Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ



Հիսուսի համբարձումից հետո Մարիամ Աստվածածինն ապրում էր Հովհաննես առաքյալի խնամքի ներքո, ինչպես որ Տերը պատվիրեց խաչափայտի վրա։ Տիրամայրն իր օրերն անցկացնում էր ջերմեռանդ աղոթքով եւ վայելում էր աշակերտների ուշադրությունն ու հոգատարությունը։

Մի օր Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Կույսին եւ ասաց, որ երեք օր հետո երկինք պիտի փոխադրվի։ Մարիամն անչափ ուրախացավ եւ բարձրացավ Ձիթենյաց լեռը՝ աղոթելու։ Վերադառնալով՝ կանչեց առաքյալներին ու իր ազգականներին եւ հայտնեց հրեշտակապետից լսածը։ Հովհաննես առաքյալը պատարագ մատուցեց, որպեսզի Կույսը վերջին անգամ Հաղորդություն ստանա։

Բոլոր առաքյալները տխրել էին Աստվածամոր սպասվող վախճանի համար։ Այդ ժամանակ Հովհաննես առաքյալը, մի տախտակ տալով Աստվածամորը, ասաց. «Թող մեզ քո պատկերը, որ բաժանումից հետո պատկերովդ մխիթարվենք»։ Սրբուհին վերցրեց տախտակը, դրեց երեսին եւ թրջեց այն իր արցունքներով։ Երբ վերադարձրեց, առաքյալները տեսան, որ տախտակի վրա դրոշմվել էր սուրբ Կույսի դիմապատկերը։

Առաքյալները Տիրամոր մարմինն ամփոփեցին Գեթսեմանի այգում։ Երեք օր շարունակ գերեզմանատնից լսվում էր հրեշտակների փառաբանական օրհներգությունը։ Չորրորդ օրը՝ առավոտյան, հրեշտակների բանակը, Հիսուսի գլխավորությամբ, իջավ երկնային բարձունքից եւ Սրբուհու մարմինը երկինք փոխադրեց։

Բարթողիմեոս առաքյալը ներկա չէր վերջին հրաժեշտին։ Երբ վերադարձավ Երուսաղեմ, դառնագին ողբաց՝ լսելով Կույսի վախճանի մասին։ Նրա թախանձանքին անսալով՝ առաքյալները որոշեցին բացել գերեզմանը՝ Աստվածամոր սուրբ դեմքը վերջին անգամ տեսնելու համար։ Բայց, ի զարմանս բոլորի, գերեզմանը դատարկ էր։ Այդ ժամանակ երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Մի՛ վախեցեք, Տիրամոր մարմինը Որդին երկինք բարձրացրեց»։

Սուրբ Կույսի պատկերով տախտակը առաքյալները հանձնեցին Բարթողիմեոսին, որպեսզի մխիթարվի եւ տանի իր հետ այն երկիրը, ուր պիտի գնա քարոզելու։

Ըստ ավանդության՝ Բարթողիմեոսը եկավ Հայաստան եւ սուրբ Մարիամի պատկերով բազմաթիվ հիվանդներ բժշկեց։ Նա զետեղեց նկարը Անձեւացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում, որտեղ հետագայում կառուցվեց Ս. Աստվածածին եկեղեցին։

Ահա այս պատճառով հայ եկեղեցական արվեստում Բարթողիմեոս առաքյալը պատկերվում է Տիրամոր պատկերը ձեռքին։

Հայոց բոլոր եկեղեցիների խորանները զարդարում է «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերը, որում Տիրամայրը պատկերվում է Մանուկ Հիսուսը գրկին։

Ս. Աստվածածնի վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողություն։ Այդ օրը եկեղեցում խնդրվում է Աստծո օրհնությունը եկեղեցուն նվեր բերված խաղողի ողկույզներին եւ ճաշակողներին, որպեսզի նրանք արժանի լինեն մեղքերի թողության եւ դառնան առողջ՝ մտքով ու հոգով։ Խնդրվում է, որ Տերն օրհնի պտուղը բերողներին, օրհնի որթատունկերը, այգիները, որպեսզի լինեն պարարտ ու բերրի, եւ հավատացյալներն էլ ճաշակելով՝ արժանի դառնան երկնքի արքայությանը։

Վերափոխման տոնը մեր Եկեղեցին նշում է օգոստոսի 15-ի մոտակա, այսինքն՝ օգոստոսի 12-18-ը հանդիպող կիրակի օրը։

Պատրաստեց ԿԱՐԵՆ ԹԱՆԳՅԱՆԸ
կապիտան

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Հոգևոր-մշակութային


15/08/2012