Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՅԵԼԻՐ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ…



2010թ. նոյեմբերի 19-ն էր: Ես ու մեր լուսանկարիչը շտապում էինք Նոր Նորքում գտնվող ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանի («Հեթանոս Գագո») հուշարձանի մոտ, որտեղից Բագրատ Ստեփանյանն իր որդուն` Նժդեհին, ճանապարհում էր բանակ: Նժդեհի հորեղբոր հուշարձանի մոտ հավաքվել էին նրա հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու հարեւանները, եկել էին երաժիշտներ, կազմակերպվել էր հյուրասիրություն: Նժդեհին արժանի ծառայելու խորհուրդներ էին տալիս փորձառու զինվորականներ, ազատամարտիկներ, բակի տղաները, որոնք արդեն զորացրվել էին: Նա ուշադիր լսում էր, գլխով անում, միաժամանակ գրեթե չէր խոսում…

…Երկու ամիս առաջ Նժդեհը զորացրվեց: Հյուրընկալում եմ նրան մեր խմբագրությունում, եւ կարծես երկու տարի առաջվա մարդը չլինի. անընդհատ խոսում է, պատմում, կատակում:

-Շատ ես փոխվել:

-Այո՛, զորացրվելուց հետո բոլորն են ինձ այդ ասում: Մինչեւ բանակ գնալը բարդույթներ ունեի, շփվող չէի, բայց այդ ամենը հաղթահարվեց, որովհետեւ զորամասում մեկուսանալ ուղղակի հնարավոր չէ, շփվելու ունակությունը, բարեկամական ու բարեհամբույր լինելը ընկերական կապեր ստեղծելու կարեւոր գործոններ են: Բանակում հասկանում ես, որ մարդիկ շատ տարբեր են՝ տարբեր բնավորության տեր: Զորամասը յուրահատուկ հարթակ է միմյանց հետ շփվելու, միմյանց ճանաչելու համար, ինչը դառնում է որակ, բնավորության մինչ այդ չբացահայտված գիծ, ինչն էլ դրսեւորվում, օգնում է քեզ նաեւ քաղաքացիական կյանքում:

-Ծառայությունդ մեկնարկեց կապի ուսումնական զորամասում, որակավորվեցիր որպես կապավոր, այնուհետեւ, որպես կապի ջոկի հրամանատար, ծառայությունդ շարունակեցիր մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Հիշո՞ւմ ես` ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ առաջին անգամ դիրքեր բարձրացար:

-Նոյեմբեր ամիսն էր: Վաղ առավոտյան մեքենան մեզ դիրքեր հասցրեց: Անհամբեր սպասում էի պարտականություններիս կատարմանը: Երբ «փրկության» (այսպես էինք բնորոշում) սաղավարտը գլխիս դրեցի, ավելի կենտրոնացա, վստահությունս կրկնապատկվեց: Քանի անգամ էի պատկերացրել այդ պահը: Մենք հետեւում էինք հակառակորդի շարժին, հակառակորդի մարտական հենակետը 2 կմ հեռավորության վրա էր: Առաջին անգամ խոշորացնող սարքով նայեցի, անբացատրելի զգացողություն ունեցա: Նկատելի էր Սուրբ Սարգիս եկեղեցին, որը մզկիթի էին վերածել: Եկեղեցին թշնամու մոտ տեսնելով, սրտիս աշխատանքը արագացավ, այնքան վճռականություն ու կամք ներսումս ծնվեց, որ պատրաստ էի «ռումբի նման պայթել», մեն-մենակ այդ դիրքը ազատագրել: Երբեք վախի զգացողություն չեմ ունեցել, այլ միայն զգուշավորության և սեփական գործողությունների հանդեպ պատասխանատվության զգացողություն:

-Ապրել ես դիրքում, ի՞նչ անել, որ կոնֆլիկտներ չառաջանան:

– Մենք միշտ համերաշխ ենք եղել, ընդհանուր լեզու ենք գտել: Որպեսզի կոնֆլիկտներ չառաջանան, պետք է հարգել դիմացինիդ, պետք է միավորվել մեկ գաղափարի շուրջ: Մեզ միավորում էր գործի հանդեպ պատասխանատվությունը: Մենք մարտական հենակետում միայն ճաշ պատրաստելու համար էինք «կռիվ անում» (ժպտում է). մեզնից յուրաքանչյուրը հաճույքով էր պատրաստում եւ ձգտում էր, որ ինքը այդ գործը անի:

Կարծիք կա, թե զինակոչիկները մինչեւ զորակոչվելը մտահոգվում, ամեն կերպ փորձում են խուսափել դիրքային ծառայությունից, բայց զորամասում հակառակն է: Բոլորը ձգտում են դիրք բարձրանալ: Որակավորման դասընթացների ժամանակ էլ կային տղաներ, որ ասում էին` կլինի՞ միանգամից մարտական հենակետ բարձրանանք: Պատճառը այն է, որ կոլեկտիվը փոքր է, հարաբերությունները` մտերմիկ ու ջերմ:

