապավորները փրկարարների հետ կրակի տակից վիրավորներ էին հանում:
Հակահարձակման ընթացքում մեծ աշխատանք կատարեցին հատկապես Մարտակերտի կապավորները՝ պաշտպանական շրջանի առաջին կապի պետ Կարեն Ասատրյանը, Արթուր Երեմյանը, Վիգեն Ասատրյանը, ովքեր էլ ձեւավորեցին զորամասի կապի համակարգը, ստեղծեցին կապի հանգույցը:

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հյուսիսային Արցախի անկումից հետո շրջանային հիվանդանոցի բուժանձնակազմը ցաքուցրիվ եղավ, իսկ հոսպիտալը նահանջեց Դրմբոն, Կուսապատ, Չլդրան, որտեղ էլ վիրահատության ժամանակ արկի պայթյունից վիրավորվեցին բուժքույրեր Անժելա Հարությունյանն ու Անյուտա Թադեւոսյանը: Ի վերջո՝ հոսպիտալը տեղակայվեց ճակատի գծից ընդամենը 1,5-2 կիլոմետր հեռու՝ Առաջաձորի մերձակա «Ցեխձոր» կոչվող հատվածում: Այստեղ հավաքվեցին նաեւ բռնազավթած շրջանի բուժանձնակազմի բեկորները, մինչեւ կգործեր նաեւ շրջանային հիվանդանոցը: Բժիշկները՝ Արցախ Բունիաթյանը, անընդհատ այստեղ գործուղվող Արշակ Գասպարյանը, Արթուր Պողոսովը, Սերգեյ Մովսիսյանը, Կարեն Բազյանը, Գեւորգ Գրիգորյանը, Մեսրոպ Մարգարյանը եւ մյուսները վրաններում անցկացրին 1992-93 թվականների ահավոր ձմեռը, վիրահատելով հարյուրավոր ծանր վիրավորների: Երբեմն վիրահատական սեղանները չէին բավարարում եւ վիրահատում էին… պատգարակների վրա:
Հակահարձակման նախօրեին, երբ թշնամին Խաչեն գետի կամրջին տիրանալու նպատակով Կիչան-Սրխավենդ ուղղությունում հզոր հարձակում ձեռնարկեց, արկերը հոսպիտալից հազիվ 150-200 մետր հեռվում էին պայթում, պաշտպանությունն ամեն պահի կարող էր ճեղքվել, բայց վիրահատությունները շարունակվում էին: Հասկանալով, որ հոսպիտալի նահանջը կընկճի ուժերի վերջին լարումով դիրքերը պահող մարտիկներին, բուժանձնակազմը, թեեւ վերատեղակայման խնդիրը թողնվել էր իրենց հայեցողությանը, մնաց տեղում, մինչեւ սկսվեց հակահարձակումը:
Հոսպիտալը սպասարկեց նաեւ հունիսի 27-ին Պուշկին յալի ու հեռուտաաշտարակի ազատագրման ժամանակ վիրավորված մարտիկներին:
Առաջաձորում էր գտնվում նաեւ Ասլան Գրիգորյանի ղեկավարած ԼՂՀ փրկարար ծառայության Մարտակերտի շտաբը: Փրկարարները, որոնք 92-ին հիմնականում Մարտակերտում էին, մասնակցեցին հակահարձակման բժշկական ապահովմանը եւ շրջանն ազատագրող ուժերի հետ գնացին առաջ՝ Կիչան, Չլդրան, Դրմբոն, Վաղուհաս, Մատաղիս…

ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ

Մարտակերտի ճակատում հակաօդային պաշտպանության ապահովումն ավելի վաղ էր սկսվել, դեռ նահանջի օրերին, ապա՝ 93-ի հունվարին, ադրբեջանական բանակի հուսահատ հարձակման ժամանակ: Միայն հունվարի 15-ին Մարտակերտի ճակատում ԼՂՀ ՀՕՊ անձնակազմերը թշնամու երեք ինքնաթիռ ոչնչացրին. պարաշյուտի միջոցով փրկված վարձկան օդաչուներ Չիստյակովն ու Բելիչենկոն բռնվեցին: Իսկ հունվարի 20-ին «Կրուգ» համալիրի հաշվարկը ոչնչացրեց եւս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ: Թերեւս դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ ադրբեջանական օդուժը իրական աջակցություն չցուցաբերեց իր խուճապահար նահանջող զորքերին: Իսկ հակահարձակման առաջին փուլի ավարտին՝ մարտի 20-ին, «ՕՍԱ-ՕԿ» մարտական մեքենայից արձակված հրթիռներով Կուսապատի մերձակայքում խոցվեց թշնամու ուղղաթիռը:
Հարկ է նաեւ նշել, որ Ղարաբաղում զորային ՀՕՊ միջոցները ցամաքային նշանակետերի վրա բավական հաջող էին աշխատում, ու Մարտակերտի ճակատը եւս բացառություն չէր: «Ստրելա-10»-երի հրթիռները Մարտակերտում բավական զրահատեխնիկա խոցեցին, իսկ «Շիլկաների» դերը մեծ էր հատկապես Սրխավենդն ազատագրելիս, երբ ուղղակի ավերեցին թշնամու ամրացված կրակակետերը:
♦♦♦
Փետրվարյան հակահարձակման առաջին իսկ օրը, անցնելով Կիչանի թիկունք եւ ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, ինքնապաշտպանական ուժերը, երեք ուղղություններով զարգացնելով հարձակումը, մեկ շաբաթում ազատագրեցին Չլդրանը, Ղազանչին, Պողոսագոմերը, Դրմբոնը եւ վերահսկողություն սահմանեցին Մարտակերտ-Քելբաջար ռազմավարական նշանակության ավտոճանապարհի վրա, փետրվարի երրորդ տասնօրյակում՝ Հարությունագոմերը, Կճողուտը, Գյուլաթաղը, Ջանյաթաղը, Մանիքլուն, Չինգյաթաղը, ապա Գետավանը, Հաթերքը, Զագլիկը, Ումուդլուն, մարտի 3-ին՝ Սարսանգի հիդրոհանգույցը, հետո Մեծշենը, Մաղավուզը, Մոխրաթաղը, Հակոբ Կամարին… Ապա սկսվեցին Մարտակերտ քաղաքը վերահսկող Հեռուստաաշտարակի եւ «Պուշկին յալ» բարձունքների տեւական մարտերը: Ինքնապաշտպանական ուժերը սեպի պես խրվել էին թշնամու բնագծերի մեջ, երեք կողմից կրակի տակ էին, ու հեռուստաաշտարակի բարձունքը դեռ մնաց թշնամու ձեռքում, եւ ղարաբաղյան ուժերը Մարտակերտ քաղաքն ազատագրեցին հունիսի 27-ին:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


03/03/2011