ԲԱՌԻ ՀԱՄԸ
Արևմտյան Հայաստանում անթեղված-մնացած մեր հոգևոր գանձերի ուսումնասիրությունը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանի համար պարզապես գիտական աշխատանքներ չէ, այլ հոգու ճիչ, ցավ ու տառապանք հետևողական բնաջնջման ու ոչնչացման դատապարված մեր ժողովրդի բազմադարյա հոգևոր-մշակութային արժեքների համար: Այստեղ է, որ նույնանում են փորձառու, պրպտուն գիտնականը, իսկական մտավորականն ու ազնիվ հայրենասերը: Եվ ահա քանի տարի նա համառ հետևողականությամբ փորձում է փրկել մեր սրբակնիք բառերն ու հայրենակնիք տեղանունները, այսինքն` մեր ինքնության նշաններն ու վկայությունները:
Մեր թերթի վերջին համարներից մեկում ներկայացրել էինք Լուսինե Սահակյանի «Համշենի մանրատեղանունները» գիրքը և ահա հնարավորություն ունենք մեր ընթերցողին ուրախացնելու նրա ևս մեկ կարևոր և հույժ անհրաժեշտ մի աշխատությամբ` «Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում» գրքով, որը եռալեզու է` անգլերեն, հայերեն, ռուսերեն և տպագրվել է Կանադայի «Մոնրեալ-Արոդ» հրատարակչությունում:
Թերևս արժե հատկապես լեզվագիտական և քաղաքագիտական խնդիրներում ոչ հմուտ մարդկանց համար, որոնք տարակուսելի կհամարեն նմանատիպ` լեզվագիտական աշխատանքների ռազմավարական ողջ նշանակության մասին մեր պնդումները, ամբողջովին մեջբերել գրքի «Եզրակացության» եզրափակիչ պարբերությունը՝ գրված ավելի քան պարզ ու բոլոր բոլորին հասկանալի լեզվով. «Հայկական տեղանունները մի ողջ քաղաքակրթության արգասիք են և Արևմտյան Հայաստանում հայոց հնամենի գոյության խոսուն վկաներ… Տեղանունները սոսկ լեզվական փաստեր չեն, այլ նաև պատմագիտական ճշգրիտ ու անաչառ ապացույցներ: Վաղնջական ժամանակներից հիշվող հայկական տեղանունները լեզվական ամրակուռ վկայություններ են, որոնք բացահայտում են ողջ ճշմարտությունը` Հայկական լեռնաշխարհի բնիկ տերերի մասին»:
Եթե այսպես է, ուրեմն` հայկական տեղանունների պաշտպանության, պահպանման և վերականգնման խնդիրը ներկայումս մեզ համար ունի ռազմավարական անգնահատելի նշանակություն:
Հայկական տեղանունների հետևողական ոչնչացումն ու փոփոխումը թուրքերի կողմից հեղինակը ավելի քան արդարացիորեն բնորոշում է որպես պատմամշակութային եղեռն: Եվ որքան տեղին է գիտնականի զայրույթը, երբ արևմտյան գիտական որոշ շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայաստանյան և սփյուռքյան որոշ պատմաբաններ ու դիվանագետներ, տուրք տալով թուրքական պետության քարոզչամեքենայի գիտական զեղծարարությանը, «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը փոխարինում են հնարովի «Արևելյան Անատոլիա» հասկացությամբ. «Արևմտյան Հայաստանի փոխարինումը «Արևելյան Անատոլիա» տերմինով, նշանակում է հրաժարում Հայրենիքից` մեր իսկ կողմից, Հայոց ցեղասպանության ուրացում, նրա հետևանքների մոռացություն, Արևմտյան Հայաստանի հանդեպ հայ ժողովրդի իրավունքների նսեմացում»:
«Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում» համեմատաբար փոքրածավալ, սակայն տարողունակ աշխատության հեղինակը գիտական ճշգրտությամբ վեր է հանել նվաճած տարածքները սեփականելու կամ ժողովրդական լեզվով ասած` «իրենցով անելու» բոլոր ձևերն ու մեթոդները, որոնք թուրքական իշխանությունները հետևողաբար կիրառել են սկսած 11-րդ դարից, երբ թյուրքական ցեղերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ, մինչև ներկա` Գյուլի և Էրդողանի օրերը: Ըստ հեղինակի, ամենատարածված մեթոդներից են եղել հայկական բնիկ տեղանունների թարգմանությունը թուրքերենի, օրինակ` Տանձուտը` Արմուդլու, Ծաղկաձորը` Դարաչիչեք, Կարմրիկը` Քնզլջա, կամ էլ հայկական տեղանվան նմանեցումը թուրքերեն այս կամ այն բառին` Արմտիքը` Արմուդին, Օձունխաչը` Ուզունհաչ, Քարհատվանը` Քարդիվան և այլն: Ձգտելով մոռացության տալ տեղանունների էթնիկ պատկանելությունը, թուրքերը հին բնակավայրերին նոր անուններ են տվել, ասենք` Վարագավանքը կոչել Եդիքիլիսե: Հեղինակի հաշվումներով՝ Արևելյան ու Արևմտյան Հայաստանում եղել է քիլիսե (եկեղեցի) բառով մի քանի տասնյակ բնակավայր, մոտավորապես մի այդքան էլ` Ղարաքիլիսե (սև եկեղեցի) անունով: Ի դեպ, թուրքերը իրենց իրագործած մշակութային եղեռնին «գիտական» հանդերձավորում են տվել` փորձելով հայկական տեղանունները թուրքերենով ստուգաբանել: «Այս գործի վարպետներից է համարվել,- կարդում ենք գրքում,- 17-րդ դարի թուրք պատմիչ Էվիլյա Չելեբին: Զորօրինակ, նա հնագույն հայկական Բայբերդ կամ Բաբերդ տեղանունը ստուգաբանել է հետեւյալ կերպ` բայ (հարուստ)+յուրդ (բնակատեղի): Իրականում Բայ նշանակել է որջ, անառիկ թաքստոց, իսկ բերդ` պարիսպներով շրջապատված ամրություն, ամրոց: Հիշյալ պատմաբանը, որին առատորեն հղում են անում թուրք նորօրյա գիտնականները, օրինակ, բնիկ հայկական Ճորոխ (անունը կազմվել է հայերեն ծորել-ծորող բառից) գետանունը թուրքերեն ստուգաբանել է որպես Ջուի-ռուհ «հոգու գետ, առվակ»: Եվ հեղինակը իրավացիորեն նշում է, որ թուրք պատմաբանի լեզվաբանական վարժանքները չպետք է վերագրել նրա գիտական անպատրաստությանը, քանզի նա հետապնդում էր գրավված տարածքների թուրքականությունը հաստատելու որոշակի ու հստակ նպատակ: «Այս պատմաբանը վարել է պետական պաշտոններ, մասնակցել օսմանյան նվաճողական արշավանքներին, ուստի նրա տեղանվանական բացատրություններն ունեն աշխարհաքաղաական դրդապատճառներ»,- գրում է հեղինակը:
Այս գիրքի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում առաջին անգամ հայերենով ծանոթանալու երիտթուրքերի կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշայի հայտնի հրամանագրին (1916 թ. հունվարի 5-ի), որով նա իշխանությունից պահանջում է կայսրության տարածքում ոչ մահմեդական (հայերեն, հունարեն, բուլղարերեն) ծագում ունեցող բոլոր տեղանունները փոխել թուրքերենի:
Ինչպես տեսնում ենք, հայերեն տեղանունների համակարգված թուրքացումը վաղուց անտի պետական քաղաքականության կարևոր մաս է կազմել, և Հայկական հարցը միայն թրով ու արյունով չի լուծվել: Տեսեք որքա՜ն պարզ, նույնքան լկտի ձևակերպում ունի այդ քաղաքականությունը թուրք հայտնի զինվորական Ալփասլանի բերանում. «Եթե ուզում ենք մեր երկրի տերը դառնալ, ապա ամենափոքր գյուղի անունն անգամ պետք է թուրքերեն դարձնենք, այլ ոչ թե թողնենք հայերեն, հունարեն, արաբերեն: Այսպիսով` մեր երկիրը կներկենք մեր գույներով»:
Տեղանունների «ազգայնացման» քաղաքականությունը, որ երիտթուրքերը ժառանգել էին Օսմանյան կայսրությունից, փոխանցվում է քեմալականներին, 1916 թ. հունվարի 5-ի հրամանագրին փոխարինելու է գալիս 1940 թվականի թիվ 8589` օտար լեզուներով ու արմատներով տեղանունները թուրքերենի փոխելու շրջաբերականը, այնուհետև «Անվանափոխման մասնագիտական կազմակերպությունը» (1953թ.): Վերջինս ուսումնասիրելով 75.000 տեղանուն, փոփոխում է 28 հազարը (որից 12 հազարը` գյուղանուն): Գրքի հեղինակը, վկայակոչելով Թուրքիայի Ժողովրդավարական հասարակություն կուսակցության պատգամավոր Շ. Հալիսի ներկայացրած վիճակագրությունը, նշում է, որ 1940-2000 թթ. ընթացքում Թուրքիայում վերանվանափոխվել է 12 հազարից ավելի գյուղանուն, որը կազմում է ընդհանուրի մոտ 35 տոկոսը:
«Հայկական տեղանունների միտումնավոր աղավաղման` թուրքացման, քրդացման, այսպես ասած, «գործընթացը», շարունակական բնույթ ունենալով, երբևէ կանգ չի առել և դեռ շարունակվում է: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք թուրք ու քուրդ վերաբնակներով լցված հին տեղանունները փոխարինվեցին Համիդիյեով, Ռեշիդիյեով, Ազիզիյեով ու Մահմուդիյեով, Երիտթուրքերի իշխանությունների ժամանակ` Էնվերիյեով, Շևքեթիյեով, Մահմութշևքեթփաշաիյեով, մեր ժամանակներում (2009 թ.),- տեղեկացնում է գիրքի հեղինակը,- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Բիթլիս կատարած այցի ժամանակ հայտարարում է, որ ներկայիս Գյուրօյմաք գավառի իսկական անունը քրդերեն է եղել` Նորշին: Մաքուր հայ տեղանունը` թե՛ իր բաղադրիչներով` Նոր շեն, թե՛ տեղանվանակազմ կաղապարով, ոչ ավել. ոչ պակաս… քրդերեն: Այո՛, ինչպես տեսնում ենք, Թուրքիայի նախագահի հայտարարությունը ո՛չ պատահական է, ո՛չ վրիպում է և ո՛չ էլ մանավանդ չիմացության արդյունք: Թուրքիայի բոլոր ժամանակների ղեկավարները երեկ և այսօր հրաշալիորեն հասկանում են, որ տեղանունները, այո՛, լեզվական փաստ լինելով հանդերձ, ունեն ռազմավարական հսկայական նշանակություն: Ուստի սերնդե-սերունդ փոխանցում և առավել հետևողականորեն ու համակարգված նենգափոխում են բուն հայկական տեղանունները` շարունակելով հիմա արդեն պատմամշակութային Եղեռնը:
Այս ամենի մասին է Լուսինե Սահակյանի «Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում» գիրքը, որը, ինչպես արդեն ասվեց, զուտ գիտական նշանակություն ունենալուց զատ, արծարծում է ռազմավարական խնդիրներ և ունի ռազմավարական արժեք:
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Հոգևոր-մշակութային