Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ավելի մեծ ազատություն կստանան արտասահմանյան պատվիրատուների հետ գործարքներ կնքելիս: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ անհրաժեշտ է ավելի ակտիվորեն գումարներ վաստակել նախկինում արտասահման մատակարարված տեխնիկայի նորոգման և սպասարկման միջոցով, որին խանգարում է համաձայնեցումների չափազանց բարձր մակարդակը: Պատվիրատուների պաշտոնական դիմումների ուսումնասիրությունը, պայմանագրերի նախապատրաստումը, թղթաբանական քաշքշուկը շատ երկար են տևում: Գործընթացը պարզեցվելու է` հնարավորություն տալով ավելացնելու արտահանվող արտադրանքի տեսականուց ստացվող եկամուտը: Մի քանի ձեռնարկություններ արդեն իրավունք են ստացել ինքնուրույն պայմանագրեր կնքել արտասահմանյան պատվիրատուների հետ պահեստամասերի մատակարարման և տեխնիկայի նորոգման վերաբերյալ: Այդ ձեռնարկությունները չեն կարող մատակարարել ամբողջությամբ հավաքված ռազմական տեխնիկա: Այդպիսի արտադրանք կարող է վաճառել « Рособоронэкспорт » ընկերությունը, ինչպես նաև « Звездочка » և « Адмиралтейские верфи » նավաշինարանները:

Վերջին շրջանում Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ռազմական արտահանումը խթանելու նպատակով: Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, 2012թ. առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանումը աճել է 14 տոկոսով` կազմելով 6,5 միլիարդ դոլար: Նոր պայմանագրերի ծավալը կազմել է 5,7 միլիարդ դոլար` 2,4 միլիարդով ավելի: Ներկայումս Ռուսաստանը 43 միլիարդ դոլարի ռազմական պատվերներ ունի:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Մայոր