Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊ. ԲԱԶՄԱՇԵՐՏ, ԱՐԱԳ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ



Պատմությունը, առավել ևս ռազմարվեստի կամ պատերազմների պատմությունը լի է անորակ կապի կամ դրա իսպառ բացակայության հետևանքով տեղի ունեցած ձախողումների, պարտությունների օրինակներով։ Վաթեռլոոյի ճակատամարտում, չդիմանալով դաշնակիցների գերակշիռ ուժերի ճնշմանը, Նապոլեոնի ֆրանսիական գվարդիան դանդաղ նահանջում էր։ Ինքը՝ կայսրը, դեռ չէր կորցրել հաղթանակի հույսը և սպասում էր օգնական ուժերին։ Մոտենալով մարշալ Նեյին՝ նա հարցնում է, թե սուրհանդակ ուղարկե՞լ է օգնական ուժերի հետևից.

-Մեկին ուղարկել եմ,- ասում է Նեյը։

Նապոլեոնը ոտքից գլուխ չափում է մարշալին և ասում.

-Դեզեն հարյուրը կուղարկեր։

…Արցախյան պատերազմում, երբ մեր բանակը դեռ կազմավորման փուլում էր, եղել են դեպքեր, երբ կռվող կամավորական ջոկատները, ստորաբաժանումները որակյալ կապ չունենալու պատճառով ժամանակին օգնություն չեն ստացել և հայտնվել են ծանր իրավիճակում։

Բարեբախտաբար, նման դեպքերն արդեն քսանամյա վաղեմության պատմություն են, և զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները՝ շտաբներից, հրամանատարական կետերից մինչև առաջնագծի մարտական հենակետերը, ապահովված են կապի ժամանակակից միջոցներով։

Զորքերի և ընդհանրապես զինված ուժերի ղեկավարման գործում չափազանց կարևոր ծառայություն են կատարում գնդապետ Գ. Ալեքսանյանի հրամանատարությամբ գործող կապի կենտրոնի անձնակազմի անդամները։ Գնդապետն ինքը, որ զինվորական կապի հմուտ մասնագետ է և մեծ ներդրում ունի համակարգի ստեղծման ու զարգացման գործում, վստահեցնում է, որ մարտական պատրաստության հարցում որևէ խնդիր չկա, և զորամասը, ունենալով ապահովվածության շատ բարձր մակարդակ, օրվա բոլոր քսանչորս ժամերի ընթացքում պատրաստ է կատարելու ցանկացած առաջադրանք։

Գնդապետ Գ. Ալեքսանյանի նախնիները բնիկ արցախցիներ են՝ Գանձասարից։ Գնդապետը ծնվել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում։ Նա յոթ տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Արցախ։

Ավարտել է Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցը և ընդունվել Ստավրոպոլի զինվորական կապի բարձրագույն ուսումնարանը։ 1986թ. ավարտել է ուսումը և ծառայության նշանակվել Բելառուսում՝ հրթիռային դիվիզիայում։ 1990թ. վերադարձել է Հայաստան և նշանակվել քաղպաշտպանության կապի պետ։ 1992թ. ընկերոջ` Ա.Պողոսյանի և մի խումբ գանձասարցի տղաների հետ մեկնել է Արցախ, ներկայացել պաշտպանության կազմակերպման հրամանատարությանը։ Կոմանդոսի հրամանով նա նշանակվել է Սրխավենդ-Գանձասար տարածքի հրամանատար։ Որպես կապավոր մասնակցել է Շուշիի գրավման գործողությանը։ Այնուհետև ծառայությունը շարունակել կամավորական բրիգադում՝ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ։ Հրադադարից հետո Գ. Ալեքսանյանը նշանակվել է կապի զորամասի շտաբի պետ, սովորել սլավոնական համալսարանում, իսկ 1999-2001թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության կապի ակադեմիայում։ 2001թ. նշանակվել է կապի հանգույցի պետ։ 2008-ին նշանակվել է զորամասի հրամանատար։ Ամուսնացած է, ունի երեք աղջիկ։

-Մեր խնդիրն է ապահովել կապը զորամիավորումների, զորամասերի և մյուս ստորաբաժանումների հետ։ Հասկանալի է, որ մեր զորամասում ծառայում են լավագույն մասնագետները, և մենք սխալվելու իրավունք պարզապես չունենք։ Ինչպես մյուս զորամասերում, մեզ մոտ նույնպես տարվում են մարտական պատրաստության աշխատանքներ, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում կատարելագործվում են անձնակազմի իմացություններն ու հմտությունները, մշտական աշխատանք է տարվում նրանց գաղափարական, բարոյահոգեբանական, մարդկային, գործընկերային հատկանիշները զարգացնելու, պաշտպանության նախարարության միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելու, հոգևոր-մշակութային պահանջմունքները բավարարելու ուղղությամբ։ Եվ լինելով իրենց գործի իսկական վարպետները, մեր մասնագետները, կապավորները, մշտապես հաջողությամբ են կատարում բոլոր պատասխանատու խնդիրները։

