Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՍԱԼԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՒՍԱԼԻ ԲԱՆԱԿ



Հոկտեմբերի 5-6-ը Երեւանում անցկացվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովվածության արդի խնդիրները ԱՊՀ-ում» թեմայով միջազգային կոնֆերանս, որը կազմակերպվել էր Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի ֆինանսավորմամբ եւ «Զինվորի մայր» ՀԿ աջակցությամբ: Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Հայաստանից:
«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանը տեղեկացրեց, որ նման կոնֆերանսներ կազմակերպվել են նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում: Դրանց նպատակը զինծառայողների սոցիալական ապահովվածությունը բարելավելու ուղիներ առաջարկելն է:
Զեկույցներով հանդես եկան սոցիալական ապահովվածության ոլորտի ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարարության սոցիալական ապահովվածության վարչության տեղեկատվության վերլուծության բաժնի պետ Լյուդմիլա Ղահրամանյանը ներկայացրեց զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց ցույց տված սոցիալական աջակցության մի շարք տվյալներ. «2003-2010 թթ. ընթացքում բնակարան ձեռք բերելու համար 9 միլիարդ 551 միլիոն 520 հազար դրամի անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների անդամներին: 2007-2010 թթ. շահագործման է հանձնվել 37 բնակելի շենք, իսկ 2010-2011թթ. ծրագրով նախատեսված է եւս 14 բնակելի շենքերի կառուցում` 347 բնակարաններով»: Ըստ ներկայացված տվյալների` 2010 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ, վարձակալված բնակարանների դիմաց դրամական փոխհատուցում են ստացել 1850 զինծառայողներ: Կոնֆերանսի օտարերկրյա մասնակիցներին հետաքրքրեց, թե արդյոք փոխհատուցվող գումարով հնարավոր է բնակարան վարձել, պատասխանը դրական էր: Գրետա Միրզոյանը նշեց, որ ավելի նպատակահարմար կլիներ բնակարանների վարձակալման համար տրվող գումարներով բնակելի շենքեր կառուցելը, ինչը խնդրի երկարաժամկետ լուծում կլիներ: Նման առաջարկով նա արդեն դիմել է պաշտպանության նախարարություն:
Նշվեց նաեւ, որ 2007-2010 թթ. 151 բնակարան սեփականության իրավունքով հատկացվել է զինվորական թոշակառուների եւ զինծառայողների, ինչպես նաեւ 271. 679.000 դրամի միանվագ դրամական օգնություն է հատկացվել 9964 կարիքավոր ընտանիքների: Ռուսաստանի հանրային խորհրդի անդամ, վերլուծաբան Իրինա Պոլինկովան մեզ հետ զրույցում նշեց. «Ինձ ոգեւորեցին սոցիալական օգնության այն ձեւերը, որոնք կիրառվում են հայկական բանակում, չնայած այն հանգամանքին, որ տնտեսական ճգնաժամ է, իսկ Հայաստանի բյուջեն՝ փոքր: Հատկապես գովելի է, որ բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն է տրամադրվում զոհվածների ընտանիքներին, մեզ մոտ այս ոլորտում անելիքները դեռ շատ են»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանի բյուջեի 26.1 տոկոսը ուղղված է սոցիալական ապահովվածությանը, նաեւ ներկայացրեց օրենսդրական դաշտը, հաշմանդամների ներգրավվածությունը հասարակական կյանքում, բուժօգնության ձեւերը եւ այլն:
Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանն անդրադարձավ երկու օրենսդրական փոփոխությունների, որոնք սոցիալական ոլորտի կարգավորմանն են ուղղված. Նա նշեց, որ զինծառայողների կենսաթոշակային ապահովության խնդիրները կարգավորվելու են պետական կենսաթոշակների մասին նոր օրենքով, որն ուժի մեջ է մտնելու 2011թ. հունվարի 1-ից: Դա դրական փոփոխություն է, քանի որ քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված բոլոր հարցերը մեկտեղվելու են մեկ օրենքում: ԱԺ ներկայացված «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ Ս. Սիմոնյանի, նույնպես կարելի է սոցիալական պաշտպանությանն ուղղված քայլ համարել, քանի որ բոլոր զինծառայողների փոխհարաբերությունները եւ պարտականությունները օրենքով են սահմանվում:
Քննարկման մասնակիցներին հետաքրքրում էր, թե հայկական բանակն ինչպես է համալրվում պայմանագրային զինծառայողներով: Հարցերին պատասխանեց Սասուն Սիմոնյանը. «Համալրումն իրականացվում է փուլերով՝ մինչեւ 2015 թ.: Պայմանագրային զինծառայողների թիվն այդ ժամկետում պետք է հասցվի ԶՈՒ թվաքանակի 50 տոկոսին: Պայմանագրայիններ ընտրելիս մենք շեշտը դնում ենք գյուղի բնակչության վրա, ինչը նաեւ զբաղվածության խնդիրն է լուծում: Պայմանագրային զինծառայողներին ուսում ստանալու հնարավորություն է ընձեռվում հեռակա կարգով, իսկ ժամկետային զինվորներին՝ զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում՝ պետպատվերի շրջանակներում, եթե հավաքում են անցողիկ միավորներ: Նրանք ցանկության դեպքում կարող են դառնալ պայմանագրային զինծառայող»: Ներկաներին հետաքրքրեց, թե արդյոք զինվորը կարո՞ղ է պարտադիր զինվորական ծառայությունը փոխարինել պայմանագրային զինծառայությամբ. «Այո՛, այդ հնարավորությունը նա ունի,- եղավ պատասխանը,- պայմանագրային ծառայության երկու օրը համարվում է պարտադիր ծառայության մեկ օր, իսկ եթե որոշում է հրաժարվել պայմանագրային ծառայությունից, շարունակում է պարտադիր ծառայությունը»:
Խաբարովսկի «Զինվորի մայր» ՀԿ ներկայացուցիչ Վալենտինա Ռեշոտկինան նշեց, որ Հայաստանում պայմանագրային զինծառայության ինստիտուտի ներդրման հետ կապված սոցիալական խնդիրները լուծվում են ավելի արդյունավետ, քան Ռուսաստանում:
Կոնֆերանսում արտահայտված կարծիքներն ու տեսակետները առաջարկությունների տեսքով նախատեսվում է ներկայացնել պաշտպանության նախարարություն:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Սոցիալ-իրավական


15/02/2011