Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ` ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ



Սույն թվականի մարտի 31-ը կհիշվի ոչ միայն նրանով, որ ամբողջ աշխարհում անցկացվում էր «Երկրագնդի ժամը» ակցիան, այլև նրանով, որ այդ օրը Ադրբեջանում նշվում էր «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության հերթական տարելիցը». Այսպես` համաձայն ադրբեջանական պաշտոնական տեսակետի` «1918թ. մարտին Բաքվում և ներկայիս Ադրբեջանի այլ գավառներում տեղի ունեցած ջարդերի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ»: Թե ով էր կազմակերպել և իրականացրել «ադրբեջանցիների ջարդը», գուշակել դժվար չէ, քանի որ Ադրբեջանում տեղի ունեցած ցանկացած բացասական դեպք և երևույթ անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանի իշխանությունները վերագրում են «նենգադավ և անշնորհակալ հայերին»: Այս դեպքը ևս բացառություն չէ:

Ինչպես և վերջին տարիներին, այնպես էլ այս տարի մարտի 31-ն Ադրբեջանում հիշատակվեց ադրբեջանցի պաշտոնյաների լկտի հայտարարություններով, տեղական ԶԼՄ-ների հայատյաց հրապարակումներով և ադրբեջանցիների ցեղասպանությանը նվիրված գիտաժողովների բեմադրմամբ, որոնց ընթացքում ադրբեջանցի պատմաբան կոչեցյալները և օտարերկրյա ծախված մակաբույծ-«փորձագետները» ներկայացնում են հայերի դաժանության փաստերը:

Ընդհանուր առմամբ` անիմաստ է խոսել ադրբեջանցիների «ցեղասպանության» իսկության մասին, որովհետև արդեն քանի տարի է, ինչ ե՛ւ հայ, ե՛ւ օտարերկրյա փորձագետները ապացուցել են, որ ադրբեջանցիների պնդումներն անհեթեթ են, և դեռ ավելին` իրականում տեղի է ունեցել հակառակը. 1918թ. սեպտեմբերին թուրքական զորքերն ու կովկասյան թյուրքերի (ադրբեջանցիների) զորամիավորումները սպանել են ավելի քան 10 հազար հայի, Անդրկովկասի այլ բնիկ ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչների:

Հարկ է նշել, որ ադրբեջանցիների ցեղասպանության մասին լեգենդն անուղղակիորեն ջախջախվում է նաև հենց այդ լեգենդի հեղինակ` ադրբեջանցիների գլխավոր աստված` այժմ արդեն դժոխաբնակ Հեյդար Ալիևի կողմից: Այսպես, 1978թ.-ի մի պայծառ աշնանային օր` հոկտեմբերի 11-ին, Լենինի «ճիշտ» գործի և կոմունիզմի հետևորդ Հեյդար Ալիևը, ելույթ ունենալով Ստեփան Շահումյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովին, հայտարարել էր, որ 1918թ. մարտի դեպքերը խորհրդային կարգերի տապալման նպատակով մուսավաթականների բարձրացրած զինված ապստամբություն էր, որը ճնշվել էր բոլշևիկների վճռականության շնորհիվ: Ցավոք, կոմունիստ Հեյդարն այդ ժամանակ չէր էլ կարող պատկերացնել, որ քսան տարի անց` 1998թ. ինքը առաջ է քաշելու «ադրբեջանցիների ցեղասպանության» գաղափարը և նույն Ստեփան Շահումյանին կնքելու է «ադրբեջանցիների ցեղասպանության կազմակերպիչ»: Ինչպես տեսնում եք, Հեյդարի աներեսությունը և լկտիությունը սահմաններ չունի:

Ամեն դեպքում, պետք չէ հակադարձել ադրբեջանցիներին, և ավելին` պետք չէ «նեղանալ» ադրբեջանցիներից. ուղղակի պետք է յուրաքանչյուր տարվա մարտի 31-ին տեղի ունեցող այդ ադրբեջանական բեմադրությունն ընդունել որպես հումոր` ապրիլի 1-ին ընդառաջ: Ո՞վ իմանա, գուցե այդպիսի՞ն է ադրբեջանական հումորը:

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Ռազմաքաղաքական


11/04/2012