Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել լրագրողական համայնքը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ինչպե՞ս է դիմագրավելու նոր մարտահրավերներին: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովում, որը մեկնարկեց հոկտեմբերի 4-ին Երեւանում, աշխարհի տարբեր երկրների 89 թերթերի, գործակալությունների, հեռուստաընկերությունների և ռադիոկայանների հայազգի ներկայացուցիչները քննարկեցին հենց այս հարցերը:

Համաժողովի մեկնարկի կապակցությամբ ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկայացրեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված էր. «Խորագրի ընտրությունը գնահատում եմ որպես խիստ արդիական: Դուք խորհրդածելու եք համազգային մի հիմնախնդրի շուրջ, որը մեր հավաքական օրակարգում կարեւորագույն տեղ է զբաղեցնում: Անցել է գրեթե մեկ դար, հասակ են առնում աշխարհասփյուռ հայության չորրորդ, հինգերորդ սերունդները, որոնց ներկայացուցիչները նաեւ դուք եք: Թվում է` գնալով ժամանակը պետք է ամոքի ցավը, մեղմի ցասումը, դա թերեւս Օսմանյան կայսրության եւ նրա այլատյաց հետեւորդների սխալ կանխատեսումն է: Պատմությունը հակառակն է ապացուցում, հակառակն են ապացուցում Սարդարապատն ու Արցախյան գոյամարտը, Հայոց անկախ պետությունը, աշխարհասփյուռ հայ եկեղեցիներն ու դպրոցները, Ծիծեռնակաբերդն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ կոթողները, նրանց շուրջը բռունցքված տասը միլիոն հայությունը: Մենք չենք կարող լռել` մանավանդ որ ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր: Սահմանների փակ լինելը, պատերազմի սպառնալիքը եւ ռազմատենչ հայտարարությունները, քնած սպային կացնահարելը եւս ցեղասպանության հետեւանքներ են: Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապատումը, նրա հետեւանքների հնարավոր գործընթացները ոչ միայն ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթություններից են, այլեւ համամարդկային խնդիր»:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հայրենիքում հավաքված հայ լրագրողների համերաշխ եւ մարտնչող ընտանիքի ներկայացուցիչներին, նշեց, որ համաժողովը նպատակ ունի ճշգրտելու այն անելիքները, որոնք լրագրողները պարտավոր են միասնաբար իրականացնել պահանջատիրության եւ արդարության վերահաստատման ճանապարհին: Եվ ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ: Սփյուռքի նախարարը հիշեցրեց, թե ինչպես Հունգարիան առուծախի ենթարկեց համամարդկային արժեքները եւ արտահանձնեց եղկելի ոճրագործին. «Մեզ համար հերոսները ոչ թե տմարդի մարդասպաններն են, այլ իրենց արդար, ազնիվ, մտավոր խաղով աշխարհին հաղթած մեր շախմատիստները, որոնց ոգով էլ դաստիարակում ենք մեր սերունդներին: Շնորհակալություն հայկական համայնքներին, Սփյուռքին, որ համախմբվեց, միավորվեց, դարձավ մեկ մարմին եւ սկսեց պայքարել անարդարության դեմ»: Հրանուշ Հակոբյանը լրագրողներին հորդորեց շատ գրել, խոսել այն պետությունների եւ միջազգային կառույցների մասին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ դրական եւ լավ օրինակով «պարտադրել» այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել եւ շահադիտական կամ այլ նպատակներով հետաձգում են ճանաչումը:

Համաժողովի մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետ մեկնեցին Աղավնաձոր, որտեղ էլ համաժողովը մինչեւ հոկտեմբերի 6-ը շարունակեց աշխատանքը:

ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը իր զեկույցում նշեց, որ օրակարգում համահայկական մեկ միասնական ռազմավարություն մշակելու եւ համադրված գործուն քայլերի իրականացման հրատապ խնդիրն է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի անվտանգության կարեւոր բաղադրիչն են: Այս գիտակցությամբ եւ հրամայականով պետք է առաջնորդվենք մեր աշխատանքների համընդհանուր ռազմավարությունը մշակելիս: Կասկած չկա, որ թուրքական կողմը ջանադրաբար պատրաստվում է հակազդելու 2015 թ. հայկական ալիքին: Այս առումով կարեւոր է հասկանալ այսօրվա թուրք հասարակության շրջանում տիրող մտայնություններն ու գնահատականները, մենք պետք է իրականացնենք հարցախույզ, պատրաստենք թուրքերենով կայքէջեր եւ տեղեկատու շտեմարաններ, շահեկան կապեր հաստատենք թուրքական լսարանում տեղեկատվության արագ փոխանցման, նաեւ հստակ նպատակներով ներազդեցություն ապահովելու համար: Մենք թեկուզ կես քայլ չպետք է ընկրկենք մեր պահանջատիրությունից: Մենք պետք է հաշվարկենք հնարավոր կորուստների իրական ծավալները: Ո՞րն է լինելու Հայաստանի արձագանքը, եթե Թուրքիան Ցեղասպանության խնդիրը ներկայացնի Հաագայի դատարանում: Մենք պետք է պատրաստ լինենք միջազգային բոլոր ատյաններում համադրված ջանքերով ապացուցելու պատմական ճշմարտությունը»:

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի /ԱՄՆ/ համոզմամբ՝ այլևս պետք չէ աշխարհին ապացուցել ցեղասպանության իրողությունը.«Մեզի համար բավարար չէ հպանցիկ ներողամտութեան հայց եւ անհետեւանք ճանաչում, որոնք չեն կրնար բուժել մեր վէրքերը եւ վերացնել Ցեղասպանութեան եւ հայրենազրկման հետեւանքները: Մենք տակաւին կը սպասենք, որ արդարութիւն կատարուի վերականգնելու համար մեր պատմական իրաւունքները: Վերջին տարիներուն հայ փաստաբանները յաջողեցան դատեր բանալ Ամերիկայի դաշնակցային դատարաններէ ներս՝ ապահովելով միլիոնաւոր տոլարներ: Առանց սպասելու որեւէ յաւելեալ ճանաչումի, մենք կրնանք մեր պատմական իրաւունքները հետապնդել իրաւական ուղիներով, ինչպիսիք են Միջազգային դատարանը, ուր միայն պետութիւնները դատ բանալու լիազօրութիւն ունին, ինչպես նաեւ Մարդկային Իրաւանց Եվրոպական Դատարանը եւ այլ երկրներու դատարանները»:

«Խոսնակ» ամսագրի խմբագիր /Լիբանան/ Համբիկ Մարտիրոսյանի առաջարկը՝ Հայաստանում գումարել հայ մեծահարուստների համաժողով եւ նրանց ներդրումներով կառուցել փոքրիկ ավան Վերածնունդ անունով, որպես 100-ամյակի ոգեկոչման հուշարձան եւ տրամադրել ներգաղթյալներին, հիացմունքով ընդունվեց համաժողովի մասնակիցների կողմից:

Ինչպիսի՞ ռազմավարություն պետք է որդեգրեն հայկական սփյուռքը եւ Հայաստանը, հեռահար ի՞նչ նպատակներ պետք է հետապնդեն, որպեսզի կարողանան, առանց մարդկային ու ֆինանսական ռեսուրսները ջլատելու, հասնել առավելագույն արդյունքի: Այս հարցերին իր զեկույցում անդրադարձավ «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Նա նշեց, որ այլեւս դեսպանատների առաջ ցույցեր կազմակերպելը կամ թուրք պաշտոնյաներին անվանարկելը ոչ մի լուրջ հետեւանք չեն ունենում. «Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից, պետք է մեծ աշխատանք տարվի միջազգային լրատվական եւ հասարակական կառույցների հետ, ցեղասպանությունները ուսումնասիրող միջազգային ինստիտուտների, քաղաքացիական ու հասարակական սեկտորի հետ, մշակույթի ու գիտության ոլորտի գործիչների հետ: Տարբեր լեզուներով պետք է հրատարակել ու տարածել ոչ ծավալուն տեղեկատվական գրքույկներ: Մի նկատառում էլ՝ կապված մեր ունեցած գրականության ներկայացման հետ: Ցավոք, միջազգային հանրությանը լայնորեն քաջածանոթ է միայն Ֆրանց Վերֆելի գիրքը, բայց մեր ժամանակակից տաղանդավոր գրող Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպը, օրինակ, որ փայլուն անդրադարձ է ե՛ւ Ռուբեն Սեւակի կյանքին, ե՛ւ Հայոց ցեղասպանությանը, կարող է դառնալ միջազգային բեստսելլեր, դրա հիման վրա կարող է ֆիլմ նկարահանվել, ինչը ավելի մեծ ազդեցություն կունենա, քան քաղաքական որեւէ ելույթ կամ հրապարակում: Պետք է աշխատանքներն ակտիվացնել բուն թուրքական հասարակությանը թուրքերենով լրատվություն տալու հարցում»:

Համաժողովի մասնակիցների հետ Աղավնաձորում հանդիպեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա կարևորեց նման հավաքի անցկացումը և նշեց, որ այն կրելու է շարունակական բնույթ. «Դուք գտնվում եք պատերազմի ճակատում. ով հաղթի տեղեկատվական դաշտում, մարդկանց կարողանա ուղղորդել իր հոդվածներով, նա էլ կկառավարի ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը սուր է, ուստի կարևոր է վեր հանել մեր ազգային խնդիրները և հանդես գալ համախմբված կերպով: Մեր հակառակորդը բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական ասպարեզում հաղթելու համար, իսկ մենք մեր խոսքը և ճշմարտությունը պարտավոր ենք հասցնել բոլորին մեր միասնական գործունեությամբ»: Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողով, որում ընդգրկված են ինչպես հասարակական և քաղաքական գործիչներ, այնպես էլ համազգային նշանակություն ունեցող կառույցների ներկայացուցիչներ: Պատասխանելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին, կառավարության ղեկավարը նշեց. «Հայաստանը մեծապես կարևորում է, որ Թուրքիայում այսօր ձևավորվել է ազատամիտ, Հայոց ցեղասպանության փաստն ընդունող մտավորականների խավ, որը փորձում է իրականությունը ներկայացնել թուրք հասարակությանը: Թուրքիան բազմաթիվ միջազգային կառույցներում, այդ թվում` ակադեմիական և գիտական շրջանակներում, հարկադրված է լինելու ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականությունը, ժամանակն ամեն ինչ դնելու է իր տեղը: Այդ ճշմարտությունը պետք է ոչ միայն հայ, այլև թուրք ժողովրդին»:

Հոկտեմբերի 6-ին լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց նրանց ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում. «Ես հետևել եմ համաժողովի աշխատանքներին և գտնում եմ, որ այն չափազանց կարևոր գործունեություն է իրականացնում: Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի և հանրապետության ղեկավարության առաջնային խնդիրներից է: Այն ոչ միայն անհրաժեշտ է լոկ մեր ժողովրդին, այլև համայն հանրությանը` այսօր և հետագայում նմանաբնույթ ոճրագործություններից խուսափելու համար»: Միջոցառումը եզրափակվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից մի շարք լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ արժանացան գերատեսչական մեդալների ու պատվոգրերի:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