Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ



ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Հունիսի 4-9-ը ընկած ժամանակաշրջանում «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասում տեղի ունեցան ստորաբաժանումների գիտելիքների, հմտությունների ստուգման-գնահատման քննությունները։ Զորամասի փորձառու հրամանատար գնդապետ Սեդրակ Սեդրակյանը համոզված է, որ հաշվարկներն ու անձնակազմերը մարտունակ են ու ստանալու են բարձր գնահատականներ։

-Մեր միակ խնդիրն ուսումնական գործընթացը հաջող կազմակերպելն է, և այդ առաջադրանքը ձգտում ենք հնարավորինս լավ կատարել,- ասաց գնդապետը։ -Պարապմունքներն անցկացվում են առանց բացթողումների, բարձր է սպայակազմի մասնագիտական պատրաստվածության աստիճանը։ Նրանց հետ մշտական աշխատանք է տարվում գիտելիքները հարստացնելու, մարտավարական հմտությունները զարգացնելու, ենթակա ստորաբաժանումների հետ ուսումնական աշխատանքի մեթոդները կատարելագործելու ուղղությամբ։ Ապրիլ-մայիս ամիսներին ճամբարային հավաք ենք կազմակերպել մարշալ Հովհ.Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում։ Ամենօրյա ցերեկային և գիշերային պարապմունքների ընթացքում իրականացվել են նախապես ծրագրված բազմաթիվ մարտավարական խնդիրներ։ Ճամբարային հավաքն ավարտվեց դիվիզիոնների մարտավարական զորավարժությամբ, որի ընթացքում հաջողությամբ կատարվեցին անձնակազմերին ու հաշվարկներին տրված բոլոր առաջադրանքները։ Կարևորն այն է, որ մարտական տեխնիկայի և սպառազինության հետ կապված խնդիրներ չունենք, զորամասը մարտունակ է և կարող է լիովին կատարել իր խնդիրները։ Ասեմ նաև, որ ստորաբաժանումները համալրվում են նաև պայմանագրային զինծառայողներով, և այդ փորձառու տղաների ջանասիրությունը, սովորելու ձգտումը նկատելի է։ Երկու, երեք ամսվա զինվորներն ստանում են «լավ», նույնիսկ «գերազանց» գնահատականներ։ Ծառայության կազմակերպման առումով մայիս ամիսը մեզ համար փոքր-ինչ ծանր ժամանակաշրջան է։ Ամեն դեպքում մասնակցեցինք մեր քաղաքի բոլոր տոնական միջոցառումներին և հավուր պատշաճի ներկայացրինք ազգային բանակը։ Համագործակցում ենք բազմաթիվ դպրոցների հետ, մասնակցում ենք նաև նրանց միջոցառումներին, տեղերում կարդում ենք դասախոսություններ։ Բնականաբար, շատ են նաև դպրոցականների այցերը զորամաս։ Մեր ապագա զինվորներին ծանոթացնում ենք զորանոցային կյանքին, զինվորական կարգուկանոնին, ռազմական տեխնիկային։

♦♦♦

Ընթացքի մեջ էր մայոր Ա. Սարգսյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի քննությունը։ Զորամասի հրամանատարի հրամանով ստեղծված քննական հանձնաժողովի մեջ էին փոխգնդապետ Գ. Գևորգյանը և փոխգնդապետ Ս. Սիմոնյանը։

-Քննության ժամանակ անցկացվում է հսկողական-ստուգողական պարապմունք, և կատարվում է համալիր գնահատում,- ասաց մայոր Ա. Սարգսյանը։

