Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ



Մայիսի 25-ին հանրապետությունում նշվեց Վերջին զանգը: Ուսումնառության գործընթացը ամփոփեցին նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։

Շնորհավորելով վարժարանի շրջանավարտներին` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշեց, որ վարժարանում անցկացրած երեք տարիների ընթացքում սաները հասունացել են, ձեռք բերել գիտելիքներ, սովորել են ապրել զորանոցային պայմաններում, կոփվել ոչ միայն մարմնով, այլեւ հոգով, պատվով հաղթահարել են իրենց առջեւ դրված խնդիրները արշավների, պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններում մասնակցած ճամբարային հավաքների ժամանակ եւ արել ամեն ինչ, որպեսզի հայոց հաղթանակած բանակի սպա դառնալու երազանքը իրականանա: Դիմելով շրջանավարտներին` գնդապետ Ոսկանյանն ասաց. «Ուրախ եմ, որ այս տարվա շրջանավարտների 98 տոկոսը դիմում է ՀՀ եւ օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններ: Վստահ եմ, որ հետագայում ավարտելով եւ զինված ուժերում նշանակվելով տարբեր հրամանատարական պաշտոնների` բարձր կպահեք մեր վարժարանի անունը: Շնորհավորում ու բարի երթ եմ մաղթում բոլորիդ»:

Նախարար Սեյրան Օհանյանն էլ իր շնորհավորական խոսքով ողջունեց սաներին ու նրանց ծնողներին եւ նշեց. «Այսօր ռազմամարզական վարժարանը նորից նոր սերունդ է ուղարկում կյանքի մեծ ճանապարհ, որը կոչվում է զինվորական ծառայություն: Այս սերունդը եւս հարստացնելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատմությունը. պատմություն, որը սկիզբ է առել դեռ պատերազմական ժամանակահատվածում, եւ այդ փորձություններով անցնելով` վարժարանն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները: Վարժարանը կրում է լեգենդար Մոնթեի անունը, ուստի շրջանավարտները մտովի փորձել են նմանվել Մոնթեին, այսինքն` լինել նրա նման մարդկային, վսեմ հատկանիշներով եւ զինվորական հմտություններով ու ունակություններով օժտված անձնավորություններ»: Նախարարի խոսքով, վարժարանը տվել է շուրջ 1000 շրջանավարտ, եւ նրանցից շատերն այսօր զորամասերի հրամանատարների ու հրամանատարների տեղակալների պաշտոններում ծառայում եւ իրենց փորձով նպաստում են հայոց բանակի մարտունակության ամրապնդմանն ու զարգացմանը.

«Փառք Աստծո, այսօր մենք խաղաղ պայմաններում ենք ծառայում, խաղաղություն, որ ապահովում են ՀՀ զինված ուժերը: Միջազգային երաշխիքները չեն, որ ստիպում են մեր հակառակորդներին զերծ մնալ ոտնձգություններից, այլ` սպաների եւ զինվորների անհատական պատրաստվածությունը, ստորաբաժանումների համախմբվածությունն ու գործակցելու ներդաշնակությունը, և հակառակորդը գիտի, որ մեր բանակը մարտունակ է` պատրաստ ապահովելու մեր ժողովրդի անդորրը»:

Այն, որ այս տարվա շրջանավարտներից 82-ը արդեն իսկ հայտարարել են, որ իրենց կյանքը կապելու են զինվորական ծառայության հետ, ըստ նախարարի, նշանակում է, որ վարժարանում նրանք ձեռք են բերել զինծառայության համար համապատասխան հմտություններ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ են սպայի հերոսական մասնագիտությանը տիրապետելու համար:

Պաշտպանության նախարարի ելույթից հետո վարժարանի սաները ցուցադրեցին ուսումնառության ընթացքում իրենց ձեռք բերած համապատասխան մասնագիտական վարպետությունը, որն իր մեջ ներառում է տեսական ու գործնական գիտելիքներ: Սաները ցուցադրեցին օդային ու գետային անցում պարանով, շենքից տուժածի տեղափոխումը պատգարակով, հարձակում թշնամու վրա, թշնամու ռազմական մեքենայի վնասազերծում և այլն` ապացուցելով, որ արժանի են համալրելու մեր պետության անվտանգության երաշխիքը համարվող գերատեսչության շարքերը:

1-ին վաշտի ծնողկոմիտեի նախագահ Շուշան Ազատյանը համոզված է, որ իր որդին` Գառնիկը, եւ վարժարանն ավարտած նրա ընկերները կերտելու են լուսավոր, բարգավաճ ու հզոր պետություն. «Երախտագիտության խոսքս եմ ուղղում պարոն Ոսկանյանին, սպաներին եւ ուսուցիչներին, որ երեխաներին տվել են իրենց սերն ու եռանդը, ներողամիտ են եղել, իրենց օրը կիսել են նրանց հետ, կրթել ու դաստիարակել են: Նրանց շնորհիվ մեր երեխաները կամք ու կորով, ինքնուրույնություն եւ ճիշտ կողմնորոշվելու կարողություն են ձեռք բերել»:

Վարժարանի սան Սարգսյանն էլ, մտովի հայացք ձգելով երեք ուսումնական տարիներին, հասկանում է, որ իրական է դառնում սպա դառնալու իր անսահման իղձը. «Միշտ էլ դժվար եւ ծանր է հարազատներից հեռու լինելը, բայց վարժարանում, ի դեմս անձնակազմի, մենք գտանք ջերմ եւ նվիրված մարդկանց, որոնց օգնությամբ կրթօջախը դարձավ հարազատ տուն: Հիմա, մի տեսակ, անհուն թախծով ենք հրաժեշտ տալիս, բայց վստահեցնում ենք, որ կդառնանք արժանի շարունակողները մեր մեծերի, անխախտ եւ անառիկ կպահենք մեր հայրենիքի սահմանները, և արյամբ սրբագործված հողը ոչ մի թշնամի ոտք չի դնի: Այս երեք տարիների ընթացքում սովորեցինք բարձր պահել համազգեստի պատիվը: Հպարտ եմ, որ եղել եմ մեկը նրանցից, որոնց համար պատիվ էր անցնել 20-ամյա Հայաստանի Հանրապետության հրապարակով»:

Միջոցառման ավարտին մոնթեականները պարեցին ավարտական վալսը, լավագույն սաներից Աշոտ Գալյանը հնչեցրեց վերջին զանգը, եւ վարժարանի սաները, մտքում երազանք պահած, շարային հանդիսավոր երթով մուտք գործեցին կյանքի նոր փուլ…:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Բանակ և հասարակություն


06/06/2012