Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆԿԵՐՆ ԵՄ»



Այս տարվա մարտի 27-ն էր՝ զորամիավորման հանձնաժողովը, որի կազմում էին փոխգնդապետ Հայկազ Ղազարյանը, մայոր Արթուր Միքայելյանը, մայոր Իգոր Չիգոգան եւ փոխգնդապետ Վաչագան Դավոյանը, առաջնագծում ստուգումներ էին կատարում, երբ կողքի հենակետի ուղղությամբ լսվեցին կրակոցներ։ Առանց հապաղելու բժիշկ Ա. Միքայելյանը սուրաց կրակոցների կողմը եւ քիչ անց հայտնաբերեց վիրավորված զինվորին։ Հակառակորդի կրակահերթերը շարունակվում էին, բայց բժիշկը կարողացավ զգուշորեն մոտենալ նրան ու դուրս բերել վտանգավոր գոտուց։ Հետո նրան օգնության հասավ կապիտան Արթուր Բաղդասարյանը։ Տեղում առաջին օգնությունը ցույց տալուց հետո զինվորին անմիջապես տեղափոխեցին հոսպիտալ, եւ նրա կյանքը փրկվեց, իսկ ճիշտ կողմնորոշվելու եւ ցուցաբերած անձնազոհության համար մայոր Ա. Միքայելյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

-Համոզված եմ՝ իմ փոխարեն ով էլ լիներ, այդպես էր վարվելու,- համեստորեն ասում է նա, իսկ զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ս. Թորիկյանի կարծիքով՝ զինվորը փրկվել է միմիայն բժշկի արագ կողմնորոշման շնորհիվ։

Զրույցը ծավալվում է ամառային այս շոգ եղանակին զորամասերում տիրող իրավիճակի, տարվող կանխարգելիչ աշխատանքների շուրջ.

-Զորամասերից երկուսը ռիսկային գոտում են։ Պարբերաբար տարվող կանխարգելիչ աշխատանքների, քլորացման շնորհիվ չունենք ինֆեկցիոն հիվանդություններ, հսկում ենք, որ այս ընթացքում ծնողները կրեմով պատրաստված թխվածքներ չբերեն զորամաս։ Այսօր մեր բոլոր զորամասերը համալրված են երիտասարդ ու փորձառու բժիշկներով, մեծ զորամասերում կան ռենտգեն սարքավորումներ, ատամնաբուժական կաբինետներ։ Մեր սպաներն էլ օգտվում են զորամասերի ատամնաբույժների ծառայություններից։ Ասեմ նաեւ, որ վերջին զորավարժությունը, որն անցկացվեց Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում, անցավ հաջողությամբ, ոչ մի խնդիր չունեցանք։

Ավելացնեմ, որ մայոր Արթուր Միքայելյանը բուժականցի է, ամուսնացած է եւ ունի երկու որդի։ 1995թ. նա ընդունվել է բժշկական համալսարան, 1997-ին տեղափոխվել է ռազմաբժշկական ֆակուլտետ։ Ինտերնատուրան ավարտելուց հետո արդեն 2002թ., ծառայում է զորքերում։ Հինգ տարի եղել է առաջնագծում, հետո սովորել է օրդինատուրայում: 2010-ից զորամիավորման բուժծառայության պետն է։

Ես զինվորների ընկերն եմ եւ նրանց առողջ ապրելակերպի խորհուրդներ եմ տալիս։ Չեմ ուզում, որ նրանք իմ կամ մեկ այլ բժշկի օգնության կարիքն ունենան։ Թող նրանք առողջ լինեն, մենք՝ անգործ։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ազգային բանակ


22/08/2012