Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ



Արա Հարությունյան

Ծնվել է 1968թ.-ին փետրվարի 2-ին, Էջմիածնի Ակնալիճ գյուղում։

1975-1985թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։

1985թ.-ին ուսումը շարունակել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումում։

1986-1988թթ. խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում։

1988թ.-ին մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին։

1989թ.-ին ընդունվել է Երևանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ։

1989-1993թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանական գործողություններին՝ Երասխ, Հադրութի Էդիլլուի ձորակի, Հողեր, Չիման, Մելիքաշեն, Բլութան, Մարտակերտի, Հաթերքի և այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին։

1992թ.-ին արդեն հրամանատար Մանվել Գրիգորյանի տեղակալն էր մարտական գծով։

1993թ.-ին ստացել է կապիտանի կոչում։

Հերոսաբար զոհվել է 1993թ. ապրիլի 5-ին, Հադրութի Կավաքասար բարձունքի անհավասար մարտում։

Պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով. «Արցախի մայրական երախտագիտություն», «Վազգեն Սարգսյան», «5-րդ բրիգադ» մեդալներով։

1994թ.-ից ծննդավայրի միջնակարգ դպրոցը կրում է հերոսի անունը։

…Ապրիլի 5-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Արա Հարությունյանի զոհվելու 20-ամյակը։ Նշվեց հանդիսավոր, իսկական հերոսին վայել։ Արշալույս գյուղի զոհված հայորդիների պանթեոնից, որտեղ հուղարկավորված է Արան, սկիզբ առավ հուշ-ցերեկույթը, որին մասնակցում էին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Ծաղկեպսակներ դրվեցին Երկրապահ կամավորականների միության, պաշտպանության նախարարության, Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետարանների կողմից և ծաղիկներ, ծաղիկներ՝ բազմերանգ, բազմաթիվ ու բազմախոս՝ հերոսի մարտական ընկերների, հարազատների, հյուրերի, ազգաբնակչության կողմից։ Խրոխտ ու ձիգ կանգնած են պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի զինծառայողները՝ նրանց կողքին հայոց եռագույնն են ծածանում փոքրիկ հրաշամանուկները՝ զինվորական համազգեստով պատանի երկրապահները։ Խնկի բույրը խառնվել է Արարատյան դաշտավայրի ծաղկած ծառերին՝ ծիրանի ու սալորի, խնձորի ու տանձենու բույրերին…

Այնուհետև մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ակնալիճ գյուղի զոհված ազատամարտիկներին՝ նույն կերպ, նույն ոգով։ Հայրենասիրության դաս էր՝ ոգևորող և ոգեշնչող, որը շարունակվեց Արա Հարությունյանի անվան Ակնալիճի միջնակարգ դպրոցում։ Հերոսի կիսանդրին ողողված է ծաղիկ-պսակներով, և խոնարհ հերոսին զարդարող մեղմ ժպիտով, բարությամբ ու վճռականությամբ Արան դիմավորում է դպրոց ներս մտնողի։ Պատանի երկրապահ Զարզանդը հպարտորեն ասում է. «Ես որ մեծանամ՝ դառնալու եմ Արայի նման հերոս»։ Դպրոցի աշխատակից, Արա Հարությունյանի դասընկերուհի Անուշ Անդրեասյանը ցույց տալով իրենց դասարանի ավարտական լուսանկարը, հիշում է. «Վերջին զանգին Արայի հետ գնացել էինք պաղպաղակ բերելու, մինչև հետ եկանք, արդեն լուսանկարվել էին։ Հետո, երբ պետք է միասին վալս պարեինք, ես խռովեցի, հրաժարվեցի. «Կպտտացնես՝ կընկնեմ»։ Արայի հետ պարեց Լարիսան։ Հետո ամեն ինչ մոռացվեց, և հրաշալի օր եղավ։ Արան, մեր Արան, հրաշալի, յուրահատուկ անձնավորություն էր»։

Արդեն 72-ամյա ազատամարտիկ Սաշա Բաղդասարյանը վերհիշում է հեռավոր պատերազմական այն օրերը. «Երբ պաշտպանության նախարարությունից մեր զինկոմիսարին հանձնարարում են, որ գյուղից մարդիկ ուղարկեն ազատամարտ, մեր զինկոմը ծիծաղում է. «Ակնալիճում մնացել են միայն կանայք, բոլոր տղամարդիկ ռազմաճակատում են»։ Մարտնչում էին Մանվել Գրիգորյանի, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ։ Գյուղը 14 զոհ տվեց, որոնցից մեկն էլ Արան էր. «Խելացի, հայրենասեր հայորդի, կատարում էր իր առջև դրված բոլոր պարտականությունները, մարտնչում էր որպես իսկական հայ, մշեցի և սուրմալեցի ծնողների իսկական ժառանգ»։

