Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ



ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Ապստամբ Սասունին օգնության շտապող հաջորդ մարտախումբն առաջնորդում է Աշոտ Երկաթը (Արմենակ Լևոնյան): Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրությունն աներկբա մատնանշում է, որ բազմաթիվ են այն հայորդիները, որոնց հերոսականությամբ ու նվիրվածությամբ հագեցած կյանքն ու գործունեությունը վեր են որևէ գովասանքից: Հայրենիքի ազատագրության պայքարին զինվորագրված այդ հրաշալի փաղանգի մեջ իրենց գործունեությամբ առավել նշանակալի հետք են թողել այն անհատները, որոնք մարտական որակներից զատ, օժտված էին ժամանակաշրջանն ու ազատագրական պայքարի յուրահատկությունները ըմբռնելու, ծանրագույն իրավիճակներում անհրաժեշտ վճիռներ ընդունելու վճռականությամբ ու կազմակերպչական կարողությամբ: Աշոտ Երկաթի գործունեության անգամ փոքր-ինչ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործ ունենք վերոհիշյալ հատկանիշներով օժտված ազգային-հեղափոխական գործչի հետ: Կարելի է ասել, որ Աղբյուր Սերոբի և Գուրգենի նահատակությունից հետո Բիթլիսի նահանգում հաստատված գործիչներից ոչ մեկը այնպիսի արդյունավետ գործունեություն չի ծավալել Սասուն և Ախլաթ գավառներում, ինչպես Երկաթը: Երկրում գործելու կարճատև ժամանակահատվածում, ճիշտ գնահատելով Ախլաթ գավառի դերն ու նշանակությունը, Երկաթը իր գործունեության գլխավոր ուղենիշներից մեկը, եթե ոչ գլխավորը, դարձնում է այդ գավառի զինումն ու կազմակերպումը: Երկիր զենք տեղափոխելն ու ժողովրդին զինելը ամենակարևոր և դժվարին խնդիրն էր: Զենք և զինամթերք Երկիր տեղափոխելու նախկին միջոցները, ինչը միանշանակորեն ապացուցում էր ժամանակը, արդյունավետ չէին: Գործելով Ախլաթ գավառում, Երկաթը զենք տեղափոխելու համար բացում է նոր, թշնամու համար անծանոթ ուղիներ, կարողանում է կարճ ժամանակում Սասուն տեղափոխել զգալի քանակության զենք ու զինամթերք:

Երկաթը բացեց հաղորդակցության հետևյալ ուղիները.

1. – Թադեոս Առաքյալ- Աբաղա – Լիմ – Կտուց անապատները եւ Վանա ծովով ուղիղ Ախլաթ,

2. – Երևան – Միրզաջան – Ախլաթ,

3. – Ախլաթ – Մանազկերտ – Կարս:

«Սասունը,- վկայում է Ռուբենը,- որ ուշադրութեան առարկայ էր, որ կը համարուէր ֆետայիներու կեդրոն, հազիւ 30 զէնք ունէր կուսակցութեան տրամադրելի, իսկ 1904-ի ապստամբութեան ատեն, հազիւ ան հաշուէր 150 զէնք, իհարկէ, բացի ժողովրդական, խմբական զէնքէրէն: Այդ առաւելագոյն թիւէն 70 զէնքը Երկաթի Ախլաթէ ճամբած զէնքէրն էին…»:

Փաստորեն, համաձայն այս տվյալների, ստացվում է, որ Սասուն առաքած զենքերի գրեթե կեսը այնտեղ է հասել շնորհիվ Աշոտ Երկաթի: 1903 թ. 12 անդամներից բաղկացած խմբով Երկաթը գործում է հիմնականում Ախլաթում և կապեր հաստատում հարևան շրջանների հեղափոխական կառույցների ու գործիչների հետ:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Պատմության էջերից


04/04/2013