Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ



Հայոց բանակում հայազգի երիտասարդների կողքին բարեխղճորեն և նվիրված ծառայում են նաև այլազգի երիտասարդներ, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են Հայաստանում, դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Եվ հայազգի իրենց հասակակիցների կողքին իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ։

Կապիտան Սերգեյ Ալեքսանդրի Կրոխալևը հյուսիսարևելյան սահմանային զորամասերից մեկի ծառայության պետն է։ Ավարտել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որից հետո ընդունվել և բարձր առաջադիմությամբ ավարտել է թիկունքի բարձրագույն զինվորական ինստիտուտը։

Մեր հանդիպման օրը Սերգեյը զորամասի հերթապահն էր, ուստի փորձեցի նրա հետ զրուցել հերթապահության հաջորդ օրը։

-Հոգնած կլինես, գուցե հանգստանաս։

-Սահմանում չեն հոգնում։ Եթե հարկ լինի, կարող եմ այս գիշերն էլ ոտքի վրա լուսացնել։ Սահմանային ծառայությունը նաև հենց դրանով է տարբերվում թիկունքային զորամասերի ծառայությունից։ Այստեղ կատարում ենք մարտական առաջադրանք, և զորամասի յուրաքանչյուր սպա այնքան վարժ է և կոփված, որ մեկ-երկու օր աչք չկպցրած սպային չես ասի, թե անքուն է։

-Արմատներով որտեղի՞ց ես,- հարցնում եմ կապիտան Կրոխալևին։

-Հայրս ազգությամբ բելառուս է, չնայած ծնվել, մեծացել և այսօր բնակվում է Նովոսիբիրսկում։

-Իսկ ինչպե՞ս են հանդիպել ծնողներդ։

-Հայրս ինքնաթիռի մեխանիկ է եղել և աշխատանքային հարցերով հաճախ է այցելել Հայաստան։ Մայրս պատմում է, որ հորս ուղղակի գերել է հայոց լեռնաշխարհը։ Մայրս էլ այդ տարիներին աշխատելիս է եղել օդանավակայանում՝ որպես դիսպետչեր, որտեղ էլ հանդիպել, ծանոթացել և ամուսնացել են… Հետո ծնվել եմ ես։

-Հայաստանը հայրիկին գերեց, իսկ մայրիկն էլ գերեվարեց,- կատակում եմ ես։

-Գուցե այդպես։

-Ինչո՞ւ որոշեցիր դառնալ զինվորական։

-Անկեղծ ասած, փոքր տարիքից սիրահարվել էի զինվորական համազգեստին։ Իմ հասակակից երեխաները բակում ամենատարբեր խաղերով տարված այս ու այն կողմ էին վազվզում, իսկ ես հայացքով զինվորական էի փնտրում։ Եվ եթե գտնում էի, վազելով մոտենում էի, ողջունում էի զինվորավայել, խնդրում էի թույլ տալ հպվելու համազգեստին, ուսադիրներին։ Հաճախ նրանք շոյում էին գլուխս, գրկում և թույլ տալիս իրականացնել ցանկությունս։ Ինձ ամենից շատ ուրախացնում էր մեդալների ու շքանշանների զրնգոցը, բայց այդպիսիք քիչ էին պատահում։ Ութերորդն ավարտեցի թե չէ, մայրիկիս ասացի, որ ուզում եմ զինվորական դառնալ և որոշել եմ ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Գիտե՞ք, մի քիչ էլ գենով, արյունով է գալիս։ Ես ասացի, որ հայրական կողմս բուլբաշներ են, իսկ նրանք զինվորական գործը շատ են սիրում։ Բարձր առաջադիմությամբ ընդունվեցի թիկունքի բարձրագույն ռազմական ինստիտուտ, որն էլ հաջողությամբ ավարտեցի ու վերադարձա հայրենիք։

-Լավ ասացիր՝ հայրենիք։

-Այո՛, հայրենիք։ Այն երկիրը, որտեղ ծնվել, հասակ ես առել, քո հայրենիքն է։

-Ավարտելուց հետո այս զորամա՞ս նշանակվեցիր ծառայության։

-Ո՛չ։ Սկզբում երկու տարի ծառայել եմ տանկային առանձին գումարտակում՝ որպես պարենային և իրային ծառայության պետ, որից հետո պաշտոնի բարձրացումով տեղափոխվել եմ այստեղ։

-Ենթադրում եմ, որ ամուսնացել ես, մատիդ ամուսնական մատանի եմ նկատում։

-Նոր եմ ամուսնացել։

-Ամենաշատը ո՞ւմ ես կարոտում։

-Մայրիկիս։ Պարզապես ժամանակ չեմ ունենում մորս այցելելու։ Պատահել է այնպես, որ ծառայական հարցերով գնացել եմ Երևան, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ կարողացել մորս այցելել։ Ի՞նչ արած. ծառայությանս բնույթն է այսպես։ Մայրս էլ է ինձ հասկանում և հորդորում է, որ չնեղսրտեմ։ Արձակուրդներին պարտաճանաչորեն այցելում եմ մորս կամ էլ, եթե ցանկանում է, ինքն է գալիս ինձ մոտ։ Շատ է հավանել Տավուշը, նրա չնաշխարհիկ բնությունը։

-Ինչ-որ մաղթանք, ցանկություն կասե՞ս։

-Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին։ Թող ամեն առավոտը խաղաղ բացվի, և կյանքն այստեղ այնքան լավանա, որ հայերը չհեռանան իրենց հայրենիքից, հայկական գյուղերը չդատարկվեն։ Դժվարություններ բոլոր ժամանակներում էլ եղել են։ Պետք է դիմանանք, ամեն մեկս մեր կատարած աշխատանքով շենացնենք մեր հայրենիքը, Հայաստանը։ Ես այդպես եմ մտածում։

♦♦♦

Եզդի Զարխան Ավդալյանը Սոս Բարաբաշի ծառայակից ընկերն է։ Մասնագիտությամբ մոտոհրաձիգ է, ծառայում է մեկ տարի։ Զարխանը բազմանդամ ընտանիքի հինգերորդ զավակն է։

-Քանի՞ երեխա եք,- հարցնում եմ նրան։

-Վեց եղբայր ենք և մեկ քույր,- ժպտալով պատասխանում է։

-Եղբայրներդ ծառայե՞լ են։

-Մի մասը՝ այո, մի մասը՝ ոչ։

-Զարխա՛ն, գիտե՞ս, որ եզդիներն էլ քաջ կռվողներ են։

-Իհարկե գիտեմ, որ եզդիներն էլ են մասնակցել Արցախյան պատերազմին, ունեցել են նաեւ ցավալի կորուստներ։ Այս ամենը հորս պատմելով գիտեմ, ես այն ժամանակ դեռ ծնված էլ չեմ եղել։

-Ինչպե՞ս է ընթանում ծառայությունդ առաջնագծում, Զարխա՛ն,- հետաքրքրվում եմ։

-Շատ լավ։

-Գո՞հ ես ծառայությունից։

-Զաֆռնդա, գշկա սլավդկմ,- իր մայրենիով պատասխանեց Զարխանը, ինչը բառացիորեն նշանակում է՝ ամեն ինչ լավ է։

♦♦♦

Կրտսեր սերժանտ հրետանավոր Կարեն Շուրայի Օսիպովը ծնվել, հասակ է առել Տաշքենդում։ Թեքվանդոյի Ուզբեկստանի պատանիների չեմպիոն է։

-Կարե՛ն, գիտե՞ս, որ Տաշքենդը կիսով չափ նաև հայկական քաղաք են համարում։

-Հայրս պատմել է, որ Ուզբեկստանում շատ հայեր են բնակվել, և հատկապես 1966թ. կործանարար երկրաշարժից ավերված Տաշքենդը վերակառուցվել, շենացել ու գեղեցկացել է նաև հայ շինարարների, ճարտարապետների շնորհիվ։

-Այսօ՞ր էլ են հայերը շատ Տաշքենդում։

-Հիմա զգալիորեն նվազել է նրանց թիվը։ Հեռանում են Ուզբեկստանից, գլխավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն։ Մեր ընտանիքն էլ, բացառությամբ մորս (նա Հայաստանում է և մնալու է, մինչև ծառայությունս ավարտեմ), հայրս և երկու քույրերս արդեն մեկ տարուց ավելի է, ինչ բնակվում են Մոսկվայում։

-Նկատում եմ՝ հայերեն այնքան էլ լավ չես խոսում։

-Մինչև բանակ գալս հայերեն մեկ-երկու բառ եմ իմացել՝ «հա, չէ, հաջող»։ Այսքանն էլ սովորել եմ ծառայությանս ընթացքում, կարծում եմ՝ մեկ տարվա համար վատ չէ։