Քննության ընթացքում կարևորվում է հրամանատարների՝ մարտը կազմակերպելու և անձնակազմը ղեկավարելու ունակությունը, ստուգվում են անձնակազմերի տեսական ու գործնական գիտելիքները, տեխնիկայի և սպառազինության վիճակը, պատրաստականությունը, ինչպես նաև ճշտվում են անձնակազմերի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը և բարոյակամային որակները։ Այնուհետև անձնակազմին տրվում է առաջադրանք՝ դուրս գալ կենտրոնացման շրջան և իրականացնել բացազատում։ Ապա կատարվում է կրակային խնդիրը, ստուգվում են մասնագիտական նորմացույցները, գնահատվում է ոչ թե առանձին զինծառայողը, այլ՝ ստորաբաժանումը։

Կապիտան Վ. Մանուկյանի մարտկոցը համալրված է պայմանագրայիններով, որոնցից շատերը թեև երկու-երեք ամիս առաջ են ընդունվել ծառայության, սակայն արդեն ցույց են տալիս բարձր արդյունքներ։ Առանձնանում են հատկապես մարտական մեքենայի հրամանատարը և օպերատոր սերժանտ Ռոման Հարությունյանը, մեխանիկ-վարորդ շարքային Գարիկ Բուլոյանը, կրտսեր սերժանտ Վահրամ Խաչատրյանը և մեխանիկ-վարորդ շարքային Անդրանիկ Թոսինյանը, կրտսեր սերժանտ Միսակ Պետրոսյանը և շարքային Գառնիկ Հարությունյանը…

Սերժանտ Ռ.Հարությունյանին խնդրեցինք բացատրել ռազմական տեխնիկայի առանձնահատկություններն ու հնարավորությունները, ինչը նա, մեր կարծիքով, արեց լավագույնս։ Փոխգնդապետ Գ. Գևորգյանը եւս հաստատեց, որ պատասխանն ամբողջական է։ Այնուհետև այս անձնակազմին տրվեց «Մարտի՛» հրամանը։ Տղաները մեքենան մարտական գործողությունների պատրաստեցին երեք րոպեում, ինչը նշանակում է, որ ցույց են տվել «գերազանց» արդյունք։

-Պայմանագրայինները ծառայել են տարբեր զորատեսակներ ներկայացնող զորամասերում և ոչ բոլորն են ծանոթ այս զինտեխնիկային, բայց շատ լավ են ծառայում և օր օրի առաջադիմում են,- ասաց կապիտան Վ. Մանուկյանը։

Նույն հրամանը շատ լավ կատարեցին կրտսեր սերժանտ Գրիշա Ավետիսյանը, շարքային Սեդրակ Ախոյանը, սերժանտ Տիգրան Մարտիրոսյանը և շարքային Տիգրան Մուրադյանը։

Ավելացնենք, որ դիվիզիոնը մայիս ամսին լավագույնն է ճանաչվել զորամասի կազմում։ Զորավարժության ժամանակ լավագույն արդյունքը ցույց են տվել ավագ լեյտենանտ Գագիկ Թովմասյանը և մեխանիկ-վարորդ, շարքային Գարիկ Բուլոյանը, որոնք հաստիքային մարտական հրթիռով հենց առաջին կրակոցից խոցել են նշանակետը։

-Պայմանագրային զինծառայողներով դիվիզիոնի համալրումը շարունակվում է։ Հաջորդ ուսումնական փուլի ավարտին, վստահեցնում եմ, կունենանք միմիայն «գերազանց» գնահատականներ,- վստահեցրեց մայոր Ա. Սարգսյանը։

♦♦♦

Ստորաբաժանումում տեխնիկական ստուգարք էր։ Դիվիզիոնի հրամանատարը մայոր Ս.Գրիգորյանն է։ Մեկ տարի առաջ էլ ներկա էի և շատ լավ տպավորություն էի ստացել դիվիզիոնի մարտական հաշվարկների հանձնած ստուգարքներից։ Այժմ էլ կապիտան Վ. Զաքարյանի մարտկոցի անդամներն արդեն բարձր գնահատականներով հանձնել են կրակային (ինքնաձիգից), շարային, ֆիզիկական պատրաստության ստուգարքները։ Հերթը մասնագիտականինն էր։