Դպրոցի նախկին տնօրեն, Արայի մաթեմատիկայի ուսուցիչ Լենդրուշ Ասատրյանը հպարտությամբ է հիշում իր սանին. «Դեռ խորհրդային տարիներին, երբ արտասահմանյան որևէ երկրում ազատության, անկախության համար ցույցեր էին կազմակերպում, Արան միշտ ասում էր. «Մենք ինչու չենք կազմակերպում, ինչու չենք պայքարում մեր ազատության, անկախության համար»։ Իսկ երբ վերադարձավ Աֆղանստանից, ասաց. «Այ հիմա իսկական մարտիկ եմ դարձել, եթե գա պահը՝ ես իմ հայրենիքի զինվորն եմ»։ Եվ շատ չանցած՝ եկավ այդ պահը, և Արան դարձավ հայրենիքի նվիրյալ զինվոր»։

Ակնալիճ գյուղի միջնակարգ դպրոցի Փառքի սրահ-թանգարանը իր դռները բացեց ներկաների առջև։ Գեղեցիկ, ճաշակով ձևավորված թանգարանի ամեն մի հատված մասունք է, հիշողություն։ Այն անխոս պատմում է Ակնալիճ գյուղի այն 14 տղաների մասին, որոնք փառքով պսակեցին իրենց ծննդավայրի՝ ասել է թե՝ հայրենիքի պատիվը։ Արային հատկացված բաժնում նրա մանկության, պատանության, երիտասարդության տարիների լուսանկարներն են, անձնական իրերը, որոնք պատմում են պատերազմական օրերի մասին։ «Զինվոր ենք, էսպես էլ կլինի»,- արդեն թևավոր ասույթ դարձած նրա խոսքերը խոհերից դուրս են բերում կարդացողին և պարգևում հպարտության զգացում։ Գովեստի խոսքերի են արժանի Արա Հարությունյանի անունը կրող դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվը (տնօրեն՝ Սիլվարդ Թադևոսյան, դպրոցի կազմակերպիչ Վարդիթեր Վարդերեսյան, դպրոցի զինղեկ Մովսես Միսակյան)։ Դպրոցի միջանցքներում ամենուր մեր հին ու նոր պատմության «դասաժամեր» են, լուսանկարներ։ Եվ իրոք արժանի էր և ուրախալի, երբ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից դպրոցի կոլեկտիվը պարգևատրվեց «5-րդ բրիգադ. 20 տարի» հոբելյանական մեդալով։

Միջոցառումը շարունակվեց դպրոցի լեփ-լեցուն դահլիճում։ Տնօրեն Սիլվարդ Թադևոսյանի բացման խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսի հիշատակը։ Օրը հագեցած էր սիրելի հերոսի մասին ոգևորող, կենդանի հիշողություններով։ Մասնավորապես՝ դպրոցի տնօրենն իր խոսքում ասաց. «Ես դպրոցի Փառքի սրահ-թանգարան ամեն անգամ մտնելիս անմեկնելի ապրումներ եմ ունենում։ Իմ աշակերտների իրերն են այնտեղ՝ ինձ ծանոթ, ջերմ հուշեր արթնացնող։ Նրանցից մեկն էլ Արան էր, մեր սիրելի Արա Հարությունյանը։ Հիշում եմ՝ գյուղից 140 տղամարդ էր դուրս եկել մարտի։ Զոհվում էին տղաները, գյուղը ողբում, սգում էր իր զինվորների մահը։ Նրանց հիշատակի համար դպրոցի բակում հարազատների ձեռքով տնկված ծառերը ծաղկել են, Փառքի սրահ-թանգարանում այսուհետ ռազմագիտության իրենց առաջին դասը պիտի անցկացնեն մեր դպրոցի սաները։ Մեզ մոտ ոչինչ ձևական չէ, ամեն ինչ խորքային է, նպատակային։ Արա Հարությունյանն ամեն օր, ամեն ժամ մեր սաներին հայրենասիրության դասեր է ուսուցանում։ Դասեր, որոնք անվախճան են, անվերջ՝ ինչպես իր կյանքի հերոսական ուղին»։

Ցուցադրվեց ԵԿՄ «Մեր հաղթանակը» փաստավավերագրական ֆիլմաշարից Արա Հարությունյանին նվիրված ֆիլմը։ Երբ էկրանին Արան էր, դահլիճում ոգևորության պահեր էին, ծափահարություններ։ Հետո ելույթ ունեցողների խոսքերը է՛լ ավելի սիրելի դարձրին սիրո այն տարածքը, որտեղ ապրում է հերոսը։ Տարածք, որը նվաճեց հերոսն իր կյանքի գնով։

Օրը հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված հերոսի հավերժի ճամփան բռնած 20 տարիներին…

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն իր ելույթում ողջունելով ներկաներին, ծնողներին, հարազատներին, մայրերին, ասաց.

