Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ԲԱՑՎՈՂ ՕՐ…



Դ-30 հրետանային դիվիզիոնի հրամանատար մայոր Վահագն Խաչատրյանին հանդիպեցի վերջին օրերին անցկացված զորավարժությունից անմիջապես հետո: Ուրախ էր, բարձր տրամադրությամբ: Հոգնածության ոչ մի հետք: Նույն ոգևորությունն էր տիրում ողջ դիվիզիոնում: Աշնանային արևոտ, գեղեցիկ առավոտյան զորամասի հրապարակում շարված էր անձնակազմը` տողանի: Անմիջական զրույցը հրամանատարի, դիվիզիոնի շտաբի պետ մայոր Արմեն Հակոբյանի և ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Արթուր Մարտիրոսյանի հետ ծավալվեց նույն բարձր տրամադրությամբ` ասես հակառակորդի դեմ հերթական հաղթանակի օրը շարունակվում էր… Ինձ, իհարկե, հայտնի էր գաղտնիքը, որի համար էլ գտնվում էի այդտեղ. դիվիզիոնը զորավարժությունների ժամանակ դրսևորել էր մարտական բարձր պատրաստականություն, արժանացել զորամիավորման հրամանատարի գովասանքին, չէր գրանցվել կանոնների խախտման, անզգուշության որևէ դեպք և, ինչպես իրենք են արտահայտվում` փառք Աստծո, անձնակազմից ոչ մեկի մատը փուշ չի մտել…

Մայոր Վահագն Խաչատրյանն արդեն 10 տարի է, ինչ ծառայում է: Հայրենի քաղաք է դարձել բնակավայրը, որտեղ նա ոչ միայն կայացել է որպես հմուտ, բանիմաց սպա, այլև ձեռք է բերել շատ ընկերներ, ստեղծել է ընտանիք և տեղի զրնգուն բարբառին տիրապետող 6-ամյա զավակի հայր է: Եղբայրը` փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը, նույնպես ծառայում է Հայոց բանակում` որպես առանձին զորամասի հրամանատար:

Ծնվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, գյուղատնտեսի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Գերազանց գնահատականներով ավարտելով այն` նշանակվել է հակատանկային դասակի հրամանատար:

2009 թվականից Դ-30 դիվիզիոնի հրամանատարն է: Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության առաջին աստիճանի», «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» գերատեսչական, «Փառապանծ մարտիկ», «Հայոց արծիվներ», «Տիգրան Մեծ», «Մայրական երախտագիտություն» մեդալներով, բազմիցս արժանացել զորամիավորման հրամանատարության պատվոգրերի, տարաբնույթ խրախուսանքների: 3 անգամ մասնակցել է ՀՀ ԶՈՒ «Լավագույն դիվիզիոնի հրամանատար» մրցույթին, ճանաչվել է լավագույններից մեկը:

– Պարոն մայոր, սկսենք նրանից, որ Ձեր և ողջ անձնակազմի տրամադրությունը շատ բարձր է, ասես իրական մարտի դաշտից եք հաղթանակով վերադարձել…

-Պատկերացրեք` այո՛, վերադարձել ենք հաղթանակով: Կարելի է ասել` ողջ անձնակազմը լիարժեքորեն պատկերացրեց պատերազմի դաշտը` դրսևորելով և՛ խելք, և՛ փորձառություն, և՛ ծայրահեղ իրավիճակում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն: Ամենակարևորը` առանց լուրջ վնասվածքների, առանց զինտեխնիկայի խափանման, «կորստի»: Բազմաթիվ փորձություններով, մարտական դրվագներով հարուստ էին զորավարժության օրերը: Ուրեմն՝ ինչու՞ չասենք մարտադաշտ: Ընդհանրապես, դիվիզիոնի յուրաքանչյուր բացվող օրը մի յուրատեսակ մարտի հրավեր է, որին կազմ ու պատրաստ ենք ամեն վայրկյան:

– Պարոն մայոր, ինչպե՞ս ընտրեցիք հրետանավորի մասնագիտությունը` մտածվա՞ծ, թե պատահականորեն:

– Հեռվից է գալիս ընտրությունս` մանկական տարիքից: Երբ հորեղբայրս` Սամվել Խաչատրյանը (որդիս նրա անունն է հպարտությամբ կրում), 1994թ. ապրիլի 24-ին զոհվեց թշնամու տանկի կրակից, պատմություն կար, թե մեր հրետանին այդ ժամանակ հրաման չուներ կրակելու…Մինչդեռ անհրաժեշտ էր…14 տարեկան էի, սրտիս մեջ վրեժ ու կրակ փոթորկվեց. ես պետք է դառնամ հրետանավոր, այնպիսի հրետանավոր, որ կարողանամ օրհասական պահին ճիշտ, անվրեպ և ինքնուրույն վճիռ կայացնել… Եթե անգամ` հրամանը 1 րոպեով ուշանում է, ամեն ինչ էլ կարող է լինել` պատերազմի դաշտ է: Մինչդեռ, պետք է արագ կողմնորոշվել: Նույն ոգին եմ ամրապնդում իմ ենթակա զինծառայողների գիտակցության մեջ` պահպանել մարտի կանոնները, սակայն հարկ եղած դեպքում չկորցնել ինքնատիրապետումը:

– Կարո՞ղ եք այդպիսի մի դեպք պատմել:

– Կարող եմ հարյուրը պատմել: Բայց կան այնպիսիք, որոնք պատմելու բաներ չեն. դրանք մեր մարտավարության չգրված օրենքներն են: Կնշեմ մեկը. զորավարժության ժամանակ 10 կմ ձգվող կապը հանկարծ ընդհատվեց: Երեկոյան տանկ էր անցել վրայով, և լուսաբացին սկսված «մարտը» թույլ չտվեց ճշտել վնասված լարի տեղը: Մինչև իմ տեղեկանալը (դա տևել է վայրկյաններ), շտաբի պետը օդային կապ է հաստատել, և երկու կողմերն արդեն գործել են սեփական նախաձեռնությամբ. յուրաքանչյուր կողմից 5-ական կմ վազքով 2 զինվոր են դուրս եկել «մարտադաշտ», գտել վնասված տեղը, արագ վերականգնել և վերադարձել ելման դիրքեր: Այսպիսի անսպասելի դեպքերն անխուսափելի են, յուրաքանչյուր զինվոր կամ սպա պետք է իր անձնական փորձը կիրառի, որպեսզի իրավիճակը անկառավարելի չդառնա: Նույն ջերմությամբ ու գովասանքով կարտահայտվեմ նաև պահեստային սպաների մասին, որոնք պարապմունքների ժամանակ ոչ միայն սիրով ու պատասխանատվությամբ էին սովորում, այլև զորավարժությանը մասնակցեցին կազմակերպված, հոգի դնելով իրենց գործի մեջ: Նրանցից յուրաքանչյուրը (ով ինչպես, ինչքան կարող էր) զորավարժությունների ողջ ընթացքում թև ու թիկունք եղավ բանակին,: Ընդհանուր առմամբ, մեծ էր զորավարժության դերը մեր դիվիզիոնի անձնակազմի մարտական պատրաստության համար: Հրետանավորը Դ-30-ի մարտական կրակի արդյունքը գործնականում տեսավ` իրականում զգալով հրետանու հուժկու որոտը:

Ասեմ, որ մեր դիվիզիոնի` զորավարժությանը պատվով մասնակցելուն մեծապես նպաստեցին անձնակազմի բարոյահոգեբանական, բարոյակամային բարձր հատկանիշները, սպա-զինվոր առողջ փոխհարաբերությունները, կարգապահությունը:

Ամբողջացնելով կարող եմ ասել` զորավարժությունն անցավ ներդաշնակ` համաձայն սցենարի: Ամրապնդվեցին և հարստացան սպաների գործնական գիտելիքները, ժամկետային զինծառայողները է՛լ ավելի հմտացան, հստակորեն պատկերացնելով գործնական հրաձգության նշանակությունը: Ամենակարևորը` մեզնից յուրաքանչյուրը` զինվոր, թե սպա, ձգտում էր քաջ լինել, հասնել առավելագույնին:

Դիվիզիոնը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կարող է ճիշտ և ժամանակին արկը մղել դեպի նշանակետ: Եվ մենք վստահ ենք, ինչպես որ խոցեցինք պայմանական հակառակորդին, այնպես էլ ավելի մեծ եռանդով ու քաջությամբ, անհրաժեշտության դեպքում, կխոցենք իրական հակառակորդին:

Զուր չի ասված` հրետանին պատերազմի աստվածն է, նրա ճիշտ խոցումից է մեծապես կախված մարտի հաղթական ելքը: Գոհ եմ բոլորից, նրանցից յուրաքանչյուրը մի-մի դիվիզիոնի պատրաստի հրամանատար է: -Բայց և այնպես, կուզեի նշել զորամիավորումում «լավագույնը» ճանաչված ստորաբաժանումները և նրանց հրամանատարներին. «լավագույն հետախույզ»` կրտսեր սերժանտ Արման Պետրոսյան, «լավագույն հաշվարկ»` սերժանտ Անդրանիկ Արտեմյան, «լավագույն դասակ»` ավագ լեյտենանտ Մկրտիչ Ալակորցյան, «լավագույն մարտկոց»` կապիտան Տիգրան Ավետիսյան: Մարտական պատրաստությամբ և կարգապահությամբ աչքի են ընկել սերժանտներ Արթուր Դիլանյանը, Արմեն Բաղրամյանը, Խաչիկ Գրիգորյանը, Խաչիկ Տաշչյանը, Դավիթ Դարբինյանը, շարքայիններ Մանվել Խրշոյանը, Դավիթ Քիշմիրյանը, Դավիթ Նավասարդյանը, Կարեն Խաչատրյանը և ուրիշներ:

– Պարոն մայոր, ամենից շատ ի՞նչն եք կարևորում Ձեր մասնագիտության մեջ, և ինչո՞վ է պայմանավորում «լավագույնի» համարումը:

– Անկախ ամեն ինչից, զինվորականի մասնագիտության մեջ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմը, մարդկային բարձր արժանիքները, անբասիր նկարագիրը: «Լավագույն դիվիզիոնի» կոչմանը տարիներ շարունակ հենց այնպես չեն արժանանում: Նախ ասեմ, որ դա մեզ համար արդեն կենսակերպ է դարձել (հրամանատարը ժպտում է), որին հասել ենք ամենօրյա, ամենժամյա մեր ջանասիրությամբ եւ կրթվելու ձգտումով: Լինել պատրաստ` ամեն պահի մարտական առաջադրանքները կատարելու անսպասելի, չնախատեսված վայրում, ինչպես նաեւ շտաբային աշխատանքի կուլտուրան մշտապես պահել բարձր աստիճանի վրա` լինի խաղաղության, թե պատերազմի ժամանակ: Ահա այսպես ամեն բացվող օր նորովի կառուցվում-ստեղծվում են մեր մարդկային, ծառայական պարտականություններն ու փոխհարաբերությունները` նպաստելով անձնակազմի մարտական ոգու եւ բարի համբավի պահպանմանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/10/2012