Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՑԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ



Ինչպես 2010թ., այնպես էլ 2011թ. փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասը ցույց տվեց ամենաբարձր արդյունքը և պարգևատրվեց «լավագույն տանկային զորամաս» պատվադրոշով։ Փաստն ինքնին խոսուն է. այստեղ ռազմական գործի ուսուցումը, ծառայության կազմակերպումն ու կարգապահությունը ամուր հիմքերի վրա են։

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

-Մեր տանկային զորամասը միշտ էլ եղել է մարտունակ, պատրաստ կատարելու հնարավոր բոլոր մարտական առաջադրանքները, սակայն պետք է խոստովանենք, և փաստերն էլ ցույց են տալիս, որ փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի ղեկավարությամբ ամեն ինչ ավելի է լավացել, անձնակազմերը դարձել են ավելի մարտունակ, մասնագիտական գիտելիքների կատարելագործման, լավագույնի կոչմանն արժանանալու համար պայքարում են բոլորը։ Կարծում եմ` հաջողություններն օրինաչափ են, որովհետև 2010թ. ռազմական գլխավոր տեսչությունը մանրակրկիտ ստուգումների արդյունքում զորամասի աշխատանքը գնահատեց «լավ», և երբ 2011թ. կրկին գրանցվեցին բարձր ցուցանիշներ, փոխգնդապետ Աշոտ Ղազարյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով,- ներկայացնելով ձեռքբերումները` ասաց հրամանատարի տեղակալ մայոր Ա. Մաթևոսյանը։

Շարունակելով խոսքը` նա անդրադարձավ անցած տարվա առավել կարևոր իրադարձություններին, ինչպես նաև անձնակազմերի, առանձին զինծառայողների ձեռքբերումներին։

-Ինչպես գիտեք, մասնագետները՝ տանկի հրամանատարները, նշանառու-օպերատորները և մեխանիկ-վարորդները, մեզ մոտ են տեղափոխվում ուսումնական զորամասից։ Մենք երիտասարդ մասնագետների հետ տանում ենք համապատասխան աշխատանք, որպեսզի նրանց աճը, հմտությունների կատարելագործումը շարունակական լինի։ Ուսումնական ծրագիրն էլ կազմված է հենց այդ նկատառումով։ Ուսումնական տարվա երկու փուլերի ընթացքում կազմակերպում ենք զորավարժություններ վաշտերի կազմերով՝ մարտական հրաձգությամբ, ցերեկային և գիշերային պայմաններում։ Միաժամանակ առանձին անձնակազմեր զորամիավորման մյուս զորամասերի հետ մասնակցում են զորավարժություններին։ Օրինակ՝ 2011թ. աշնանը զորամիավորման ուսումնական կենտրոնում կայացած զորավարժությանը ներկա էր մարտական պատրաստության վարչության շտաբի պետը, և նա գոհ մնաց անձնակազմերի ցույց տված արդյունքներից, որովհետև թիրախների խոցման տոկոսը շատ բարձր էր։ Մասնակցելով զինված ուժերի «Լավագույն տանկային անձնակազմ» մրցույթին, մենք երրորդ անգամ անընդմեջ գրավեցինք առաջին տեղը։ ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթում էլ երկրորդ անգամ անընդմեջ առաջին տեղը գրավեց տանկային վաշտի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Էդգար Այվազյանը, իսկ տարեվերջյան քննություններից ստացանք «լավ» գնահատական։

Այս տարի զորամիավորումում արդեն անցկացվել է «Լավագույն դասակի հրամանատար» մրցույթը, որի արդյունքներով առաջին տեղն է գրավել լեյտենանտ Էդգար Կարապետյանը։ Նա մասնակցելու է նաև ԶՈՒ համանուն մրցույթին։ Փորձը ցույց է տալիս, որ կրակի համար հատկացված օրերին անձնակազմերի առաջին և վերջին կրակոցների միջև տարբերությունը, առաջընթացը շատ մեծ է լինում։ Այս ուսումնական փուլում վերջին մարտական հրաձգությունը կատարվել է ապրիլի սկզբին։ Գոհացուցիչ արդյունքներ ցույց տված բոլոր ծնողազուրկ զինվորներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ տրամադրեցինք արձակուրդ։ Սովորաբար արդյունքներն ամփոփվում են ամիսը մեկ անգամ, երբ ավարտվում են մեքենավարման և կրակի գիշերային և ցերեկային պարապմունքները։ Այժմ լավագույն տանկի հրամանատարը կրտսեր սերժանտ Վաչե Ղազարյանն է։ Նա նույնպես ծնողազուրկ է և խրախուսվել է արձակուրդով։ Այժմ մենք նախապատրաստվում ենք հսկողական քննություններին, միաժամանակ պատրաստվում ենք ՀԱՊԿ անդամ երկրների զինվորական ստորաբաժանումների համատեղ զորավարժությանը, որը նախատեսված է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Կանոնավոր իրականացվում է նաև մյուս առարկաների ուսուցումը։

Մայոր Ա. Մաթևոսյանը նույն զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է։ Անդրադառնալով կարգապահական խնդիրներին ու անձնակազմի հետ տարվող աշխատանքին՝ նա ասաց.

-Այս տարվա անցած ժամանակաշրջանում զինծառայողների առօրյան եղել է բովանդակալից։ Ազգային բանակի քսանամյակը նշել ենք բոլոր ենթաշեֆ դպրոցներում, զորամասում։ Հենց տոնի օրն ունեցել ենք երեքժամանոց համերգ հանրապետության երգիչների, զորամասի կատարողների մասնակցությամբ։ Ապրիլի 6-ին ԱՀՏԱ վարչությունից գնդապետ Արթուր Ալեքսանյանը զրուցեց, ստուգեց մեր զինվորներին և շատ գոհ մնաց ՀՊՊ առարկայից նրանց գիտելիքների մակարդակից։

Մայոր Արմեն Մաթևոսյանը լոռեցի է։ Նա ահնիձորցի հովիվ Ավագի («Մենք ենք, մեր սարերը»), այսինքն՝ գրող Հրանտ Մաթևոսյանի հորեղբոր թոռն է։ Ծնվել է Վանաձորում, սովորել է տեղի N 6 միջնակարգ դպրոցում։

Ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը։ Անցել է ծառայական աստիճաններով և այժմ զորամասի հրամանատարի տեղակալ է՝ բանիմաց ու փորձառու տանկիստ։ Նա պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

2011թ. տանկիստների մրցույթում առաջին տեղն են գրավել տանկի հրամանատար սերժանտ Գոռ Սարգսյանը, նշանառու-օպերատոր շարքային Մհեր Հակոբյանը և մեխանիկ-վարորդ շարքային Աղասի Ղարիբյանը։ Մհերն արդեն զորացրվել է, և նրան փոխարինել է շարքային Նորայր Հակոբյանը։

-Հույս ունենք և կպայքարենք, որ այս տարի էլ գրավենք առաջին տեղը, որովհետև Նորայրը նույնպես շատ լավ նշանառու-օպերատոր է,- ասաց Գոռը։

Սերժանտը ծնունդով Երևանից է, սովորել է N116 միջնակարգ դպրոցում, որից հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ 2010թ. նոյեմբերին զորակոչվել է բանակ՝ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս, որտեղից էլ տեղափոխվել է այստեղ։ Նա պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կողմից` թանկարժեք ժամացույցով։

Շարքային Աղասի Ղարիբյանն էլ Վանաձորից է, տեղի N 8 դպրոցի շրջանավարտ։ Նա բանակ է եկել 2010-ի հունիսին և դարձյալ ծառայությունն սկսել է վերոհիշյալ ուսումնական զորամասում։ Աղասին երկու ամսից զորացրվելու է, և, բնականաբար, նրան կփոխարինի մեկ ուրիշ բարձրակարգ մեխանիկ-վարորդ։ Ծառայության ընթացքում Աղասին իրեն մշտապես դրսևորել է լավագույն կողմերով և պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» և «Լավագույն զինվոր-մարտիկ» կրծքանշաններով։

-Երեք հազար մետր վազքից միշտ ստանում է «գերազանց» գնահատական, կատարում է 25-30 ձգում,- նրա մասին ասաց կապիտան Վալենտին Բուռնուսուզյանը։

Արտաշատցի Նորայրը բանակ է զորակոչվել 2011թ. գարնանը։ Սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Ապրիլի չորսին տեղի ունեցած մարտական հրաձգության ժամանակ խոցել է բոլոր թիրախները և ստացել «գերազանց» գնահատական։

-Նախանձելի անձնակազմ է,- տղաներին բնորոշեց կապիտան Բուռնուսուզյանը։

♦♦♦

Ինչպես 2010, այնպես էլ 2011թ. ավագ լեյտենանտ Էդգար Ավալյանը մասնակցել և առաջին տեղն է գրավել ազգային բանակի ՀՊՊ և ԳԴՊ խմբերի ղեկավարների մրցույթում։ Նա դասակի հրամանատար է, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար։ Անցած տարի նրա հրամանատարությամբ գործող դասակը լավագույնն է եղել զորամասի կազմում։

