Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ



Շարունակում ենք հարցազրույցների շարքը ԵՊՀ քաղաքական գիտության պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ հետ

-Ի՞նչ փոխեց Արցախյան պատերազմը ազգի հոգեբանության մեջ։ Թերևս՝ ավելի ճիշտ կլինի հարցնել՝ մեր հավաքական նկարագրի ո՞ր գծերը մղեց առաջ, շեշտեց։

-Համազգային պատերազմը ընդհանուր թշնամու դեմ և բոլորին հարազատ հողի համար, բարձրացնում է «մենք»-ի գաղափարը։ Համազգային միասնականությունը դրսևորվում է ոչ միայն ազատագրական պայքարի գաղափարի շուրջ, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ «Մենք»-ը դառնում է մտածելակերպ, հոգեբանություն և պայմանավորում է մարդկանց վարքն ու գործելակերպը։ Պատահական չէ, որ պատերազմի տարիներին մենք ավելի հանդուրժող, բարյացակամ և միասնական էինք ոչ միայն ճակատում, այլև թիկունքում՝ կենցաղային հարաբերությունների մեջ։ Այդ տարիներին մեր հոգեբանության մեջ արմատավորվեց սեփական ուժը կողքինի ուժով պայմանավորելու գիտակցումը, կողքինին կարևորելու պատրաստակամությունը։ Ես միայնակ չեմ կարող ուժեղ լինել՝ այս միտքն էր իրեն ազգի մասնիկը զգալու, համազգային ուժի, համազգային հզորացման կարևորագույն նախադրյալներից մեկը։ Եվ այս գաղափարը տիրապետող էր Արցախյան պատերազմի օրերին։ Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտելու փաստը ավելի ամրապնդեց ազգային համահավաքականությունը, հավելելով ինքնավստահություն, լավատեսություն, հավատ սեփական ուժերի հանդեպ, մեծ ներքին ուժ՝ հաղթահարելու գալիք խնդիրները, բարոյահոգեբանական զարթոնք… Ազգային ինքնագիտակցությունը կտրուկ վերելք արձանագրեց և դարձավ համահավաքության և միասնականության նոր խթան։

Արցախյան պատերազմում հաղթանակը մեր ազգային ինքնագիտակցության հաղթանակն էր։ Ադրբեջանցիները պարտվեցին, որովհետև ազգային ինքնագիտակցության մակարդակը ցածր էր։ Ազգը կարող է մեծաքանակ լինել, կարող է հաշվվել միլիոններով, բայց ազգային համահավաքականության, ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակը թույլ չտա հզորանալ, ինչպես դա Ադրբեջանի դեպքում էր։ Ադրբեջանի պարտությունը բացառապես պայմանավորված էր նրանց ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակով։ Արցախյան պատերազմից հետո երկրում ձևավորվեց մի արժեհամակարգ, որի վերին հորիզոնականներում ազգային գաղափարներ և ազգային արժեքներ էին։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմի տարիներին երկրում գրանցվել է արտագաղթի ամենացածր մակարդակը։ Սա որոշակի չափորոշիչ է` հասկանալու մեր համազգային հոգեբանական պատկերը այդ տարիներին։

-Փաստորեն, խաղաղ հայրենաշինությունը սկսեցինք վերելքի ու առաջընթացի լուրջ նախադրյալներով։

-Այո՛։ Հոգեկան վերելքը ուղղակիորեն պայմանավորված էր դրական փոփոխությունների, սեփական կյանքը բարելավելու հույսով։ Այդ հույսը վառ էր, և մենք օրինաչափորեն պիտի լծվեինք սեփական երկիրը շենացնելու, մեր կենցաղը բարելավելու գործին։ Մենք ուզում էինք կառուցել արդար երկիր ու բարեկեցիկ կյանք։ Բարոյահոգեբանական վերելքի պայմաններում իշխող գաղափարներն ու ձգտումները վեհ էին ու անանձնական։ Հաղթած պատերազմը բերել էր իր գաղափարախոսությունն ու իր հերոսներին, իր հոգեկան կորովը, իր նպատակները…

-Միանգամից պիտի հարցնեմ՝ իսկ ի՞նչը խանգարեց մեզ իրականացնելու մեր երազանքները։ Ակնհայտ է, որ մենք չկառուցեցինք այն երկիրը, որ ցանկանում էինք։

-Նախ պիտի խոսեմ «շոկային թերապիա» երևույթի մասին։ Շոկային թերապիան մի իրավիճակ է, երբ պետությունը վերացնում է իր դերակատարումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և ամեն ինչ թողնում շուկայի տրամաբանությանը։ Մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ չկար պետության ուղղորդումը, և ինքներս պիտի փորձեինք կարգավորել մեր կյանքը։