Հաշվարկի հրամանատար սերժանտ Արամ Նազարյանը, հաշվարկի համարներ, նշանառու շարքային Սարգիս Ներսիսյանը, լիցքավորող շարքայիններ Հայկազ Մարտիրոսյանը, Ժորա Սարգսյանը մասնակցել են ճամբարային հավաքին և զորավարժությանը, կրակել ու ստացել են «լավ» և «գերազանց» գնահատականներ։ Կրակը կատարվել է ինչպես հաստիքային արկով, այնպես էլ ներդիր փողից։

-Որտե՞ղ ես սովորել,- հարցրի սերժանտ Ա. Նազարյանին։

-Ավարտել եմ մայրաքաղաքի ագրարային համալսարանը, զորակոչվել եմ հրետանային ուսումնական զորամաս, այնտեղից էլ ծառայության եմ նշանակվել այստեղ։ Բայց ինչպե՞ս իմացաք, որ սովորել-ավարտել եմ։

-Անմիջապես երևաց. բանիմաց ես, գործդ լավ գիտես ու հմտորեն ես ղեկավարում հաշվարկը։

«ՖԱԳՈՏ»

Հակատանկային հրթիռային համալիրի քննություն հանձնող մարտկոցի հրամանատարը կապիտան Ս. Թևոսյանն է։ Սովորաբար այս զինատեսակով վարժանքները կատարվում են համապատասխան սարքերի միջոցով, ինչպես նաև՝ փոխարինիչներով։

Համալիրի հրամանատար կրտսեր սերժանտ Հովհաննես Հանեսօղլյանը դիվիզիոնի ամենալավ զինվորներից է։ Նա մշտապես մասնակցում է անցկացվող հավաքներին, զորավարժություններին: Հովհաննեսը գյումրեցի է, միակողմանի ծնողազուրկ, սովորում է մանկավարժական համալսարանի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետում, զորացրվելու է աշնանը։

Համալիրի օպերատորը շարքային Գրիգոր Ավետիսյանն է, ծնունդով Ամասիայից: Նա նույնպես ծնողազուրկ է: Գրիգորի պատասխանը նույնպես ամբողջական էր: Ստուգարքը շատ լավ հանձնեցին և քննական հանձնաժողովի գովեստին արժանացան կրտսեր սերժանտներ Հայկ Ղուկասյանը, Հրաչյա Հունանյանը, Ալբերտ Սամսոնյանը, օպերատորներ՝ շարքայիններ Անդրանիկ Մինասյանը, Գևորգ Նալբանդյանը…

ԱՎԱԳ ՎԻԼՀԵԼՄ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հաշված օրեր են մնացել ավագ Վիլհելմ Ղուկասյանի ծառայությանը։ Ծնվել է Երեւանում՝ 1988թ., սովորել է N 181 միջնակարգ դպրոցում։ 2005թ. ընդունվել եւ 2010թ. ավարտել է ագրարային համալսարանը։ Զորակոչվել է ուսումնական զորամաս, որտեղից էլ նշանակվել հաշվարկի հրամանատար, հետո ստացել է սերժանտի, այնուհետև ավագի կոչումները։ Ծառայության երկու տարիների ընթացքում նա մշտապես եղել է ամենաակտիվների, առաջադրանքի կատարման գործում պատրաստակամություն ցուցաբերողների շարքերում, և պատահական չէ, որ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» և «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշաններով։

-Երկու եղբայր ենք, ես փոքրն եմ, Արթուրը՝ մեծ եղբայրս, նույնպես ծառայել է ազգային բանակում։ Բանակ եկող երիտասարդներին կարող եմ ասել, որ ծառայությունը թեեւ ժամանակավոր պարտականություն է, բայց պետք է կատարել ջանասիրաբար և անպայման բարձր տրամադրությամբ, ինչը հաջող գործի կեսն է։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/06/2012