Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ ՄԱԴԱԹՈՎԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Մադաթովի մտահղացումը պսակվեց լիակատար հաջողությամբ. խուճապի մատնված թշնամին սկսեց անկանոն նահանջել, ինչը շուտով վերածվեց բացահայտ փախուստի: Առաջինը մարտադաշտից ճողոպրեց Մեհմեդ Միրզան` լքելով շահի ընտրյալ ջոկատը` գվարդիան, որը գլխովին ջախջախվեց: Ռուսական զորքերը տիրացան նաև մեծաքանակ ռազմավարի` մի քանի հրանոթ, շուրջ 2000 հրացան, անհամար քանակությամբ զինամթերք և պարեն:
Այս փայլուն հաղթանակի համար հայազգի զորավարը պարգևատրվեց ադամանդակուռ սրով` «Քաջության համար» մակագրությամբ:

ԵԼԻԶԱՎԵՏՊՈԼԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հաղթական ճակատամարտից հետո Մադաթովի ջոկատը արագորեն առաջացավ դեպի Ելիզավետպոլ, որի պարսկական կայազորը (շուրջ 1500 զինվոր), Շամխորի ջախջախիչ պարտությունից ահաբեկված, հրամանատարի` Նազար Ալի խանի գլխավորությամբ իսկույն լքեց քաղաքը։

Սեպտեմբերի 13-ի գիշերը Մադաթովին ներկայացան երկու հայեր, որ ծառայում էին Աբաս Միրզայի մոտ: Նրանք հայտնեցին, որ թշնամու զորքերը մթության քողի տակ առաջ են շարժվում` լուսադեմին անակնկալ հարձակում գործելու համար: Մադաթովը վճռեց նախահարձակ լինել և կանխել թշնամուն: Լուսաբացին, իր առաջապահ ջոկատով արագորեն շարժվելով թշնամուն ընդառաջ, նա հրետանային հուժկու կրակ բացեց հակառակորդի զորքերի կենտրոնի վրա` խախտելով նրանց շարքերի դասավորությունը:

Ապա Մադաթովը թույլ տվեց, որ թշնամին անկանոն շարքերով առաջանա` սառնասրտորեն սպասելով վերջինիս մերձենալուն, և միայն այն ժամանակ, երբ հակառակորդի հեռավորությունն ընդամենը 100 քայլ էր, ռուսական զորքերի առջևում շողշողաց Մադաթովի սուրը, և լսվեց նրա խրոխտ գոչյունը. «Հառա՜ջ, հուռա՜»: Նրա առաջապահ ջոկատը սրընթաց մխրճվեց հակառակորդի շարքերի մեջ և հուժկու հարվածով ճեղքեց կենտրոնը:

Փոքրաթիվ ջոկատի այս հանդուգն քայլից անակնկալի գալով` թշնամին ընկրկեց: Թույլ չտալով նրան ուշքի գալ առաջին հարվածից` հարձակման անցան նաև ռուսական մյուս զորաջոկատները: Չդիմանալով ռուսական զորքերի հզոր ճնշմանը` թշնամին սկսեց անկանոն նահանջել: Ռուսական զորքերը, գեներալ Մադաթովի գլխավորությամբ, սկսեցին կրնկակոխ հետապնդել գլխակորույս նահանջող պարսից զորքերին:

Այս փայլուն հաղթանակից Պասկևիչը այնքան էր ոգևորվել, որ չկարողացավ թաքցնել իր հիացմունքը և ողջագուրվելով` շնորհակալություն հայտնեց գեներալ Մադաթովին: Վերջինս իր սխրանքի համար արժանացավ գեներալ-լեյտենանտի կոչման և իր երկրորդ ադամանդակուռ սրին` «Արիության համար» մակագրությամբ:

Ելիզավետպոլի ճակատամարտից հետո գեներալ Մադաթովը, հետապնդելով նահանջող թշնամուն, շտապեց օգնության հասնել Շուշի բերդաքաղաքին: Մի քանի օր անց նրա ծննդավայրը` Արցախը, ամբողջությամբ ազատագրվեց պարսկական զորքերից: Գեներալ Մադաթովը իր ջոկատի գլուխ անցած` հանդիսավոր երթով մտավ Շուշի: Քաղաքի կայազորը` գնդապետ Ռեուտի գլխավորությամբ, քաղաքային իշխանության ներկայացուցիչները և ողջ բնակչությունը մեծ ցնծությամբ ու օրհնանքներով դիմավորեցին իրենց ազատարարին:

Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ճակատագրեր, Պատմության էջերից


08/08/2012