-Չունենալով փորձառություն…

-Առաջինը մեզ խանգարեց բարեկեցության շատ ցածր մակարդակը։ Սա մեր ինքնակազմակերպումը խոչընդոտող լուրջ գործոն էր։ Որովհետև մեր մեկնարկային տնտեսական վիճակը սահմանափակում էր բարեկեցիկ երկիր կառուցելու տեմպերը։ Հաջորդը փորձառության իսպառ բացակայությունն էր։ Մենք հայտնվեցինք շփոթի ու ինքնամեկուսացման մեջ։ Նախկին Խորհրդային Միության երկրները լավագույն դեպքում փորձում էին փոխօգնությամբ հաղթահարել առկա դժվարությունները՝ նախկին միասնականության և տնտեսական կապերի վերհուշով, բայց դա, ըստ էության, փակուղային ճանապարհ էր։ Մեզ խանգարեց ժողովրդավարության ավանդույթի իսպառ բացակայությունը։

-Պարոն Ենգոյան, ճիշտ է, հասարակարգ էր փոխվել, չկար պլանային տնտեսությունը, բայց մենք ունեինք պետություն, իշխանություն, կառավարություն, և նրանք պարտավոր էին ուղղորդել ներքին գործընթացները։

-Ուղղորդեցին։ Ես չեմ ուզում մեր զրույցը հանգի ժամանակի իշխանությունների քննադատությանը։ Բայց բոլորս հիշում ենք, թե ինչպես ուղղորդվեցին գործընթացները։ Երկրում ծայր առավ սոցիալական անարդարությունը։ Մարդկանց մի փոքր զանգված սկսեց հարստանալ, իսկ հասարակության ստորին շերտերում մոլեգնեց աղքատացումը։

Ես պիտի ասեմ, որ ժողովուրդը շատ հանդուրժող էր Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած ազատամարտիկների նկատմամբ։ Այսինքն՝ իշխող չգրված գաղափարախոսությունը բարձրացրել էր իր հերոսներին, իր արտոնյալ շերտը, որոնք վաստակել են բարեկեցիկ ապրելու իրավունք։ Նրանց վարձատրված լինելու իրավունքը ժողովուրդը չէր դիտարկում և չէր դիտում որպես սեփական անձի ոտնահարում ու անարդարություն։

Բայց բարեկեցության սանդղակի վերին հորիզոնականներում հայտնվեցին մարդիկ, ովքեր չունեին ոչ մի վաստակ։ Մարդիկ, որոնք խլեցին ժողովրդից սեփական երկրի տերը լինելու, հայրենիք ունենալու զգացողությունը, որոնք զրկեցին ժողովրդին հաղթողի հպարտությունից, որոնք խլեցին ժողովրդի երազանքները, սպանեցին հոգեկան եռանդը, ավյունը, բարեկեցիկ ապագայի հույսը, պարտադրեցին անկումային տրամադրություն, հոռետեսություն… Ժողովրդավարության, այսինքն՝ ժողովրդի` պետության տերը լինելու գաղափարը ծայրաստիճան նսեմացվեց։ Հասարակությունը պառակտվեց, հասարակությունը բևեռացավ, հասարակության ներսում ծայր առան հակակրանքն ու թշնամանքը։ Բարձր գաղափարները ոչնչացան, բարձր արժեքները նսեմացվեցին, ու մենք ոչ միայն վերադարձանք նախահեղափոխական (խորհրդային) վիճակին, այլ շատ ավելի հետ գնացինք։ Ժողովրդին պատեց հիասթափությունն ու անհուսությունը։

-Այդ տարիներին աղքատությունն ու թշվառությունը դիտվում էին որպես հաղթանակած պատերազմի հետևանք, չէ՞ր կարող հաղթանակած պատերազմի գործոնը որոշակի դերակատարում ունենալ դժվարություններին դիմանալու և չկոտրվելու համար։

-Կարող էր, եթե ժողովրդի մի զանգված՝ պատերազմին գրեթե չառնչված մի խավ չվայելեր խաղաղության բոլոր պտուղները` հենց ժողովրդի աչքի առաջ հարստություն դիզելով։ Եթե դժվարությունները համահավասար լինեին բոլորի համար։ Եթե երկիր մտած լոբին ու ձեթը հասնեին ժողովրդին, եթե ժողովրդավարությունը չդառնար ամենաոտնահարված արժեքը։ Եթե նույն սոցիալական անարդարությունը չսասաներ հենց ազատամարտիկների շարքերը։ Երբեմնի իրար կողքի կանգնած, իրար հետ կռված ազատամարտիկները մնացին իրականության տարբեր բևեռներում։