-Ծնվել, ապրել ես Տաշքենդում, եկել ես պարտքդ տալու հայրենիքին։ Ապրե՛ս, Կարե՛ն, իսկական տղամարդուն վայել քայլ ես կատարել։ Շնորհակալություն քեզ։

-Եթե ծնողներիս, պապերիս հայրենիքն է (ի դեպ, հենց ծնողներս են սերմնացանները հայրենիքի հանդեպ ունեցած իմ սիրո), ուրեմն նաեւ մեր հայրենիքին է՝ իմ եւ քույրերիս։ Լավ կյանքից չի, որ ծնողներս հաստատվել են Ուզբեկստանում։ Նրանք ինչքան էլ հեռու են եղել հայրենիքից, մեզ միշտ էլ պատմել են Հայաստանի, նրա հերոսական ժողովրդի, գեղատեսիլ բնության մասին։

-Զորացրվելուց հետո կմնա՞ս Հայաստանում։

-Ճիշտն ասած՝ որոշել եմ մեկնել Ռուսաստան։ Մի քանի տարի կաշխատեմ, բայց-որ մի օր վերադառնալու եմ՝ հաստատ է։

-Սիրելի՛ Կարեն, դու թեքվանդոյի Ուզբեկստանի պատանիների չեմպիոն ես, ինչը լուրջ ձեռքբերում է։ Շարունակելո՞ւ ես զբաղվել սպորտով։

-Զորացրվելուց հետո շարունակելու եմ մարզվել, եթե ամեն ինչ լավ ստացվի, գուցե և տեղափոխվեմ պրոֆեսիոնալ ասպարեզ։

♦♦♦

Շարքային Սոս Բարաբաշը ծառայում է հյուսիսարևելյան սահմանամերձ զորամասերից մեկում, որի հրամանատարը գնդապետ Հ. Ավագյանն է։ Չորս ամսից կավարտվի նրա զինվորական ծառայությունը։

Սոսը Տաշիրի շրջանի Կաթնառատ գյուղից է։ Փոխգնդապետ Է. Հովհաննիսյանը նրան այսպես բնութագրեց. «Հավասարակշռված զինվոր է, իր պարտականությունների մեջ չթերացող, ընկերասեր և բոլորի կողմից հարգված»։

Ես նկատել եմ, որ մեր բանակում զինվորները չեն սիրում խոսել ո՛չ ծառայության, ո՛չ էլ իրենց մասին։ Հազվադեպ եմ հանդիպել այնպիսի զինվորի, որ պատրաստակամ է եղել ինձ հետ անկեղծ զրույցի բռնվել։ Սոսը առաջինների շարքից է, նա էլ չխոսկան դուրս եկավ։ Ինչպես ասում են՝ բառերը բերանից պետք է աքցանով քաշես։ Իհարկե, մի քիչ էլ անտրամադիր էր. սիրած աղջկան էին փախցրել…

Մինչև ծառայելը Սոսն աշխատել է Մոսկվայում, գումար վաստակել, տան հոգսերը հոգացել, մի խոսքով՝ ընտանիքի կեցության հարցերն է լուծել։ Երբ տնեցիք ծանուցագիրը ստացել են, հեռաձայնել են նրան, և Սոսն առանց երկմտելու շտապել է տուն։

-Հենց զանգեցին, ասացին, որ ծանուցագիր են բերել զինկոմիսարիատից, երեք օրվա մեջ գործերս կարգավորեցի, տոմս գնեցի ու վերադարձա։ Եկա պարտքս տալու։ Պարտքից խուսափել չի կարելի։ Իմ հայրենիքը Հայաստանն է, և ես զինվորական պարտքս կկատարեմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ,- ասաց շարքային Բարաբաշը։

-Զորացրվելուց հետո ի՞նչ ես անելու,- հարցնում եմ։

-Կրկին կմեկնեմ Ռուսաստան։

-Ընդմի՞շտ։

-Չեմ կարծում։

Զրույցի վերջում Սոսը բացվեց.

-Ձգտում եմ ծառայել այնպես, որ ոչ մեկին՝ ո՛չ ծառայակից ընկերներիս, ո՛չ հրամանատարներիս չնեղացնեմ։ Չվշտացնեմ նաև ծնողներիս՝ հատկապես մորս։ Ծառայության ընթացքում ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ՝ Վոլոդյա Ռաֆայելյանը, Ֆերո Շամոյանը, Սարգիս Պետրոսյանը, Խաչիկ Սողոյանը, Աշոտ Գրիգորյանը։

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ազգային բանակ


01/08/2012