Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԱՏԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ



Զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին կազմակերպվեց ուսանողների այցելություն Տավուշի մարզի սահմանային զորամաս: Մասնակիցները մեծ ոգեւորությամբ եւ անտրտունջ հաղթահարեցին ճանապարհը: Զորամասում ուսանողներին սպասում էին հարյուրավոր զինվորներն ու զորամասի հրամանատարական կազմը: Այցելուներին դիմավորեց ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Է. Հովհաննիսյանը եւ ուղեկցեց զորամասի տարբեր ստորաբաժանումներ, ներկայացրեց զինվորների առօրյան, զորամասի տեղակայման վայրի նշանակությունն ու կարեւորությունը.

«Գունդը 2007-2010 թվականներին մարտական պատրաստականության, մարտական հերթապահության եւ զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար բանակային կորպուսում ճանաչվել է լավագույնը, 2007-2008 թվականներին ՀՀ ԶՈՒ զբաղեցրել է 3-րդ տեղը` պարգեւատրվելով «Փոխանցիկ դրոշով», իսկ 2010 թվականին ճանաչվել է ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող լավագույն զորամաս` գրավելով 1-ին տեղը եւ պարգեւատրվելով նաեւ ՀՀ ՊՆ Կոլեգիայի փոխանցիկ դրոշով: Մենք գիտակցում ենք մեր գործի կարեւորությունը բանակի մարտունակության ամրապնդման, ժողովրդի եւ պետության անվտանգության ապահովման համար»,-նշեց փոխգնդապետ Հովհաննիսյանը: Շրջայցից հետո ուսանողները շարահրապարակում կազմակերպեցին մշակութային միջոցառում, որի ժամանակ ասմունքեցին, կատարեցին հայրենասիրական, սիրային երգեր ու բանաստեղծություններ: Զինվորները պարի էին հրավիրում զորամաս այցելած աղջիկներին: Մանկավարժական համալսարանի ուսանողները հագեցած ծրագրով զինվորների օրը հիշարժան դարձրին: Իսկ զինվորներից 25-ին անակնկալ էր սպասում. բարեխիղճ ծառայության համար մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից նրանք պարգևատրվեցին շնորհակալագրերով և նվերներով: Պարգեւատրվածներից 15-ը մանկավարժական համալսարանի ուսանողներ էին:

Նրանցից է կրտսեր սերժանտ Գուրգենյանը: Նա մանկավարժական համալսարանում սովորել է ֆիզմաթ բաժնում, ֆիզիկայի մասնագետ է: Արդեն հինգ ամսվա զինծառայող է եւ ասում է, որ սահմանամերձ գոտում ծառայող զինվորը, կտրված լինելով քաղաքացիական կյանքից, նման միջոցառումների շնորհիվ թոթափում է ծառայական հոգսերը եւ բարձր տրամադրությամբ շարունակում կատարել իր պարտականությունները. «Ուրախ եմ, որ հարազատ բուհիս ուսանողները մեզ հիշել են: Այդ ուշադրությունը ուժ է տալիս: Մեր ուսանող-տղաներին էլ խորհուրդ եմ տալիս չխուսափել ծառայելուց»:

Կարեն Տոնոյանն էլ, ավարտելով Երեւանի պետական բժշկական համալսարանը, զորակոչվեց եւ այժմ վաշտի սանհրահանգիչ է, կատակով ասում է` ծառայելու ավարտին մնացել է 55 մլն վայրկյան, բայց եւ նկատում է. «Ուսանողների գալուստից ի վեր հաշիվը խառնել եմ»: Կարենը հպարտությամբ նշեց, որ 20-ամյա հայոց բանակը բնութագրվում է իբրև լուրջ մասնագետներով, հրամանատարներով ու սպայական անձնակազմով, մարտունակ զինվորներով կառույց:

Զորամասի հրամանատար գնդապետ Հ. Ավագյանն էլ վստահ է, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ ամրապնդում են բանակ-հասարակություն կապը. «Այսօրվա միջոցառումը զինվորականի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դրսեւորում է, այն փոխում է զինվորի հոգեվիճակը: Մեր կապը պետք է ավելի ամրապնդենք, որպեսզի զինվորը զգա` ժողովուրդը, ուսանողությունը, երիտասարդությունը իր կողքին են` պատրաստ դժվար պահերին սատար լինելու»:

Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Մարգարիտա Գաբրիելյանն առաջին անգամ էր այցելում զորամաս: Ասում է` հետաքրքրվել եւ իմացել է, որ ազատ ժամերին զինվորները հեռուստացույց են դիտում, շախմատ, շաշկի խաղում, զբաղվում ընթերցանությամբ. «Ոչ մեկը չդժգոհեց իր առօրյայից: Ասում են, որ ցանկացած տղամարդ պետք է անցնի կյանքի այս փուլը, քանի որ բանակում է, որ սովորում են սեփական ոտքերի վրա կանգնել, բախվում են տարբեր իրավիճակների և ինքնուրույն լուծում իրենց խնդիրները։ Սա սեփական եսը կոփելու լավագույն միջոց է»։

Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը միջոցառումը կայացած է համարում. «Նմանատիպ միջոցառումները հարստացնում են ուսանողների գիտելիքների պաշարը` հայոց բանակի, մեր երկրի և պատմության մասին: Մյուս կողմից` բարձրացնում են զինվորի մարտական ոգին, հետաքրքիր դարձնում զինծառայողների առօրյան»:

Միջոցառման ավարտին անակնկալ էր սպասում նաև կազմակերպիչներին և մասնակիցներին: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում աջակցության եւ ակտիվ համագործակցության համար նախաձեռնողները պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան թե՛ կորպուսի հրամանատարից եւ թե՛ զորամասի հրամանատար գնդապետ Հ. Ավագյանից:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Բանակ և հասարակություն


07/03/2012