-Եկանք հանգեցինք ժողովրդի հոգեբանական նկարագրին և գաղափարախոսությանը։

-Սկսվեց արտագաղթը։ Հուսահատ, սեփական երկրում ապագա չտեսնող մարդկանց մի ստվար զանգված հեռացավ երկրից։ Յուրաքանչյուր հեռացողից հետո մնացողներն է՛լ ավելի հուսահատվեցին, ու բարոյալքումը է՛լ ավելի սաստկացավ։ Այլևս իշխող գաղափարները անանձնական չէին։ Հասարակությունը հեռացավ պետությունից ու հայրենիքի գաղափարից և սկսեց ապրել «կենցաղային» գաղափարախոսությամբ՝ հանուն ավուր հացի։ Ժողովրդի «գաղափարախոսությունը» հանուն ավուր հացի գաղափարախոսություն էր՝ բանվորինը, բժշկինը, արվեստագետինը, մտավորականինը… Ինչն իր հետ բերում է կեղծիք, անարդարություն, ցածր կրքեր, բարոյալքում…

-Պետությունը, պետական քարոզչամեքենան ոչինչ չէ՞ր անում, չէ՞ր հուշում, չէ՞ր քարոզում ինչ-ինչ գաղափարներ։ Չկա՞ր նպատակաուղղված քարոզչական աշխատանք…

-Բնականաբար, կար քարոզչություն, որը ուղղակի հակոտնյա էր իրականության տրամաբանությանը։ Այսինքն՝ այն, ինչ քարոզվում էր, ոչ մի կապ չուներ այն ամենի հետ, ինչ կատարվում էր։ Քարոզչության հիմնական առանցքը պատերազմական նվաճումները պաշտպանելու գաղափարն էր։ Միակը, որ կարող էր կենսունակ լինել այդ օրերին, և այդ ֆոնի վրա՝ ուժեղ բանակ ունենալու հրամայականը։

-Ես դա էի ուզում հարցնել. հուսահատ ու բարոյալքված ժողովուրդը կարո՞ղ էր կառուցել տարածաշրջանում ամենաուժեղ բանակը և պաշտպանել պատերազմական նվաճումները։

-Մենք պիտի չանտեսենք մեր ժողովրդի հոգեկերտվածքի ֆենոմենը։ Խորհրդային հայ հասարակությունը առաջինը սկսեց ազգային-ազատագրական շարժում կայսրությունում։ Խորհրդային հասարակարգի պայմաններում մեր ազգային ինքնագիտակցությունը, հակառակ ամեն տրամաբանության ու օրինաչափության, վերելք ապրեց։ Հայրենի հողի գաղափարը կենսունակ է մեր արյան մեջ, այն վերացնելը գրեթե անհնար է։ Եվ դա էր պատճառը, որ այդ համընդհանուր գաղափարական վակուումի, անկումային տրամադրության, բարոյալքման պայմաններում մեր ժողովուրդը բանակի կազմավորման և հզորացման գաղափարը փայփայեց իր հոգում և դրա իրագործման համար չխնայեց ոչինչ։ Բանակը հայրենի հողի պաշտպանության խորհրդանիշ է մեզ համար։ Իսկ մենք հողը պաշտպանում ենք` անկախ ամեն ինչից։

-Պարոն Ենգոյան, ի՞նչ վիճակ է այսօր` հասարակության բարոյահոգեբանական պատկերի և գաղափարական արժեհամակարգի առումով։

-2000-2003թթ. սկսվեց դրական տեղաշարժի միտում։ Առաջին հերթին դա պայմանավորված է բարեկեցության մակարդակի փոքր, բայց նկատելի վերելքով։ Ինչն իր հետ բերեց հասարակության բևեռացման նվազում, լարվածության թուլացում։ Նկատվեցին հանդուրժողականություն և դեպի միմյանց մոտենալու փոքրիկ քայլեր։ Հետևեցին ժողովուրդ-իշխանություն երկխոսության առաջին դրվագները, սառույցը ինչ-որ չափով կոտրվեց։ Սկսեցին ուրվագծվել արժեքներ, կերպարներ, գաղափարներ։ Երևան եկան զանազան սոցիալական ծրագրեր՝ ազատամարտիկների համար, ծերերի համար, չքավոր խավի համար… այսինքն՝ կարեկցանքի, փոխըմբռնման սաղմեր… սկսեցին ուրվագծվել մշակութային քաղաքականության և կրթադաստիարակչական ծրագրերի առաջնահերթ գաղափարները… Երկրի արտաքին քաղաքականության կոնտեքստում նկատվեցին ազգային շեշտադրումներ, մասնավորապես՝ Եղեռնի արծարծումը միջազգային ատյաններում։ Սա ազգը համախմբելու ևս մի խթան է։

-Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա քայլերը։

-Ժողովրդավարություն, բարեկեցություն, սոցիալական արդարություն և դաստիարակություն… Սրանք պիտի լինեն մեր գալիք ճանապարհի ուղեկիցները։ Սրանցից որևէ մեկի բացակայությունը որոշակիորեն կբացառի մյուսների գոյությունը։ Առանց ժողովրդավարության չենք կարող ունենալ սոցիալական արդարություն, առանց սոցիալական արդարության յուրաքանչյուր դաստիարակություն կլինի մերկապարանոց և արդյունք չի տա։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


11/04/2012