Իրենց նվիրված աշխատանքով հանգույցի անթերի աշխատանքն ապահովում են մայոր Լ. Հարությունյանը, կապիտան Ա. Հարությունյանը, մայոր Ա. Խաչատրյանը, զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Դայանը: Արցախյան պատերազմի մասնակից, էլեկտրասնուցման կենտրոնի պետ ենթասպա Արսեն Թումասյանը և շատ ուրիշներ։

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

Հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Դայանը նաև ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետի բազմականալ էլեկտրոնային կապի բաժինը։ 1992թ. անցել է զինվորական ծառայության։

-Այսօրվա տեխնիկան համեմատելի չէ նախկինի հետ։ Սարքավորումների ինչպես տեղադրումը, այնպես էլ սպասարկումը շատ ավելի հեշտ է ու քիչ ծախսատար։ Ամենակարևորն այն է, որ նորի հնարավորություններն ավելի մեծ են,- ասաց փոխգնդապետը։

♦♦♦

Մայոր Տ. Առաքելյանը հրամանատարի տեղակալն է։ Նա երիտասարդ է ու փորձառու։ Ձգտելով դառնալ զինվորական՝ ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կապի բաժինը։ 1999թ. ծառայության է նշանակվել կապի հանգույցում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

♦♦♦

Զորամասի առջև դրված խնդիրների կատարման գործում մեծ է նաև կապի կենտրոնի պետ մայոր Լ. Հարությունյանի ավանդը։ Նա սովորել է Օդեսայի կապի ինստիտուտում։

♦♦♦

Գնդապետ Գ. Ալեքսանյանի հետ անցնում ենք բաժիններով, զրուցում կանանց ու աղջիկների հետ։ Կապիտան Թամարա Չալյանը լավագույն ծառայողներից է։ Նա բնիկ արցախցի է, ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, արդեն տասը տարի ծառայում է այս զորամասում։

-Կնոջ համար զինվորական ծառայությունը հեշտ չէ, բայց գործի կարևորությունը, երկրի պաշտպանությանը մասնակցելու իրողությունը մոռացության են տալիս բոլոր դժվարությունները, ընտանեկան հոգսերը։

Ավագ ենթասպա Մարինե Թամոյանն օպերատոր-հեռախոսավարուհի է, երկու երեխաների մայր։ Նա բարեխղճորեն ծառայում է հայրենիքին, պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով։ Ենթասպաներ Նաիրա Ղալեչյանը եւ Նանա Մաթևոսյանը նույնպես շատ փորձառու են.

♦♦♦

Մայոր Էլմիրա Մարգարյանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո անցել է ծառայության ազգային բանակում և մեծ ճշտությամբ կատարում է իր պարտականությունները։ Մայոր Էլմիրա Մարգարյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։

-Ինչպես տեսնում եք, տեխնիկան նոր է, վերջին սերնդի համակարգիչներ ու հեռախոսներ են, իսկ մասնագետները, կարող եմ ասել, կապի զորքերի լավագույն մասնագետներն են,- ասաց մայոր Էլմիրա Մարգարյանը։

♦♦♦

Կապիտան Ա. Հարությունյանը ներկայացրեց իր աշխատողներին:

Եղանք նաև ռադիոկենտրոնում, որի պետը մայոր Հ. Կիրակոսյանն է։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի և պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետները։

-Ծառայությունն իրականացվում է գիշեր ու զօր, կապը մշտապես պահպանվում է բոլոր զորամասերի, առաջնագծի հետ։ Կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով։

Խորասուզված առաջադրանքներ էին կատարում ենթասպաներ Մարտա Նագիյանը, Իզաբելա Կյուրեղյանը, Անժելա Ասրյանը, սերժանտ Խաչատուր Արշակյանը և շարքային Լուսինե Սուքիասյանը։

♦♦♦

Ենթասպա Դիանա Խոսրովյանը ծնվել է Երեւանում, սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1994թ. միջնակարգն ավարտելուց հետո Դիանան, նախ, սովորել է հաշվապահական քոլեջում, այնուհետեւ՝ Երեւանի Մոսկովյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Երեւանի քաղաքապետարանում որոշ ժամանակ աշխատելուց հետո ծառայության է անցել ազգային բանակում։ Կենսալից, ժպտադեմ, բոլոր առաջադրանքները արագ ու բարձր որակով կատարող երիտասարդ կինը մշտապես ոգեւորում, նոր լիցք է հաղորդում ժամեր շարունակ համակարգիչների առջեւ նստած ընկերուհիների աշխատանքին։ Ծառայության տարիների ընթացքում ենթասպա Դիանա Խոսրովյանն արժանացել է մի շարք խրախուսանքների՝ պարգեւատրվել շնորհակալագրով, պատվոգրերով, իսկ ամենաթանկը նրա համար «ՀՀ ԶՈՒ 20-ամյակի» հոբելյանական մեդալն է։ Դիանան ամուսնացած է, ունի երկու աղջիկ, որոնցից մեծը սովորում է ճարտարագիտական համալսարանի վարժարանում, իսկ փոքրը՝ իր իսկ հարազատ Մոնթե Մելքոնյանի անվան հիմնական դպրոցում։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/03/2012