Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԹԵ ԹՈՒՅԼ ՏԱՆ…



Գնդապետ Ս.Գրիգորյանը ցույց է տալիս և պարզաբանում, թե բազմաշերտ պաշտպանական բնագծերից որը ինչի համար է նախատեսված։ Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ հանկարծակի հարձակման դեպքում հակառակորդը չի կարող որևէ լուրջ արդյունքի հասնել։ Իսկ այժմ ամենատհաճը Ադրբեջանի դիպուկահարների ակտիվությունն է։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրի համար զինվորը որևէ արժեք չունի, որովհետև պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի կորստի դիմաց հատուցում է կրկնակի, եռակի շատ։

…Հենակետի ավագը զորամասի հրամանատարին զեկուցեց իրավիճակի մասին. կրակոցներ կան, բայց հենակետի և ընդհանրապես առաջնագծի այս հատվածում տարբեր կարգի ծառայություններ իրականացնող զինվորները շատ հանգիստ են։ Հանդիպեցինք շարքայիններ Յուրա Հովսեփյանին և Արամ Ռուշանյանին։

-Երկուսս էլ վարորդ ենք։ Այ էն բեռնատարները մերն են,- ասաց Արամը։

Տեղամասի հրամանատարական կետում հերթապահում էին շարքայիններ պայմանագրային զինծառայող Գագիկ Թավադյանը և ավագ հրաձիգ Կարեն Հովհաննիսյանը։

-Ես ականանետային դասակից եմ, ժամկետային ծառայությունս ավարտելուց հետո կրկին վերադարձա բանակ։ Մարտակերտից եմ ու իմ հողն եմ պաշտպանում։ Թե խաղաղություն հաստատվեց` ուրախ կլինեմ, իսկ եթե նրանք նորից կռիվ սկսեցին, կկռվենք ու մեր բոլոր տարածքները կազատագրենք,- ասաց Գագիկը։

♦♦♦

Դիտակետից զինվորն ուշադրությամբ նայում է հեռուն։

-Դիտարկումը հնարավորինս աննկատ պետք է կատարես,- նրան հրահանգում է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Կարեն Գևորգյանը։

Դիտակետում հերթապահում են սերժանտ Մհեր Աբգարյանը, շարքայիններ Աշոտ Գինոսյանը և Ռուստամ Բալասանյանը։

-Շատ եք համարձակ, կրակոցներից չե՞ք վախենում։

-Թող իրենք վախենան,- պատասխանում է Ռուստամը, ու նրա խոսքի մեջ զգում եմ բարկություն, ինքնավստահություն ու վճռականություն։

-Ծառայությունը ո՞նց է անցնում։

-Գերազանց, մենք խնդիր չունենք,- վրա է բերում Ռուստամը։

♦♦♦

Այս և հարակից դիտակետերում սահմանի պահպանությունն իրականացնում են ավագ լեյտենանտ Զ. Նազարյանի վաշտի զինվորները։ Նրանցից մեկն էլ Արսեն Փիլոյանն է։ Նա արդեն քսան տարեկան է, դպրոցն ավարտելուց հետո գնացել է Երևան և ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Մեկուկես տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու այժմ հայրենի եզերքն է պաշտպանում, գնդացրորդ է։ Խոսելով մարտական հերթապահության մասին՝ ասաց.

-Արդեն մոռացել եմ, թե քանի անգամ եմ մարտական հերթապահություն կատարել։ Երկու եղբայր ենք, մեծ եղբայրս նոր է բանակ գալու, բուհի մագիստրատուրան է ավարտում։ Այստեղ հավասարություն է, չկա լավ ու վատ, իմն ու քոնը, բոլորս ընկերներ ու եղբայրներ ենք, եթե այդպես չլինի, մեր ընդհանուր գործը կտուժի։ Հակառակորդը կարծես կրակելու պլան-առաջադրանք է կատարում։ Նրանք շատ լավ գիտեն, որ մենք իրենցից չենք վախենում, եթե վերադասը թույլ տա, կպատասխանենք, այն էլ շատ ավելի արդյունավետ կրակոցներով։

Մայոր Կ.Գևորգյանը երիտասարդ սպա է, երեսուն տարեկան։ Ինչպես վերը նշեցինք, նա գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Մի քանի տարի մոտոհրաձգային զորամասում ծառայելուց հետո տեղափոխվել է առաջնագիծ։ Պարգևատրվել է մեդալներով, ամուսնացած է, ունի մեկ որդի։

