Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ



Թուրքիան քաղաքակրթությունների խաչմերուկում է, և թուրք ժողովրդի սովորույթներում հաճախ են միաձուլվում արևելյան և արևմտյան մշակույթների տարրերը: Այնուամենայնիվ, նրանք ունեն առանձնահատուկ որակներ, որոնք նախևառաջ պայմանավորված են կրոնով: Թուրքերին բնորոշ են ֆանատիզմը և կրոնախևությունը: Պահանջներն ու արգելքները, որոնք ամրագրված են իսլամական օրենսգրքում` Շարիաթում (իսլամի բարոյական և կրոնական նորմերի համախումբ, որը հիմնված է Ղուրանի վրա և իսլամում համարվում է «հավերժ և անփոխարինելի»), ձեւավորում են հավատացյալի ողջ կյանքը` նրան դնելով իսլամի հոգևոր վերահսկողության տակ: Հավատացյալի օրվա ամեն ժամը, ամեն արարքը խիստ կարգավորված է: Շարիաթում ասվում է, թե ինչպես պետք է վեր կենալ անկողնուց, լվացվել, ուտել, շփվել ընտանիքի անդամների հետ, գործարքներ կնքել, որս անել և այլն: Փաստորեն, այս օրենքները մարդուն ստիպում են ապրել որոշակիորեն մեքենայացված կյանքով: Սա վերաբերում է հատկապես գյուղերի բնակիչներին, որոնք ավելի ավանդապաշտ են, կտրուկ տարբերվում են ծովափնյա և այլ մեծ քաղաքների բնակիչներից: Հատկապես գյուղերում կամ ծայրամասերում կին-տղամարդ դերաբաշխումը առավել հստակ է. կնոջ գործառույթը զուտ ընտանիքի ամբողջականությունը պահպանելն է: Բարոյական նորմերը կնոջ հանդեպ ավելի խիստ են: Այս առումով, ի դեպ, նրանք նման են հայկական այն ընտանիքներին, որտեղ տղամարդն է իշխում, և որտեղ գործում են աստիճանակարգված հարաբերությունները: Սա պայմանավորված է նրանով, որ իսլամի համաձայն` կինը տղամարդուն կարող է հետաքրքրել միմիայն սեռական առումով, ուստի հատկապես ավագ սերնդի թուրքերի համար անհասկանալի և անընդունելի է կնոջն ընկալել որպես գործընկեր կամ պարզապես ընկերուհի: Նրանք ծայրահեղ անհանդուրժող են նաև կնոջ անհավատարմության դրսեւորումների նկատմամբ. դավաճանող կնոջը և նրա սիրեկանին սպանելը Թուրքիայում սովորական երևույթ է: Իսկ այն քաղաքներում, որտեղ մարդիկ հակված են եվրոպական կենսակերպի, բնակիչներն իրենց թույլ են տալիս Շարիաթի պահանջներին անհարիր անընդունելի վարքագիծ, ինչպես, օրինակ ոգելից խմիչքների օգտագործումը, կամ կնոջ և տղամարդու միջև ազատ հարաբերությունները:

Թուրքերը ծայրահեղ պարզունակ են կենցաղում (հատկապես հասարակության ամենաաղքատ շերտերը), իրենց ազատ ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են սուրճ խմելով, թերթ կարդալով, քաղաքականության մասին զրուցելով:

Թուրքերն արտաքուստ համերաշխ են, հանգիստ ու համբերատար. ռուս հետազոտողները նկատել են, որ հասարակական վայրերում նրանք հատկապես ուշադիր և բարեհամբույր են միմյանց նկատմամբ, սակայն դա արվում է չափից ավելի ցուցադրաբար, ինչն արդեն իսկ վկայում է քողարկված հոգեբանական խնդրի մասին: Փաստ է` երբ կա զայրույթի կամ դժգոհության առիթ, թուրքերը դժվարությամբ են իրենց տիրապետում: Հայտնի ռուս էթնոհոգեբան Դ.Ե.Երեմևը նույնպես անդրադարձել է այս երևույթին. «Թուրքերը հարավցի են, նրանց խառնվածքն էլ է այդպիսին: Դժվարին կյանքը կարծես թե ճնշել է այդ խառնվածքը, մղել դեպի խորք: Նրանց մեջ չկան բուռն ուրախություն, արտահայտչականություն, չափից ավելի ժեստեր, ինչպես օրինակ իտալացիների մեջ: Դրանով թուրքերը նման են սիցիլիական գյուղացիներին, որոնք նույնպես իտալացիներ են, բայց ապրում են առավել ծանր պայմաններում, քան Իտալիայի մյուս բնակչությունը: Թուրքերի խառնվածքի բռնկուն կողմերը ճնշվել են իսլամի դոգմաների ազդեցությամբ (հատկապես ավագ սերնդի), թեեւ երբեմն այն չի լինում քողարկել: Եվ շատ հաճախ դա տեղի է ունենում դրամատիկ իրավիճակներում, օրինակ` վեճի ժամանակ, երբ թուրքի զայրույթը ուղղակի ժայթքում է հրաբխի պես, որը երկար ժամանակ լռել է: Նույնիսկ թուրքական խորհրդարանում, երբ քննարկվում են տարբեր հարցեր, պատգամավորները կարող են ափերից դուրս գալ, պոկվել տեղից և բռունցքներով հարձակվել ընդդիմախոսի վրա: Մի վայրկյանում վեճը համակում է ամբողջ սրահը… Իսկ քիչ անց ամեն ինչ հանդարտվում է այնպես, կարծես ոչինչ չէր էլ եղել»:

Թուրքերը բավականին բուռն են հակազդում նաև քննադատությանը, անուշադրությամբ ասված խոսքը կարող է նրանց ծայրահեղ վիրավորել: Նիկիտա Նիկիֆորովը, ռուսական Մեծ թատրոնի ռեժիսորներից, որը 1970-ական թվականներին Անկարայում բեմադրում էր «Աիդան», պատմում է. «Թուրքերին պետք է անընդհատ ասել` «սա լավ է», «հրաշալի է» և այլն: Այդ դեպքում միայն նրանք կաշխատեն, նրանց երբեք չի կարելի ասել, որ ինչ-որ բան վատ է»:

Օտարի կողմից փոքր ճնշումն իսկ թուրքերի մեջ առաջացնում է ծայրահեղ զայրույթ, և նրանք բնազդաբար հակազդում են ու դիմադրում: Արդեն երկար ժամանակ է, ինչ թուրք ժողովրդի մեջ նստած է սերնդեսերունդ փոխանցվող արյան վրեժի սովորությունը: Երեխաները մանուկ հասակից արդեն դաստիարակվում են հենց այդ սկզբունքով:

Թուրքերն անբարյացակամորեն են վերաբերվում ոչ մահմեդական ազգերին, քանի որ նրանց ըստ ծագման իրենցից ցածր են դասում: Հատկապես վատ են տրամադրված հույների և հայերի հանդեպ, երբեմն նաև ռուսների, բուլղարացիների, ինչն իր պատմական պատճառներն ունի: Անգլիացիներին և ֆրանսիացիներին, ընդհանուր առմամբ, թուրքերը չեն սիրում, իսկ գերմանացիների հանդեպ մեծ հարգանք են տածում` համարելով, որ գերմանացիներն էլ հարգում են իրենց մշակույթը:

Ռուս էթնոհոգեբանների կատարած հետազոտության համաձայն` թուրքերի հիմնական ազգային առանձնահատկություններն են`

♦ ազգային հիվանդագին ինքնասիրությունը

♦ կոլեկտիվի, ղեկավարի նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումը,

♦ կարգապահությունը ցանկացած գործունեության մեջ,

♦ ազգային և խմբային միասնականությունը, կապվածությունը:

Թուրքերի մեջ հավասարապես խառնված են և՛ Արևելքը, և՛ Արևմուտքը, և՛ Ասիան, և՛ Եվրոպան: Որպես մահմեդական և թուրք` նրանք իրենց վեր են դասում ցանկացած այլ ազգից, բայց հայտնի է, որ Եվրոպայում լավագույն ծառայողները և բանվորները հենց թուրքերն են: Բայց, որ այդ որակը նրանց բնորոշ կայուն ազգային հատկանիշ է, վիճելի է. «Ես դա կանեմ Ալլահի կամոք» արտահայտությունն արդեն իսկ վկայում է ժամանակի հստակ զգացողության բացակայության մասին: Իրենց իսկ բնութագրումն է. «Եթե թուրքն ասում է վաղը, ապա դա նշանակում է ոչ շուտ, քան վաղը չէ մյուս օրը»:

Հարկ է նշել նաև թուրքերին բնորոշ համառությունն ու խորամանկությունը: Բավականին կոպիտ մի ասացվածք կա` «Արյան մեջ խռխռա, բայց ասա, որ բալի հյութ ես խմել»: Եթե թուրքը թշնամի է, ուրեմն, թշնամի էլ կմնա, անկախ այն բանից, թե իրեն ինչպես է պահում: Նա իր վերաբերմունքը ո՛չ հեշտությամբ փոխում է, ո՛չ էլ ցուցադրում: Թուրքը զգուշավոր է` «Խուսափիր բարուց, կփրկվես նաև չարից», հաշվենկատ` «Զգուշացիր նրանից, ում բարություն ես արել»: Գործնական հարաբերություններում թուրքերը կարող են պարզապես իրենց խոսքի տերը չլինել, դիմացինին մատնել շփոթության` կարևորելով իրենց շահը:

Որոշ հետազոտողների կարծիքով, թուրք ժողովրդի հոգեբանության վրա իր հետքն է թողել նաև Հայոց ցեղասպանությունը: Արմեն Այվազյանը գրում է. «Թուրքական պատկերացումները ներառում են բնաջնջման ենթարկվելու մտավախությունը, որովհետև ցեղասպանության դիմաց վրեժխնդրությունը եթե իրագործվի համաչափ եղանակով, ապա կարող է նշանակել ցեղասպանական հարվածի վերադարձ: Փաստորեն, ցեղասպանությունը նույնատիպ ազդեցություն է թողնում հայերի և թուրքերի հոգեբանության վրա` երկուսի մեջ էլ առաջացնելով բնաջնջման ենթարկվելու վախ, սակայն վախի ծագման պատճառի տարբերությամբ. հայերը` իբրև զոհ, այն ձեռք են բերել սեփական կամ «ներքին» փորձով, իսկ թուրքերն` իբրև ոճրագործ, հիմնականում ոչ սեփական կամ «արտաքին» (այս դեպքում` հայ զոհերի) օրինակով»:

Զգուշանալով ցեղասպանության ճանաչմանը հասնելու Հայաստանի քաղաքականության հետևանքներից` Թուրքիայի ծովափնյա քաղաքներում թուրքերը շատ հարգալից են վերաբերվում հայերին: Թերևս, նաև այդ կերպ է արտահայտվում թշնամուն սիրաշահելով սեփական թուլությունը փոխհատուցելու թուրքական խորամանկությունը:

(Շարունակելի)

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


04/07/2012