Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱԽՐՈՂ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ



Նոյեմբերի 22-ին ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ կդառնար 70 տարեկան

Վերնագիրը հուշեց զրուցակիցս` Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի ազատամարտիկ, այսօր «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, մասնագիտությամբ կիբեռնետիկ, հոգով ու էությամբ բանաստեղծ-երաժիշտ, ազգային պարարվեստի երախտավոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը.

– Ես «Ազատագրական բանակին» անդամագրվեցի Ազգալդյանի զոհվելուց մեկ ամիս հետո,-պատմում է Գինոսյանը,- նա չկար, բայց բանակն ապրում ու շնչում էր նրանով։ Եթե մի բան անում էինք, անպայման մտովի խորհրդակցում էինք Ազգալդյանի հետ։ Նրա տված դեղատոմսերը մինչև պատերազմի ավարտը բոլորիս համար ուղեցույց էին։ Մենք զինակիցներ ենք: Ինքը` իմ հազվագյուտ կուռքերից մեկը, որ միշտ իմ հոգու հիմնաքարերից մեկն է լինելու, իմ պաշտած հոգեւոր հայրերից մեկը, որոնք իրենց անձնական օրինակով են դաստիարակում և միաժամանակ պարտավորեցնում են իրենց արժանի հետնորդը լինելու: Նա կյանքիս միակ հրամանատարն է, ես` իր հավատավոր զինվորը և, թերևս, միակը, որին երբևէ ինքը չհրամանատարեց, որովհետև մենք ծանոթացանք, երբ նա արդեն երկնքում էր և խառնվել էր մեր ազգի մեծ մեռելների շարքին, երբ արդեն ոչ թե նա, այլ իր գործը և իր գաղափարներն էին ինձ հրամայում ու դաստիարակում: Նրա հետ ծանոթացա իր զինվորների (արդեն իմ զինակիցների) միջոցով: Նրանք ամենքն իր գաղափարախոսության, մարդկային արժանիքների կրողներն էին եւ իրենց հոգու խորքում Լեոնիդի մասունքն էին կրում: Ես չէի հագենում նրան իմ մեջ փնտրելուց և մարտերի արանքում փորձում էի էլի ինչ-որ պակաս լրացնել` պաշտելի մարդու կերպարն իմ մեջ ամբողջացնելու համար:

…1988 թվականին նա չմասնակցեց միտինգներին, այլ ուղղակի կանգնեց, լսեց ու ձեռքը թափ տալով հեռացավ` ասելով, որ այս հակամարտությունը զինված պայքարի է վերածվելու: Իմաստուն ու ազգային իղձերով առլեցուն հայորդին հեռացավ աղմկահարույց թատերաբեմից, ինչպես ավելի քան մեկ դար առաջ Բեռլինի կոնգրեսից հիասթափված ու ձեռնունայն հեռացել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը` իր մեջ մտմտալով «Երկաթե շերեփի», ասել է թե` զինված պայքարի գաղափարը:

Առաջին ինքնաշեն զենքերը հենց ինքն էլ ստեղծեց: Եթե չլինեին Ազգալդյանի այդ համարձակ ձեռնարկումները, գուցե թե այդ շարժումը դատապարտված լիներ։ «Այս երկրում` մերօրյա Հայաստանում, ավելի թանկ արժեք չկա, քան կամավոր զինվորագրված հայ տղան»,-սիրում էր կրկնել Ազգալդյանը։

…Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դերակատարում ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը զենքը ձեռքին ամեն տեսակ ոտնձգությունից պաշտպանելու գործում։ Համագործակցել է Հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հետ, շատ բաներով նպաստել է Անկախության բանակի կազմավորմանը` երբեք չհավակնելով կուսակցական գործչի դերին։ Երդվյալ անկուսակցական լինելն էլ հետագայում պատճառ դարձավ նրանց բաժանման։