-Եղել եմ դասակի, վաշտի հրամանատար։ Տարբերությունը պաշտոնների մեջ մեծ չէ, որովհետև միշտ գործ ունես զինվորի հետ և ձգտում ես, որ ստորաբաժանումը լինի մարտունակ ու կարգապահ։ Մարդիկ իրարից տարբեր են։ Մեկը շուտ է ամեն ինչ ընկալում ու սովորում, մեկ ուրիշը շփվող չէ և դժվարությամբ է համակերպվում կոլեկտիվ կյանքին։ Լինում են տղաներ, որոնք մինչ բանակ գալը շրջապատված են եղել հոգատարությամբ և բանակում դժվարանում են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները… Այս ամենը բերում է անհատական աշխատանքի ծավալների մեծացման։ Պետք է առանց հոգնելու բացատրես, պարզաբանես, որ կարողանաս հասնել արդյունքի։ Շատ կարևոր են խրախուսման միջոցները։ Երբ նկատում և արժեւորում ես զինվորի լավ ծառայությունը, նա գնահատում է սպայի այդ քայլը և ձգտում է այլևս հուսախաբ չանել։ Այժմ շատ հետևողական ենք արձակուրդների տրամադրման և զորացրման ժամկետների պահպանման հարցում, իսկ եթե առաջնագծում լարվածություն է առաջանում, զորամասի վարչակազմն ամբողջությամբ գալիս է առաջնագիծ և չի թողնում, որ զինվորները մենակ մնան։

♦♦♦

Խրամուղով առաջանում ենք դիտակետ։ Կրտսեր սերժանտ Տիգրան Մարտիրոսյանը մայոր Կ.Գևորգյանին զեկուցում է դիտարկման արդյունքների մասին։ Տիգրանին այստեղ շատ են սիրում, հարգում։ Որպես ջոկի հրամանատար` նա շատ սկզբունքային է ու խստապահանջ։ Զինվորներից պահանջում է լինել ուշադիր, դիտարկումները կատարել աննկատ…

-Սովորում եմ քոլեջում, բանակ եմ եկել 2010թ. նոյեմբերին։ Արդեն մեկ տարի է դուրս եմ գալիս մարտական հերթապահության։ Իմ ջոկի անդամներն են կրտսեր սերժանտ Արտակ Օհանջանյանը, շարքայիններ Բուրեն Խաչատրյանը, Սամվել Կարապետյանը, Փայլակ Հովսեփյանը, Վարդան Բարխոյանը։ Մեր հատվածում կրակոցներ լինում են, բայց մենք դրանից շատ չենք անհանգստանում։ Նրանք իրենց մաշկի վրա զգացել են մեր ուժը, գիտեն, թե ինչ կարող ենք անել, եթե համը շատ հանեն։

♦♦♦

Մեկ այլ հենակետում կապիտան Բ. Առուշանյանի վաշտի զինվորներն են։ Գևորգ Պողոսյանի ջոկի անդամներն են գնդացրորդներ Արթուր Զալյանը, Գուրգեն Ալեքսանյանը, նռնականետորդ Նարեկ Հակոբյանը, հրաձիգներ Կարեն Սիմոնյանը, Դավիթ Սարգսյանը և ուրիշներ։

-Մեր ուղղությամբ կրակոցները քիչ են,- ասաց Գևորգը,- մեկ-երկու հատ, էն էլ հավանաբար իրենց զենքերի լիցքավորման-լիցքաթափման ժամանակ է լինում։ Իմ ջոկի տղաները չափազանց լավն են, ինչ ունենանք կիսում ենք եղբայրաբար, եթե մեկի տնից մի ձու էլ ուղարկեն, ուրեմն այն հավասարապես կկիսենք բոլորիս միջև։ Սա, իհարկե, օրինակի համար եմ ասում։ Ես անձամբ ծառայել եմ մեկուկես տարի, եղել եմ արձակուրդում, արժանացել եմ այլ խրախուսանքների…

Մինչ զրուցում էինք հենակետում հանգստացողների հետ, գնդապետ Ս. Գրիգորյանը ստուգում է իր սահմանի պահպանությամբ զբաղված մյուս ստորաբաժանումներում, մարտկոցներում տիրող իրավիճակը։

♦♦♦

Զրուցելով պաշտպանական այս հատվածի զինծառայողների հետ` համոզվեցինք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների մարտական ոգին չափազանց բարձր է, և ինչպես նշում է Մովսես Հակոբյանը, պաշտպանության բանակը միայն պաշտպանելու համար չէ։

Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է թաքուն՝ դիպուկահարների պատերազմը, և խաղաղությունը պատերազմից գերադասող հայկական կողմը պետք է այնպես անի, որ թշնամու այդ ռազմավարությունը դառնա անիմաստ։ Հարկավոր է կատարելագործել, է՛լ ավելի ապահով դարձնել խրամուղիները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/06/2012