-Արայի նման տղաները ձյան հալոցքից ծնված, հայրենի լեռներից իջնող աղբյուրների ջրերի նման մաքրամաքուր, զուլալ տղաներ էին։ Նրանց աներևակայելի հերոսության շնորհիվ ազատագրվեց Արցախը, Հայաստանի պատմական տարածքը։ Մեր տարածաշրջանը մեզ ստիպում է սթափ մտածողություն և ամենակարևորը՝ միասնականություն։ 1993-ի այս օրը՝ ապրիլի 5-ին, զոհվեցին 4 հայորդիներ՝ Արան ու Յուրա Կարապետյանը՝ Հայաստանից, իսկ Տողի Վիգենն ու Աղբուլաղցի Արայիկը՝ Արցախից։ Սա էլ իր խորհուրդն ունի՝ մեր միասնականության խորհուրդը։ Ղարաբաղում առաջին տանկը խփեց Արայիկը։ Երբ օգնական ուժ էր անհրաժեշտ, միշտ ուզում էին, որ Արայիկը գնա օգնության։ Արայիկի նման տղաները արծիվներ էին։ Ցանկությունս է, որ բոլոր մայրերը ուրախության արցունքներ ունենան։ Մենք պետք է միշտ հիշենք, մեծարենք մեր ազգի հերոսներին, որոնք հավերժի ճամփորդներ են…

Պաշտպանության նախարարության Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը իր խոսքում ասաց.

-20 տարի առաջ Արան զոհվեց, 20 տարի առաջ Արան անմահացավ։ Արայի հետ անմահության ճամփան բռնեցին Ակնալիճ գյուղի 14 զոհված տղաները։ Ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ դպրոցականների հայացքներում կա հպարտություն, կա վճռականություն։ Հավատացած ենք, որ հարկ եղած դեպքում կկրկնվի էլի Արայի սխրանքը՝ ձեր մեջ են մեր վաղվա հերոսները։ Ապրեք այն հպարտությամբ, որ սովորում եք Արա Հարությունյանի անունը կրող դպրոցում։

Արայի մարտական ընկեր Սարիկ Հայրապետյան.

-Իմ ընկերները մեկը մեկից քաջ էին, մեկը մեկից հայրենասեր, անձնուրաց ու նվիրյալ։ Ես խոսում եմ իսկական հերոսների մասին, իմ ընկերների, որոնց թվում էր Արան։ Արան և՛ սովորեցնում էր, և՛ լսում, հաշվի առնում դիմացինի կարծիքը։ Անցնող տարիների հետ իմ հերոս ընկերների ծննդավայրերը ինձ համար դարձել են սուրբ վայրեր։ Ամեն մի բնակավայր ոտք դնելուց թվում է՝ կհանդիպեմ նրանց, կհանդիպեմ Արային։ Ուզում եմ մեր հերոս ընկերների ծնողներին ասել.

-Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակները հերոսներ են եղել, իսկական հերոսներ։ Ես եղել եմ ականատեսը այդ հերոսությունների։ Փառք Արային, մեր բոլոր հերոսներին։

Այնուհետև Արա Հարությունյանի եղբայրը՝ Ավետիք Հարությունյանը, թանկարժեք նվեր հանձնեց դպրոցում ռազմահայրենասիրական «Հավերժի ճամփորդը» թեմայով գրված շարադրության մրցույթի հաղթող Աստղիկ Մկրտչյանին։

Հուշ-ցերեկույթին իրենց մասնակցությունը բերեցին դպրոցի սաները, որոնք ներկայացրին հայրենասիրական գեղեցիկ, փոքրիկ պատումներ։ Սպայի տան «Զորական» (գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյան) համույթի զինվոր-տղաների երգը գարնան հետ դուրս էր եկել ու տարածվել ողջ Ակնալիճ գյուղով մեկ։

Հուշ-ցերեկույթի առաջին շարքում նստած Արա Հարությունյանի Սաթենիկ մայրը մերթ ժպտում էր, մերթ թախծում, մերթ արցունքներն էր մաքրում, մերթ ժպտում։ Համբուրեցի հերոս ծնող մոր ձեռքն ու ոչինչ չասացի։ Սաթենիկ մայրը հայացքը որդու մեծադիր լուսանկարին, ասաց.

-Ես հպարտ եմ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Ճակատագրեր


18/04/2013