Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԺԱՆՏԸ ՍՊԱՅԻՆ՝ ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ



«Ի՞նչ լիազորություններով պետք է օժտված լինի սերժանտը, որպեսզի տվյալ ստորաբաժանումում դառնա հենարան սպայի համար»: Հերթական այցով Հայաստանում գտնվող ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներին օժանդակող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը անձնակազմի կառավարման բարեփոխումների համար պատասխանատու ՀՀ պաշտպանության համակարգի աշխատանքային խմբի հետ մարտի 20-22-ը քննարկումներ անցկացրեց այս ոլորտի եւ այլ հարցերի շուրջ:

Մասնագետները նշում են, որ հետխորհրդային երկրների զորակոչային հիմունքներով գործող բանակներում սերժանտը փաստորեն նույն զինվորն է, քանի որ չունի համապատասխան փորձ, հեղինակություն եւ իրական լիազորություններ: Պաշտպանական բարեփոխումները, ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի զարգացումը ենթադրում են ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան հոդվածներում որպես լրացում սահմանել վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտի պարտականությունները: Զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության բաժնի պետ գնդապետ Արթուր Ստեփանյանը ներկայացրեց պարտականություններ սահմանելու վերաբերյալ առաջարկությունը, որում նշվում է վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտի անելիքները եւ պատասխանատվության սահմանները ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ:

Ըստ գնդապետ Ստեփանյանի, նախկինում մեր բանակում սերժանտը կատարող էր, նրա հետ չի քննարկվել եւ չի պլանավորվել անելիքը, սերժանտներն ընտրվել են ժամկետային զինծառայողներից. «Մեր նպատակն է, որ պայմանագրային սերժանտները փորձ ձեռք բերեն, ինքնուրույն աշխատելու ունակություններ զարգացնեն, ինչը կօգնի սպային: Նոր նշանակված սպան այլեւս ծառայության առաջին երկու տարիներին դժվարություններ չի ունենա: Եթե, օրինակ, նոր նշանակված դասակի հրամանատարը գնա ստորաբաժանում, որտեղ իր տեղակալը բազմամյա փորձ ունեցող սերժանտն է, բնականաբար միասին կպլանավորեն աշխատանքը, խնդիրների բաշխում կկատարեն, հնարավոր է նաեւ խորհուրդներ հարցնի: Սերժանտը պարտավոր է առաջարկություն ներկայացնել դասակում մարտական պատրաստության, մարտական հերթապահության խնդիրների կատարման մասին: Մեր կանոնդրության առանցքային դրույթը մնում է նույնը, այսինքն` որոշում ընդունողը միանձնյա ղեկավարն է, տվյալ դեպքում ստորաբաժանման հրամանատարը»: Փորձագիտական խմբի անդամ ավագ սերժանտ Ջեյսոն Ռիդը, ծանոթանալով առաջարկությունների փաստաթղթին, նշեց, որ Մեծ Բրիտանիայում, օրինակ, վաշտի սերժանտի եւ դասակի սերժանտի, վաշտի հրամանատարի եւ վաշտի սերժանտի հարաբերությունները եւս սահմանվում են, այսինքն՝ գործում է հարաբերությունների կազմակերպման հստակ մեխանիզմ, ինչն էլ առաջարկեց ներառել փաստաթղթում. «Վաշտի սերժանտը, օրինակ, պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ վաշտի հրամանատարի հետ. առողջ միջանձնային հարաբերությունները հող են նախապատրաստում ծառայական հաջողությունների համար, իսկ լարված հարաբերությունները ազդում են ստորաբաժանման ընդհանուր գործունեության վրա: Սերժանտը պետք է օժտված լինի ղեկավարելու ունակությամբ, պետք է գործի արդար եւ չխախտի այդ սկզբունքը, ինչն էլ անձնակազմի հարգանքին արժանանալու գրավականն է: Այո, ես պետք է լինեմ բարեկիրթ, բայց նաեւ պետք է կարողանամ անհրաժեշտ պահին բռունցքով հարվածել սեղանին:Սովորաբար սերժանտը ամենափորձառուն է ստորաբաժանումում, բոլորը նրան դիմում են թե աշխատանքային, թե ընտանեկան բնույթի հարցերով: Սերժանտը ստորաբաժանման հայրն է»: Ավագ սերժանտ Ջեյսոն Ռիդը ներկայացրեց սերժանտի պարտականությունները զորամասում եւ առաքելությունների ժամանակ: Նա նշեց, որ սերժանտը պետք է ունակ լինի արագ կողմոնորոշվելու եւ որոշումներ կայացնելու. «2006թ. Աֆղանստանում առաքելության ժամանակ վաշտը ուներ երկու թիրախ, եւ իմ պարտականությունն էր այդ թիրախների մասին ինֆորմացիա հավաքելը: Սկզբնական շրջանում ինֆորմացիա էինք հավաքում տեղաբնակներից: Նրանք հարգում են այն մարդկանց, ովքեր մորուք ունեն, ինչը հակառակ էր մեր կանոններին, բայց որոշում կայացրինք եւ շուտով մենք էլ մորուք ունեցանք, եւ մարդիկ սկսեցին մեզ վստահել եւ ինֆորմացիա տրամադրել, այսինքն՝ կանոնները հընթացս կարող են փոխվել` ելնելով իրավիճակից»:

ԱՄՆ ծովահետեւակային ուժերի սերժանտ Ջեյմս Մքքուկը նշեց, որ սերժանտներն իրենց պարտականությունները սովորաբար վարժանքների ժամանակ են կիրառում. «Մենք պարտավոր ենք վարժեցնել զորամիավորումը: Օրինակ՝ իմ աշխատանքային կարգախոսն է. «Պարապեք այնպես, ինչպես կկռվեք, կռվեք այնպես, ինչպես պարապում էիք»: Սերժանտը պարտավոր է նաեւ կազմակերպել օպերատիվ կառավարում: Սերժանտի համար կարեւոր որակ եմ համարում գործի հանդեպ լրջությունը, քանի որ եթե մարդը լուրջ չի վերաբերվում իր գործին, ավտոմատ կորում է գործողությունների արդյունավետությունը: Հաջողության բանալին սերժանտին գործելու ազատություն տալու մեջ է»:

Միջազգային փորձագետներն այցի ընթացքում եղել են նաև ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում, ծանոթացել են արհեստավարժ սերժանտների ուսումնակրթական գործընթացին, հանդես են եկել դասախոսություններով և պատասխանել ունկնդիրներին հուզող հարցերին: «Հայ զինվորը» խնդրեց կիսվել տպավորություններով: Ջեյմս Մքքուկը նշեց, որ լավ մեկնարկ է. «Կարծում եմ, որ հետագայում դպրոցը պետք է հագեցած լինի տեխնիկապես: Այժմ հրահնագիչները սպաներն են, ապագայում այս սկզբունքը պետք է փոխել, քանի որ սերժանտի ուսուցիչը պետք է լինի սերժանտը: Հնարավոր է ընտրել սերժանտներից լավագույններին եւ ներգրավել դասավանդման գործընթացում: Ինձ ոգեւորեց ուսանողների էնտուզիազմը, նրանց հետաքրքրվածությունը ծառայությամբ»: Ջեյսոն Ռիդն էլ այն կարծիքին է, որ ուսուցումը պետք է կառուցվի հետեւյալ սկզբունքով՝ բացատրել, ցույց տալ, ապահովել իմիտացիա, փորձել:

«Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, թե՞ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պայմանների, չկարգավորված հակամարտության առկայության դեպքում անհնարին է»,- մեր հարցին ի պատասխան փորձագիտական խմբի ղեկավար Հարի Թին նշեց, որ հնարավոր է, սակայն այսօրվա վիճակի շարունակվելու դեպքում ավելի նպատակահարմար կլինի համալրումը կատարել խառը սկզբունքով` պարտադիր եւ պայմանագրային, իսկ եթե աշխարհաքաղաքական վիճակը փոխվի, ցանկալի կլինի, որ Հայաստանը ամբողջապես անցնի պրոֆեսիոնալ համակարգի. «Օրինակ մեզ համար թանկ հաճույք է բոլորին զորակոչել բանակ, քանի որ բնակչության թիվը մեծ է, ժողովրդագրական պատկերից ելնելով՝ հնարավոր է, որ դուք էլ զգաք բոլորին հավաքագրելու ոչ ձեռնտու լինելը»:

Քննարկումները եզրափակվեցին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ ամփոփիչ հանդիպմամբ, որի ընթացքում կողմերը ներկայացրին այցի արդյունքներով իրենց եզրահանգումները, համաձայնեցրին ՀՀ պաշտպանական գերատեսչության բարեփոխումների այս առանցքային ոլորտում միջազգային խորհրդատվության հետագա ուղիներն ու միջոցները: Փոխնախարար Դավիթ Տոնոյանը կատարված աշխատանքների վերաբերյալ արտահայտեց իր գոհունակությունը` ընդգծելով անձնակազմի կառավարման ոլորտի և մարդկային գործոնի հանգուցային նշանակությունը պաշտպանական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ռազմաքաղաքական


28/03/2013