Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԿԱԹՅԱ ՆԺՈՒՅԳՆԵՐ

Պատմում է Սեյրան Շահսուվարյանը

Վազգեն Սարգսյանն անձամբ գնում էր դիմավորելու տանկերով բեռնավորված ինքնաթիռները։ Երբ տանկերը՝ երկաթյա այդ հսկաները, իջեցնում էին բեռնատար ինքնաթիռից, մոտենում էր, շոյում, խոսում հետները, ասես շնչավոր արարածներ լինեին։
Տանկերի առաջին խմբաքանակը դիմավորելիս, Վազգեն Սարգսյանի հետ էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը։ Օրհնանքի խոսքերից, բարեմաղթանքներից հետո, կաթողիկոսը մոտեցավ առաջին տանկին, ձեռքով սրբեց փոշին ու զարմացած հարցրեց Վազգենին.
-Վազգե՛ն ջան, էս ինչո՞ւ չեն փայլում, փայլ չունեն։
Վազգեն Սարգսյանը ծիծաղելով պատասխանեց.
-Վեհափառ, սրանք հո «06» չե՞ն, սրանք տանկեր են, սրանց գեղեցկությունն ուժի մեջ է,- ու նորից սկսեց իր ձեռքով շոյել, փաղաքշել։
Անբացատրելի մի սեր էր ծնվել երկաթե նժույգների եւ Վազգեն Սարգսյանի միջեւ։ Տանկային նոր զորամաս տեղափոխված հսկաներին մեկ էլ անակնկալ այցելության էր գնում, հետաքրքրվում, զրուցում արդեն ձեւավորված անձնակազմի տղաների հետ, խորհուրդներ տալիս, լսում նրանց։
-Մեր բանակի, մեր երկրի անդավաճան պաշտպաններն են, սակայն ձին ձի է իր հեծյալով՝ լավ տիրապետեք երկաթե այս նժույգներին,- սիրում էր կրկնել Վազգեն Սարգսյանը: