Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման հոգեխոցվածքների ֆիզիոլոգիական, հոգեկան եւ վարքային դրսեւորումներն են:

– Պարո՛ն Մարգարյան, հոգեխոցվածքի ի՞նչ տեսակներ կան:

– Հոգեխոցվածքները դասակարգվում են ըստ այն բանի, թե ինչպես են ժամանակային առումով հարաբերակցվում խոցվածքային հետևանքները և հոգեխոցիչ պատահույթները…

– Այսինքն` ըստ հոգեխոցվածքի վնասակար ազդեցության տևողությա՞ն:

– Ո՛չ, ըստ այն բանի, թե ինչքան ժամանակ է անցնում հոգեխոցիչ գործոնների ներգործությունից մինչև հոգեխոցվածքի առաջացումը:

– Փաստորեն, դասակարգումը կատարվում է պատճառի և հետևանքի միջև ժամանակային ինտերվալի մեծության հիման վրա՞:

– Այո՛: Ըստ այդմ` մարտական հոգեխոցվածքները բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խմբին են դասվում այն մարտական հոգեխոցվածքները, որոնք գործնականում առաջանում են հոգեխոցիչ գործոնների անմիջականորեն ներգործության պահին:

– Իսկ ինչպե՞ս է իրեն պահում այդպիսի հոգեխոցվածք ստացած զինծառայողը:

– Նա կա՛մ ինքնամփոփվում է, թույլ է հակազդում իրադրությանը, կա՛մ հակառակը` խուճապահար է լինում, մասնավորապես` դրսևորում է վատ համադասված շարժողական գերակտիվություն, այս ու այն կողմ է վազում, բղավում է և այլն: Այն նյարդային ցնցումը, որը մարդ ապրում է այդ պահին, այնքան ուժեղ է լինում, որ նա ժամանակավորապես կորցնում է տեղի ունեցող իրադարձությունները քննադատաբար գնահատելու, սթափ մտածելու և ռացիոնալ որոշումներ կայացնելու ընդունակությունը:

– Որո՞նք են երկրորդ խմբի մարտական հոգեխոցվածքները:

– Դրանք զարգանում են երկար ժամանակի ընթացքում` թույլ, սակայն մշտապես ազդող գործոնների ազդեցության հետևանքով: Հոգեկան լարվածության կուտակումը տեղի է ունենում աստիճանաբար, երբեմն` զինծառայողի համար աննկատ: Այս պարագայում զինծառայողի վարքը նույնպես փոխվում է: Նա դառնում է ինքնամփոփ, մռայլ, կարող է կոպիտ պատասխանել իրեն դիմող անձանց: «Թեժ կետերում» տեղաբաշխված զորամասերում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ նման իրավիճակում փոխվում է զինծառայողների միջև հաղորդակցման ոճը: Հաճախ են այն դեպքերը, երբ զինվորները կամ սպաները առանց բավարար պատճառների իրար վրա գոռում են, վիճում, դրսևորում են ագրեսիվության այլ հատկանիշներ: Զայրույթի հանկարծական պոռթկումը կարող է ուղեկցվել ինքնազգացողության փոփոխությամբ (գլխացավ, ամբողջ մարմնի կոտրտվածության զգացում, գլխապտույտ, սրտխառնոց և այլն), չափից ավելի շարժողական ակտիվությամբ, որին սովորաբար հաջորդում են հյուծվածությունը և անտարբերությունը: Իրավիճակը բարդանում է այն բանի հետևանքով, որ կոպիտ հաղորդակցումը աննկատելիորեն դառնում է նորմա: Այս պարագայում կարող է ուժեղանալ անձնակազմի վրա հոգեխոցիչ գործոնների ազդեցությունը:

– Փաստորեն, Ձեր նշած հայտանիշները հրամանատարի համար պետք է հոգեխոցվածքի հայտնաբերման ահազանգ լինեն:

– Այո՛, իհարկե: Երբեմն տվյալ տեսակի մարտական հոգեկան խանգարումները մինչև մարտական խնդրի կատարումը դրսևորվում են վախի ուժեղ նոպաներով: Նույնիսկ այն զինծառայողները, որոնք ունեն մեծ մարտական փորձ, դառնում են չափից ավելի լարված, զգուշավոր և նյարդային:

– Իսկ ինչպե՞ս են դրսևորվում մարտական գործողություններին երկարատև մասնակցության հետևանքով ձեռք բերված հոգեկան խանգարումները:

– Դրանց հիմնական ախտանիշները տարբեր են` ֆիզիոլոգիական, հոգեկան, վարքային: Օրինակ` խոցվածքի գերակտիվ ձևի դեպքում ֆիզիոլոգիական հատկանիշներն են տեսողության և լսողության թուլացումը, հաճախակի միզարձակումը, ստամոքսի խանգարումը, արագացած և ընդհատումներով շնչառությունը, արյան շրջանառության խախտումը, ինչը հանգեցնում է ոտնաթաթերի և դաստակների սակավարյունության: Հոգեկան հատկանիշներն են ուշադրությունը կենտրոնացնելու անընդունակություն, հիշողության լիարժեք կամ մասնակի կորուստ, տեղեկույթը դժվարությամբ հիշելը, աղմուկի, լույսի, հոտերի նկատմամբ բարձր զգայունակություն: Իսկ վարքայինը` վազք այս ու այն կողմ` թաքստոց փնտրելու նպատակով, սանձարձակություն, հիստերիկ ծիծաղ կամ լաց, գործողության հետ զուգակցվող բղավոց, գրգռվածություն և չարություն, ագրեսիվություն շրջապատի նկատմամբ:

– Դուք նշեցիք հոգեխոցվածքի գերակտիվ ձևը: Ուրիշ ի՞նչ ձևեր կան:

– Օրինակ` արգելակվածությունը: Այս դեպքում ֆիզիոլոգիական հատկանիշներն են` մկանների ուժեղ լարվածություն, արագացած սրտխփոց, սրտի շրջանում և կրծքավանդակում ճնշող ցավեր: Հոգեկանը` տրամաբանության և մտածողության խախտումներ, իրադրության և իր գործողությունների քննադատական ընկալման խանգարումներ, կամքի թուլացում: Վարքայինը` ընդարմացման վիճակ, շարժումների դանդաղում, ուշաթափություն:

Կա նաև ընդհանուր ախտանիշներով հոգեխոցվածք: Այս դեպքում ֆիզիոլոգիական հատկանիշներն են` ցավեր գոտկատեղի շրջանում, վիրահատական սպիների, հին վերքերի ցավ, չվերահսկվող թքարտադրություն: Հոգեկանը` տեսողական և լսողական հալյուցինացիաներ, և վարքայինը` վախկոտություն, տարիքի հետընթացություն (երեխայական հակազդումներ), անկապ փնթփնթոց, ուժեղ դող:

– Փաստորեն, հոգեխոցվածքները բավականին ուսումնասիրված են և դասակարգված:

-Այո՛, բայց նկատի ունեցեք, որ իմ թվարկածը ախտանիշների ամբողջ բազմազանությունը չէ: Յուրաքանչյուր դեպքում հոգեխոցվածքների դրսևորումները կախված են մարտի կոնկրետ պայմաններից, անձնակազմի անհատական-հոգեբանական և խմբային առանձնահատկություններից: Առանձին խմբում են ընդգրկվում այսպես կոչված հետխոցվածքային ստրեսային հակազդումները, որոնք առաջանում են հոգեխոցիչ պատահույթների հետևանքով` որոշ ժամանակ անց:

– Խոսքը հավանաբար «վիետնամական սինդրոմի» մասին է:

-Այո՛: Նման բնույթի խանգարումների ախտանիշների թվին են դասվում, նախ` հանգիստ չտվող ապրումները, հոգեխոցիչ պատահույթների հետ կապված կրկնվող երազները և հուշերը, որոնք երբեմն զուգակցվում են ինչ-որ արարքների և իրադարձությունների հետ: Կարող են անսպասելի վրա հասնել անցյալում տեղի ունեցած խոցիչ պատահույթների վերապրումները, որոնք հաճախ հարուցվում են իրական իրավիճակներով: Երբեմն դրսևորվում է այդ վերապրումների ծայրահեղ աստիճանը` զինծառայողը ամբողջովին խորասուզվում է իր հուշերի մեջ, ընդ որում, կորչում է կապը ռեալ իրավիճակի հետ, և նա սկսում է ապրել անցյալով: Այդպիսի վիճակում վարքը դժվար է վերահսկվում, և նա դառնում է վտանգավոր ինչպես շրջապատի մարդկանց, այնպես էլ ինքն իր համար: Չեչնիայում մարտական գործողությունների մասնակիցներից մեկը, որն ամբողջովին խորասուզվել էր հոգեխոցիչ պատահույթների մասին հուշերի մեջ, զենքը ձեռքին պատանդ էր վերցրել խաղաղ քաղաքի տրոլեյբուսով երթևեկող ուղևորներին: Երկրորդ` խուսափողական ախտանիշներ. խուսափում այն մտքերից, ապրումներից, գործողություններից, իրավիճակներից, որոնք կարող են կրկին հիշեցնել հոգեխոցիչ պատահույթները:

– Պարո՛ն Մարգարյան, կյանքը ցույց է տալիս, որ մարդը կարող է հոգեխոցվածք ստանալ ոչ մարտական պայմաններում, օրինակ` հարազատի կորստյան ցավից, աղետի ու բռնությունների զանգվածային տեսարաններից…

– Այո՛, իհարկե, հոգեբանական գիտության բնագավառում դա հայտնի երևույթ է: Հոգեբանական գիտությունների դոկտոր Մ.Պ.Մկրտումյանը ճշմարտացիորեն նշում է, որ արտակարգ իրավիճակներում մարդու ապրած ստրեսը, որպես կանոն, դուրս է մնում մարդկային սովորական ապրումների շրջանակներից: Այն հաճախ հանգեցնում է հոգեկան վնասվածքի, հոգեմարմնական գործառույթների ամենատարբեր փոփոխությունների (խանգարումների): Վնասվածքի աղբյուր կարող է լինել ցանկացած իրադրություն, որին մարդը ականատես է լինում (հարազատների հիվանդություն, մահ, ավտովթար) կամ ապրում է տվյալ իրավիճակը (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, գաղթ, ահաբեկչական գործողություն, համաճարակ, հրդեհ, հիվանդություն, սոցիալ-տնտեսական ճգնաժամ և այլն), եթե նա անմիջապես կապ է ունենում մարդկանց հետ պատահած վնասվածքների, ուժեղ վախի, ապրումների, անելանելի իրադրությունների հետ և այլն: Վնասվածքի հետ կապված ստրեսի հոգեբանական հետեւանքները, իրենց ծայրահեղ դրսևորմամբ, արտահայտվում են հետվնասվածքային ստրեսային խանգարումներով:

– Ինչպե՞ս կարելի է նվազագույնի հասցնել հոգեխոցվածքների հավանականությունը զինծառայողների շրջանում:

– Մարտի հոգեբանական գործոնների ազդեցությունը չեզոքացնելու համար անհրաժեշտ է կանխավ կատարել զինծառայողների հոգեբանական պատրաստում և հավուր պատշաճի կազմակերպել մարտական գործողությունների բարոյահոգեբանական ապահովումը:

Զրույցը վարեց
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Ռազմական


02/05/2012