Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ ԿԱՄ «ԱԶԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ ԿԱՄ «ԱԶԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Գաղտնիք չէ, որ նման բարդ էթնոգենետիկ զարգացումների ժամանակաշրջանում ապրող հանրույթում ծավալվում են սոցիալ-հոգեբանական բարդ գործընթացներ: Այս առումով հատկանշական է ադրբեջանցի դոկտոր Այդին Ալիզադեի վերջերս լույս տեսած հոդվածը: Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորը նշում է, որ ադրբեջանցիները ներկայումս տառապում են «հայամանիա» հիվանդությամբ: Հետաքրքիր են նաև մեկ այլ ադրբեջանական մտավորականի` Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի խոսքերը. «Ադրբեջանցիները, որպես ազգ, դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել: Որպես ազգ ամբողջությամբ ձևավորվելու համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլ: Առաջին փուլն ազգովի ինքնորոշվելն է: Երկրորդ և երրորդ փուլերը՝ լեզվին և կրոնին տեր կանգնելը, ինչն Ադրբեջանում վերածվել է սպեկուլյացիայի»: Թե ինչի է վերածվել նման կարևորագույն խնդիրը, դա այլ հարց է, սակայն ադրբեջանցի մտավորականի խոսքը մեկ անգամ ևս փաստում է ոչ միայն մեր, այլեւ իրանցի գեներալի վերը ասածները:

Փաստորեն, «օրեցօր հզորացող» Ադրբեջանն իր ինքնության փնտրտուքների մեջ է: Ավելին` այդ աշխատանքը տարվում է մեծ ջանքերով և միջոցների ներգրավմամբ: Այսինքն` այսօր ադրբեջանական քաղաքական վերնախավի համար առաջնայինը ադրբեջանական ազգի` «ազերի»-ների ձևավորման խնդիրն է, «ազերի» ազգի ձևավորման խնդիրն է: Նրանք, ինչպես բոլոր ցեղային նախամիությունները, ևս երազում են ազգային պետություն դառնալ: Ազգային պետության ձևավորումը Թուրքիան սկսեց դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի օրերին, թեեւ չի կարողանում վերջնականապես ավարտել: Հիմա այդ նույն հրամայականը կանգնած է Ադրբեջանի առաջ: Ի տարբերություն մեզ` նրանք զբաղված են այլոցը գողանալով, յուրացնելով ու անգամ ոչնչացնելով:

Ազգագոյացման, ազգային պետության ստեղծման այս բարդ պատմական ժամանակահատվածում ադրբեջանցի թուրք-թաթարների համար ցանկացած հաջողություն կամ պարտություն կարող է վճռորոշ նշանակություն ունենալ: Այդ է պատճառը, որ Ադրբեջանում մեծ նշանակություն են տալիս ամեն մի փոքր հաղթանակին անգամ ամենաաննշան ոլորտներում (կաշառում են Եվրատեսիլն ու օլիմպիական մրցախաղերը և այլն): Այդ է պատճառը, որ ադրբեջանական պետությունը պատերազմում պարտվելուց հետո ավելի շատ հերոսներ ունի, քան հաղթանակած Հայաստանը: Անցյալ չունենալու բարդույթներով ապրող երկիրը միայն կարող է ստորաբար յուրացնել իր տարածքում եղած ամեն տեսակ մշակութային հետք, որը փաստում է այլոց գոյությունը: Միայն նման մտածելակերպով դաստիարակվող հասարակության մեջ կարող են հերոսներ համարվել քնածին կացնահարողները:

Ահա թե ինչու ադրբեջանցի թուրքերի ինքնահաստատման և «ադրբեջանցի-ազերի» ազգի կայացման համար ճակատագրական է հաջորդ հաղթանակը կամ պարտությունը:

♦♦♦

Երեսնամյա պատերազմում տարած հաղթանակն օգնեց Ֆրանսիային 1648թ. դառնալու ազգային պետություն, իսկ 1871թ. պատերազմի հաղթանակը թույլ տվեց ստեղծելու ազգային գերմանական պետությունը: Մինչդեռ իրադարձությունները միանգամայն այլ ընթացք կունենային, եթե Ֆրանսիան եւ Պրուսիան պարտվեին: Հարկ է նշել, որ նման դեպքերում գրեթե միշտ գործում է երկու զորեղ նախապայման: Առաջինը ուժեղ առաջնորդի դերակատարությունն է, իսկ երկրորդը ազգային ոգու և գիտակցության աննախադեպ վերելքը: Համաշխարհային պատմությանն ավելի քան հայտնի են Արման Ռիշելյեն, Ջուլիո Մազարինին, Օտտո ֆոն Բիսմարկը և այլք, որոնք ֆրանսիական և գերմանական հասարակությունները չէին սնում կեղծ արժեքներով: Չէին հորինվում կեղծ հաղթանակներ: Նման սթափ անհատների և սեփական արժեքների առկայությունն է նախ հարկավոր Ադրբեջանին: Իհարկե, «հեյդարամենությունը» լավ հեքիաթ է երեխաների համար, սակայն չի կարող լինել ազգային գաղափարախոսություն, այն լուրջ քաղաքական, գիտական ու հոգեբանական հիմք չէ ազգային վերելքի համար: Ադրբեջանն ունի շատ գործուն և հզոր խաղաքարտ ևս` հայատյացությունը: Այս տարրական շեղվածությունը ևս լուրջ հավակնություններ ունի թեկուզ առանձին ու միայնակ դառնալու ազգային գաղափարախոսություն: Ընդհանրապես, աշխարհում շատերն են փորձել ներքին շատ խնդիրներ լուծել արտաքին թշնամու դեմ համընդհանուր պայքարի կոչերով: Սակայն դա սովորաբար կարճաժամկետ արդյունք է տալիս և ավելի հիվանդացնում է հասարակությունը երկար ժամանակով: Ամենակարևորը՝ այն վտանգավոր է ու կարող է մեծ վնաս հասցնել հենց տվյալ երկրին:

«Ադրբեջանին հնարավորություն են տալիս ցուցադրելու իր «յուրօրինակ անկախությունը», իրականում նրան վերածելով «նավթի տակառի», որը Բաքվի ղեկավարության ամեն հերթական հոգեցնցում մոտեցնում է հնարավոր մեծ պատերազմի կրակին, երբ նա շատ ավելին կարող է կորցնել, քան տարածքները: Ու եթե անգամ ադրբեջանական ղեկավարությունն այնքան էլ լավ չի ընկալում հնարավոր վտանգը, ապա գոնե զգացողությունների մակարդակում այն ավելի ու ավելի է թափանցում, առնվազն, քաղաքական խավի գիտակցության մեջ, որը պատասխաններ չի գտնում, թեև դրանք, կարծես, պետք է ակնհայտ լինեն: Այն ըմբռնումը, թե Ադրբեջանը բավական երկար չի կարող գոյատևել իր ներկա ճանաչված տարածքների շրջանակներում, բխում է ոչ միայն որոշակի տարածաշրջանային ծրագրերից, այլև սահմանների և ազդեցության ոլորտների վերաձևման ընդհանուր սկզբունքներից:

Մի շարք առաջատար պետություններ սկսել են հասկանալ, որ մեծ մոլորություն կլիներ երկարաժամկետ ծրագրեր կապել Ադրբեջանի հետ: Այդ ժողովուրդը դատապարտված է կորցնելու ոչ միայն պետականությունը, այլև հայրենիքը, ցրիվ գալու Եվրասիայի հսկայական տարածքներում, ձուլվելու և կազմելու ենթազերային խմբեր, ինչը պոլովցիների հետ կատարվեց: Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի` կա՛մ հաշտվի մի երկրի վիճակի հետ, որը չունի ո՜չ քաղաքական, ո՜չ տարածքային հավակնություններ, և ենթակա է ավելի մեծ տարածքներ կորցնելու հեռանկարի, կա՛մ էլ դառնա Թուրքիայի արբանյակ կազմավորում և ոչնչանա թուրք ղեկավարության հետապնդած ամեն տեսակի վեհապետական նկրտումների ցնորական բավիղներում»:

Հերթական ադրբեջանական պարտությունից կարող են օգտվել ազգային փոքրամասնությունները և համեմատաբար թեթև պայքարով ստեղծել իրենց սեփական պետությունները: Հաղթանակի դեպքում ավելի իրատեսական կդառնա Իրանի և Հայաստանի հաշվին «Մեծ Ադրբեջանի» ստեղծման նախագիծը: Վերջերս մամուլում խոսվեց այն մասին, որ այս նախագծի մեծ ջատագովներից է Մեթյու Բրայզան, նման ծրագրի մասին ավելի շատ են խոսում Արևմուտքում: Ահա, թե ինչքան կարևոր և ճակատագրական է պահը և՛ Ադրբեջանի, և՛ մեզ` հայերիս, ինչու չէ՝ նաեւ Իրանի համար: Ահա, թե ինչ է նշանակում գոյություն չունեցող ազգին էթնիկ անձնագիր շնորհելը, որը մենք անում ենք անգիտակցորեն: Ահա, թե ինչ է նշանակում կեղծ ազգային գաղափարախոսություն: Պետք է շատ զգույշ լինել և այլևս չկիրառել «ազերի» բառը: Մեզանում երբեմն հնչում են այնպիսի տեսակետներ, որ հարկավոր է թուրքերին կիսել, բաժանել իրարից և այդ առումով շատ ճիշտ է «ազերի» եզրույթի գործածումը: Իբր, ժամանակի ընթացքում նրանք իրարից այնքան կհեռանան, որ բարեկամներ չեն լինի, և իբր մեր գործն էլ կհեշտանա, այլեւս չենք մարտնչի երկու ճակատով: Այս տեսակետը մանկամտության աստիճան պարզամիտ է: Նախ՝ դրանով մենք ի սկզբանե մտնում ենք մի մեծ կեղծիքի մեջ, որը նշանակում է կյանք տալ արհեստական մի ազգի, հետևաբար նաև նրա պատմական, տարածքային և մշակութային հավակնություններին: Դրանով մենք նեղացնում ենք նաև մեր հարևան հին ազգերին` պարսիկներին, թալիշներին, վրացիներին և այլն: Հետո այս քայլի հաջողության ոչ մի երաշխիք չկա, և լինելու դեպքում էլ դրանից մեզ որևէ օգուտ լինել չի կարող: Եթե անգամ Ադրբեջանը և Թուրքիան չլինեն դաշնակիցներ, եթե անգամ նրանք իրենց համարեն տարբեր ազգեր և այլն, միևնույն է, նրանց թշնամանքը մեր հանդեպ չի վերանա:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