Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԱՍՆԱՏՈՒՄԻՑ



Թուրքագետ Լևոն Հովսեփյանի նոր գիրքը նվիրված է ուշագրավ թեմայի` Թուրքիայի հասարակության տարբեր շերտերում երկրի մասնատման վախին ու դրա հոգեբանական դրսևորումներին: Երևույթն ունի երկու ակունք. առաջինը ներքաղաքական է` պայմանավորված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են քրդականը, աշխարհիկություն-իսլամ հակադրությունը, ինքնության ճգնաժամը, իսկ երկրորդն արտաքին-քաղաքական է և առնչվում է Թուրքիայի նկատմամբ գերտերությունների քաղաքականությանը, որը Թուրքիայում ընկալվում է որպես իրենց պետականությանը ուղղված դավադրություն: Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում երևույթն այնքան խոր արմատներ ունի, որ ստացել է հատուկ անվանում` «Սևրի ախտանիշ կամ սինդրոմ»: Հեղինակը նկատում է, որ այն սկիզբ է առնում դեռեւս Թուրքիայի մասնատման վերաբերյալ 1916թ. Անգլիայի ու Ֆրանսիայի (Սայքս-Պիկոյի) գաղտնի պայմանագրից, 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի դաշնագրից ու նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրած իրավարար վճռից:

Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրով Օսմանյան Թուրքիան զրկվում էր իր ասիական տարածքներից, որոնց նկատմամբ հաստատվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի իրավասությունը: Ինչ վերաբերում է Սևրի դաշնագրին, ապա այն թեպետ կյանքի չկոչվեց, բայց այսօր Թուրքիայում ընկալվում է որպես «քողարկված մի գործիք», որը ցանկացած հարմար պահի կարող է երևան հանվել արտաքին ուժերի կողմից, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ԽՍՀՄ-ը տարածքային պահանջ ներկայացրեց Թուրքիային: Հիշեցնենք, որ 1945թ. մարտին ԽՍՀՄ-ը չեղյալ է հայտարարում 1925թ. խորհրդա-թուրքական բարեկամության մասին դաշնագիրը` պահանջելով լուծել ինչպես սևծովյան նեղուցների խնդիրը, այնպես էլ կարգավորել խորհրդա-թուրքական սահմանը: Դա վերաբերում էր նախևառաջ Կարսի և Արդահանի վերադարձին Հայկական ԽՍՀ կազմ: Այն ժամանակ Թուրքիային հաջողվում է ապավինելով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի աջակցությանը, չեզոքացնել ԽՍՀՄ ներկայացրած տարածքային պահանջը: Բայց թուրք մտավորականներն ու քաղաքական գործիչներն այսօր էլ վստահ են, որ, թուրք պրոֆեսոր Չեթին Յեթքինի խոսքով, «իմպերիալիստները Սևրի դրույթները կրկին կյանքի կոչելու համար սպասում են հարմար պահի և ձեռքներից եկածն անելու են, քանի որ չեն մոռացել Թուրքիան մաս-մաս անելու ծրագրերը»: Թուրքիայի քեմալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թանսել Չոլաշանը 2011թ. ապրիլին երկրի Բիլիջեք նահանգում կազմակերպված միջոցառման ժամանակ իր ելույթում թուրքական հանրությանը նույնիսկ կոչ էր արել պատրաստվել «ազատագրական երկրորդ պատերազմի» երկիրը վերահաս վտանգից` տարածքային մասնատումից փրկելու համար:

Հետաքրքիր է, որ Սևրի ախտանիշը դրսևորվում է նաև Թուրքիայի զինվորականության շրջանում. 2007թ. Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ (1990-1994թթ.) Դողան Գյուրեշը հայտարարել է, որ «Թուրքիայի առաջ ծառացած է մասնատման վտանգը, Թուրքիայի մասնատումը ցանկանում են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրամիությունը: Նրանց նպատակը Թուրքիայի փոքրացումն է»:

«Թուրքիայում առկա տագնապի պատճառը կատարած հանցագործության համար հնարավոր պատժի ենթարկվելու գիտակցումն է,- գրում է Լ.Հովսեփյանը: – Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման, տեղաբնիկ էթնիկ խմբերի ոչնչացման, ուծացման պետական քաղաքականության վրա հիմնված Թուրքիայի Հանրապետության թե՛ տարածքային, թե՛ պատմական և թե՛ բարոյական ու իրավական հիմքերը խախուտ են, ուստի ցանկացած իրավիճակում կարող են խարխլվել»:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Տարածաշրջան


02/05/2012