Լեոնիդը ձեռնամուխ եղավ Ազատագրական բանակի ստեղծմանը: Հեռատես ու բանիմաց հայորդին Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից բարձրաձայնում էր, որ մեզ լուրջ փորձություններ են սպասում, քանզի ադրբեջանցիները հեշտությամբ չեն հրաժարվի Ստալինի նվիրաբերած բնիկ հայկական տարածքներից ու ոչինչ չեն խնայի Արցախը նույնպես Նախիջևանի բախտին արժանացնելու՝ հայաթափելու և սեփականացնելու համար։ Պատահական չէ, որ դեռևս խորհրդային բռնապետության օրերին նա զենքեր պատրաստելու, ադրբեջանցիների պարտադրած պատերազմին պատրաստ լինելու բացահայտ կոչեր էր անում։ «Ձեռքերը թափահարելով և ճառեր ասելով Արցախը պահել հնարավոր չէ»,- ասում էր նա` իր շուրջը համախմբելով համալսարանական, լազերային ինստիտուտի ընկերներին` ֆիզիկոս-գիտնականներին:

1990թ. փետրվարից Ազգալդյանը ստանձնել է Անկախության բանակի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում` Նյուվադիի ազատագրմանը։ Հետագայում Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախյան ազատամարտի հետ` սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև` Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին ֆրանսահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանի («Պարոն Հովսեփ») հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմավորումը, որը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին միտված շարժումների շղթայում, և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

-Արցախյան գոյամարտը հայ ժողովրդին տվեց նորօրյա երկու հսկաներ, որոնք անխոցելի էին մտավորի ու ֆիզիկականի համադրմամբ: Մոնթե Մելքոնյան և Լեոնիդ Ազգալդյան, որոնց միտքն ու ուժը իրար չէին զիջում,- ասում է Գինոսյանն ու շարունակում,- Լ. Ազգալդյանը նժդեհյան գաղափարախոսության կրողն էր: Նժդեհն ասում էր` հայ զինվորը սովոր չէ, որ իր հրամանատարը հրամայում է խրամատից, նա սովոր է հրամանատարին տեսնել իր կողքին: Այդպիսին էր Լեոնիդը, որ միշտ իր ջոկատի կողքին էր և ոգեշնչում էր տղաներին: Պատահական չէ, որ Ազգալդյանի հրամանատարության 4 տարիների ընթացքում զոհվել է ընդամենը 6 զինվոր, իսկ նրա գլխավորած ջոկատն ազատագրել է 27 բնակավայր: Գ. Գինոսյանի համոզմամբ` հենց Ազգալդյանն է Նժդեհի հոգեզավակը, նա ոչ միայն զինվոր է կերտել, այլև ՀՀ քաղաքացի։ Նրա ջոկատում լինելը պատիվ էր ու մեծ դպրոց, որտեղ թրծվել են նաև հայոց բանակի ապագա բազմաթիվ սպաներ:

-Լաչինի ազատագրումից հետո,- շարունակում է Գինոսյանը,- Լ. Ազգալդյանն ասել է, որ մեր հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե նրանց հետևում կանգնած չլինի հայոց կանոնավոր բանակը: Արտասահմանցի լրագրողի` Ազգալդյանին ուղղված հարցին, թե՝ ինքն ի՞նչ գույնի է, այսինքն` ի՞նչ կուսակցության է հարում, հայրենասեր հայորդին ծնկաչոք վերցրել է մի բուռ հող և ասել՝ սա է իր գույնը. հայ զինվորը չպետք է երանգավորում ունենա:

Գ. Գինոսյանը հիշում է նաեւ հրամանատարի մեկ այլ մարգարեություն` եթե ուզում եք, որ Արցախի` Հայաստանին վերամիավորումը հաստատուն լինի, ապա պետք է ազատագրել Քարվաճառը: Քարվաճառը ազատագրվեց արդեն Ազգալդյանի մահից հետո։ Գործողության իրականացումը ղեկավարում էր մեր ժողովրդի մյուս նվիրյալ զավակը` Մոնթե Մելքոնյանը` Ազգալդյանի կազմավորած ջոկատի տղաների ակտիվ մասնակցությամբ։

