Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարում

Գնդում սոցիալական աշխատանք և իրավախախտումների կանխարգելում իրականացնող սպան պատասխանատու է սոցիալական աշխատանքի կազմակերպման, վիճակի, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ դաստիարակչական միջոցառումների իրականացման և իրավախախտումների կանխարգելման համար: Նա ենթարկվում է զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալին:

Սոցիալական աշխատանք և իրավախախտումների կանխարգելում իրականացնող սպան.

-ուսումնասիրում է գնդի զինծառայողների և քաղծառայողների շրջանում սոցիալական գործընթացը, բացահայտում է սոցիալական բնագավառում բացասական երևույթները և դրանց կանխարգելման վերաբերյալ հրամանատարին ներկայացնում առաջարկություններ,

-պարտավոր է իմանալ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և քաղծառայողների կարիքներն ու խնդիրները, դրանց մասին տեղեկացնել զորամասի հրամանատարին, այլ պաշտոնատար անձանց հետ համատեղ միջոցներ ձեռնարկել առկա սոցիալ-կենցաղային խնդիրների ժամանակին լուծման համար,

-պատասխանատու է և անձամբ է իրականացնում պաշտպանության նախարարի կողմից արձակված սոցիալական հարցերին վերաբերող հրամանների և դիրեկտիվների բացատրման աշխատանքը,

-կազմակերպում է համագործակցություն` զորամասում գործող հասարակական կազմակերպությունների և զինծառայողների, նրանց ընտանիքների ու քաղծառայողների կողմից սոցիալ-կենցաղային պրոբլեմների լուծման աշխատանքներում, ցուցաբերում օգնություն,

-պարտավոր է իմանալ զորամասի զինվորական կարգապահության վիճակը, առաջարկություններ ներկայացնել հրամանատարին կարգապահության ամրապնդման համար, ստորաբաժանման հրամանատարներին ցուցաբերել օգնություն` իրավախախտումների կանխարգելման նպատակով դաստիարակչական միջոցառումների անցկացման գործում,

-զորամասի հրամանատարի իրավական հարցերով օգնականի հետ համատեղ մասնակցում է անձնակազմի իրավական դաստիարակության գործին,

-զորամասի շտաբի, ստորաբաժանման հրամանատարների հետ համատեղ վերլուծում և պատասխանատվություն է կրում զինվորական կարգապայության ամրապնդման, իրավախախտումների կանխարգելման ամփոփման և առաջավոր փորձի ներդրման գործում:

Այսքանը ՌԴ ԶՈՒ-ի օրինակով: Պարտքս եմ համարում առանց մեկնաբանության հավելել, որ զինվորական-սոցիալական աշխատանքները հետխորհրդային Ղազախստանի Հանրապետության ԶՈՒ-ում` կոնկրետ զորային օղակում, իրականացնում ու ուղղորդում է «Հրամանատարի դաստիարակչական և սոցիալ-իրավական աշխատանքների գծով տեղակալը»:

Եզրափակելով նշեմ, որ զինվորական-սոցիալական աշխատանքը կոչված է նպաստելու զինծառայողների սոցիալական ու իրավական պաշտպանության օրենսդրական նորմերի կատարմանը և հանդիսանում է օրինականության ապահովման բաղկացուցիչ մասը: Բազմամյա փորձը, սակայն, ցույց է տալիս, որ միայն օրենք ընդունելով անհնար է հասնել ցանկալի արդյունքի, որպեսզի օրենքը գործի, անհրաժեշտ է հստակ մեխանիզմ, որը կհամակարգի իրավական նորմերի մշակմանն ու դրանց իրագործմանն ուղղված տարբեր սուբյեկտների գործունեությունը:

Անհրաժեշտ է լրամշակել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 91-րդ, 103-րդ, 104-րդ հոդվածները /ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 22-րդ հոդվածը ևս/ ու դրանցում հավելել սոցիալական ոլորտի օրախնդիր համարվող դրույթներ, հստակեցնել ԶՈՒ-ում ոլորտը վերահսկող և ուղղորդող ղեկավար մարմինն ու այդ նախորոշված ղեկավար մարմնի կանոնադրությունում կատարել փոփոխություն-լրացում: Կամ էլ շրջանառության մեջ դնել Ղազախստանի Հանրապետության ԶՈՒ-ի տարբերակը:

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Սոցիալ-իրավական


18/04/2013