Ավագ լեյտենանտ Ավալյանը ծնվել է Հրազդանում։ Սովորել է Չարենցավանի N2 միջնակարգ դպրոցում, որից հետո՝ 2004-2008թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2008թ. զորակոչվելով ուսումնական զորամաս և ծառայելով երեք ամիս՝ նա դիմել է պաշտպանության նախարարին՝ վերաորակավորում ստանալու և զինվորական հիմնական ծառայության անցնելու խնդրանքով։ Նույն տարվա հոկտեմբերին էլ այս զորամասում նշանակվել է դասակի հրամանատար և ստացել լեյտենանտի կոչում։

Ծառայելով բարեխղճորեն՝ նա պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» եւ ազգային բանակի հոբելյանական քսանամյակի մեդալներով, թանկարժեք նվերներով։

-Հենց ուսումնական զորամասից սկսած՝ ուսումնասիրել և կարճ ժամանակում տիրապետել եմ տանկիստի մասնագիտությանը։ Բանակում ծառայելու որոշումս էլ ճիշտ եմ համարում, որովհետև սիրում եմ իմ գործը, սիրում եմ իմ զինվորներին։ Դասակի մարտունակությունը գոհացնում է հրամանատարությանը։ Լիովին վստահում եմ իմ զինվորներին, մանավանդ՝ կրտսեր սերժանտներ Մելսիկ Ազատյանին, Հովհաննես Կարապետյանին, շարքայիններ Նարեկ Սարգսյանին, Արարատ Անտոնյանին, Սևակ Թովմասյանին…

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՍԻՐՈՎ

Վաշտի հրամանատար կապիտան Վալենտին Բուռնուսուզյանը ծնվել է 1985թ. Ջավախքի Արագվա գյուղում։ 2003-ին ավարտել է դպրոցը և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2007-ին ավարտել է ուսումը և նշանակվել դասակի հրամանատար։ Զորամասի լավագույն տանկային անձնակազմը հենց նրա վաշտից է։ Երիտասարդ սպան պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով, մասնակցել է երիտասարդ սպաների առաջին կոնֆերանսին և ստացել դրամական պարգև։

-Ինձ շատ է դուր գալիս մեր զորամասը։ Կցանկանայի միշտ այստեղ ծառայել։ Վաշտի, դասակի մարտունակությունը շատ բարձր է, մեքենավարումից, կրակայինից 98 տոկոսը ստանում են «գերազանց» գնահատական։ Բնականաբար, բարձր է նաև կարգապահությունը։ Տեսնում եմ, որ մեր զինվորները սիրով են սովորում, գիտակցում են իրենց գործի կարևորությունը զորամասի ընդհանուր հաջողության մեջ, ինչն էլ, իմ կարծիքով, ամենակարևորն է բանակում։

♦♦♦

Լավագույններից է նաև տանկի հրամանատար սերժանտ Արթուր Ենոքյանի անձնակազմը։ Նշանառու օպերատոր շարքային Էդուարդ Վանոսյանը և մեխանիկ-վարորդ կրտսեր սերժանտ Արման Մկոյանը հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել վերջին հրաձգության ժամանակ։ Արթուրը բանակ է եկել մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո։ Նա շուտով զորացրվելու է։ Արման Մկոյանն էլ տնտեսագիտական համալսարանի ուսանող է։ Նա նույնպես հունիս ամսին տուն կվերադառնա և կշարունակի ուսումը։ Շարքային Փանոսյանն էլ ֆուտբոլիստ է։ Մինչ բանակ գալը խաղացել է «Շիրակի» կազմում։

-Աշնանը զորացրվելու եմ, վստահ եմ` լավ կպարապեմ ու դարձյալ կվերականգնեմ տեղս թիմի հիմնական կազմում,- ասաց նա` վստահ իր ուժերին։

♦♦♦

Զորամասում հանդիպեցինք նաև տանկի հրամանատար կրտսեր սերժանտ էջմիածինցի Մելսիկ Ազատյանին, մեխանիկ-վարորդ կրտսեր սերժանտ Հովհաննես Կարապետյանին, նշանառու շարքային Նարեկ Սարգսյանին։ Երեքն էլ բանակ են զորակոչվել ուսումն ընդմիջելով։

Լավագույններից է նաև կրտսեր սերժանտ Անդրանիկ Թադևոսյան, շարքայիններ Գևորգ Սաքյան և Գարեգին Հողմրցյան անձնակազմը։ Նրանք նույնպես վերջին մարտական հրաձգության ժամանակ դիպուկ կրակոցներով խոցել են բոլոր թիրախները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/05/2012