-Դու ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի երկրորդ կուրսի ուսանող էիր, ուսումդ կիսատ թողեցիր եւ գնացիր ծառայելու: Քո կարծիքով՝ 18 տարեկանում բանակ գնալը ճի՞շտ է:

– Ճիշտ է: Այդ տարիքում ավելի ձգտող ես, ավելի վճռական, եթե անգամ հիասթափվում ես ինչ-որ բանից, փոխարենը փոքր բաներից կարող ես միանգամից ոգեւորվել, դժվար ես հանձնվում: Կարծում եմ` ավելի հասուն տարիքում դժվար է քաղաքացիական կյանքից կտրվելը: Ես հիմա նոր կուրս ունեմ, հեշտությամբ եմ հարաբերություններս ձեւավորում: Իմ հանդեպ թե՛ համակուրսեցիներիս, թե՛ դասախոսներիս վերաբերմունքը այլ է. մի յուրահատուկ հարգանքով ու երախտագիտությամբ են վերաբերվում ինձ:

– Ծառայության գնա՞լն է դժվար, թե՞ ծառայությունից գալը:

– Գնալը, իհարկե, շատ ավելի դժվար է, քանի որ քեզ տանջում է անորոշությունը: Բայց նրանք, ովքեր մտածում են, թե հետ գալիս միայն ուրախություն են ապրելու, սխալվում են: Հրաժեշտի օրը ծանր ապրումների մեջ էի: Երբ վերջին անգամ շտաբ մտա, անասելի հուզում կար: Դժվարանում էի գիտակցել, որ այլեւս դիրք չեմ բարձրանալու, որ ճաշարանում ամեն երեկոյան մեզ մատուցվող ձուկը չեմ համտեսելու, որ մեր ստորաբաժանման երգը, որ ճաշարան գնալիս երգում էինք, էլ չեմ երգելու, որ իմ մահճակալին ուրիշն է պառկելու, որ շարահրապարակում հավսար-զգաստ հրամանն ինձ համար չի հնչելու: Հիմա կարոտով եմ հիշում ցանկացած դրվագ բանակային կյանքից, սկզբնական շրջանում քաղաքացիական կյանքում ինձ մի քիչ օտար էի զգում, անգամ չէի կարողանում քնել մեր տան իմ անկողնում:

-Քեզ հետ ի՞նչ «բերեցիր» բանակից:

– Անմոռանալի երկու դրվագ, որոնք միշտ կոգեւորեն ինձ: Պատմեմ: Զորամաս էր եկել «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Շարահրապարակում համերգ էր կազմակերպվել, զինվորներին հորդորում էին պարել, ուրախանալ, բայց ամաչում էինք: Մեկ էլ բոլորիս համար անսպասելիորեն մեր հրամանատարը` գնդապետ Վ. Ասատրյանը, որ եւս շարահրապարակում էր, վեր բարձրացրեց ձեռքերն ու սկսեց պարել: Դուք նույնիսկ չեք պատկերացնի, թե ոգեւորության ինչ ալիք բարձրացավ: Բոլորս «նետվեցինք» հրապարակ, այնքան միասնական ու համերաշխ էինք, հզոր եւ ուժեղ, անպարտելի էինք: Հաջորդ օրերին էլ ինձ թվում էր, թե այդ մի պարը միասնական մի նոր հարաբերությունների հիմք է ստեղծել:

Երկրորդ դրվագը հոգատար վերաբերմունքի մասին է, որը դրսեւորեց իմ մարտկոցի հրամանատարը` կապիտան Վիգեն Արսենյանը: Պիտի հերթական արձակուրդս ստանայի եւ մասնակցեի տատիկիս` Նորայի ծննդյան 80-ամյակի տոնական հավաքույթին: Բայց այնպես ստացվեց, որ մեր զորամասում զորավարժություններ էին, ես էլ այդ օրերին մարտական հենակետում էի: Անտրամադիր էի, գիտեի, որ տատիկս ինձ սպասելու է: Կապիտան Արսենյանը դիմեց վերադաս հրամանատարությանը, ամեն հնարավորն արեց, եւ ես իմ հարազատների հետ ուրախացրի տատիկիս: Ես վստահ եմ՝ նույնիսկ տասնյակ տարիներ էլ անցնեն, այդ դրվագներից խորապես ոգեւորվելու եմ:

– Եթե քեզ հարցնեն, արժե՞ արդյոք ծառայել, ո՞րը կլինի քո պատասխանը:

– Ես միանշանակ կպատասխանեմ` գնա, ծառայիր, հերթը քոնն է, գնա ու վայելիր սահմանին կանգնելու հպարտությունը, գնա ու հիշիր, որ քեզ տանը սպասող կա: Ծառայությունը տեւում է ժամեր, շաբաթներ, ամիսներ, ընդամենը երկու տարի, բայց պիտանի լինելուդ զգացողությունը կուղեկցի քեզ ամբողջ կյանքում: Ես քայլում եմ փողոցով եւ վստահ կարող եմ ասել՝ ինձ հանդիպած տղաներից ով է ծառայել, ով` ոչ…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Բանակ և հասարակություն


28/02/2013