-Լեոնիդ Ազգալդյանի գերնպատակը պատերազմի դաշտում մարդկային անխուսափելի կորուստների թիվը նվազագույնի հասցնելն էր, -շարունակում է Գինոսյանը,- «Շատ քրտինք` քիչ արյուն», ասում էր նա ու ինքն էլ անձամբ ղեկավարում զինվորների մարզումն ու զինպատրաստության պարապմունքները: Յուրաքանչյուր զինվոր նրա համար անչափ թանկ էր, յուրաքանչյուր կորուստ շատ ծանր էր տանում: Այդ պատճառով էլ ցանկացած գրոհի ամենամանրակրկիտ ձևով էր պատրաստվում` լավագույն տարբերակն ընտրելու համար թշնամու հնարավոր ամեն մի քայլը հաշվարկելով: Ազատ ժամերին ռազմարվեստ էր ուսումնասիրում, հետը գրքերի մի ամբողջ պայուսակ էր ման տալիս։ Յուրաքանչյուր զինվորի հիմնովին բացատրում էր մարտական գործողության բոլոր մանրամասները, հաղթելու ու առաջ շարժվելու միջոցները: Նրա ղեկավարած բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում է իր կարգապահ լինելու կարեւորությունը, նրան պետք չէ պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է ու հրամայել՝ «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում: Հասկանալի է, որ զինվորը հաջորդ անգամ դիրքում էլ չէր քնի: Այսինքն` երբ քո հրամանատարն իրոք բարոյական մեծ նկարագիր ունի, նրա լուռ ներկայությունն անգամ ֆիզիկական պատժից առավել է:

Լեոնիդ Ազգալդյանի մեծությունն ամեն ինչում էր արտահայտվում` նա պաշտում էր իր ժողովրդին, իր հայրենիքը, որը նրա համար ժամանակակից Հայաստանի սահմաններով չէր ավարտվում: Ազատագրելով Արցախը` նա մտովի ազատագրում էր նաև մեր կորսված հողերը։ Պատահական չէ, որ սիրում էր կրկնել. «Մի հավատացեք, եթե ասեն, որ մահացել եմ: Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»:

-Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Ազգալդյանը ցայսօր չի արժանացել ՀՀ Ազգային հերոսի կոչման,-եզրափակում է խոսքը Գ. Գինոսյանը։ – Միթե՞ զավեշտալի չէ, երբ խայտառակ պարտություն կրած ադրբեջանական բանակն ունի 173 ազգային հերոս։ Իսկ մենք նույնիսկ Ազգալդյանի նման տիտանին պետականորեն չենք հերոսացնում։ Միակ սփոփանքս այն է, որ բոլոր ժամանակներում իր արժանավոր զավակներին հերոսի կոչման իրականում ժողովուրդն է արժանացնում: Իսկ ժողովրդի համար վաղուց ի վեր հերոս է ՆԱ…

Մարտական ընկերները մեջբերում են Ազգալդյանի մյուս թևավոր խոսքը Արցախի մասին, որը նա կարողացավ ապացուցել անգամ զոհվելու գնով: «Սա Հայաստան է, և վերջ… Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի, ինչպես նաեւ մնացած հայոց հողերի հանձնումը» …

-Շփվելով հետը, ես զարմանում էի նրա այդքան գիտակ լինելով, նրա պատրաստվածությամբ: Այն, որ Լեոնիդը գիտնական էր, խելացի, դաստիարակված, մտավորական ընտանիքի զավակ, ես գիտեի, բայց որ ռազմարվեստին էլ էր գերազանցապես տիրապետում, ինձ համար թե՛ զարմանալի էր և թե՛ ուրախալի։ Զինվորական կրթություն և ռազմական գործողություններ վարելու փորձ չունենալով` Լեոնիդը կարճ ժամանակում, այն էլ` ծայրահեղ պայմաններում, կարողացավ անել այն, ինչը ռազմական շատ գործիչներ տարիների ընթացքում կանեին: Ռազմական ակադեմիական գրականություն ուսումնասիրելով, Ազգալդյանը ոչ միայն ամենալավն ընտրեց, այլև ստեղծեց իրենը` նորն ու արժեքավորը, ես կասեի` իր դպրոցը: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին,- այսպիսին է տեսել, ճանաչել եւ հիշում Լեոնիդին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Լեոնիդ Ազգալդյանը1992թ. հունիսի 21-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ մղված մարտերում զոհվեց թշնամու գնդակից՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր ու երազանքներ, բայց նրա ջանքերով ստեղծված «Ազատագրական բանակը» հաղթանակների փայլուն ճանապարհ անցավ…

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


28/11/2012