Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԵՐՀՈՒՇ

Ամեն ժողովրդի մշակույթում առանձնահատուկ մի իմաստ կա, որն անփոփոխ է մնում` անկախ ժամանակի մարտահրավերներից: Արցախն անմասն չի մնացել այս ամենին, ու այսօր, չնայած բաժին հասած դառը ճակատագրին, արցախցին էլի ժենգյալով հաց է թխում, դոշաբ (թթից ստացված թանձր հյութ) եփում ու թթի օղի քամում:

-Խմելիս չես էլ զգում, թե ինչ ծանր ճանապարհ է անցել խեղճ թութը,- կասեր Գագիկը: Գագիկը ընկերուհուս քեռին է, ով ամեն տարի իր ընտանիքին պարտադիր ապահովում է տնական թթի օղիով:

-Դու օղի չե՞ս խմում,- հարցրի ընկերուհուս:

-Թթի օղու հետ կապված մի ծանր հուշ կա,- պատասխանեց նա:

Ակամայից մտածում ես, թե ինչ հուշ կարող է կապված լինել սովորական օղու հետ:

– Դու գիտես, որ օղին պատրաստելու համար նախ պետք է թութ թափ տալ, իսկ դա թեև հրաշալի, բայց շատ դժվար գործ է. նախ հինգ մարդ է պետք, մարդիկ, ովքեր կպահեն սավանը թթի ծառի տակ, ու նաև մեկը, ով թափ կտա ծառը,- հայացքը հառելով շշին` ասաց ընկերուհիս:

-Այդ մեկը էլ ես չեմ,- ավելացրեց Գագիկը,- ես արդեն ծեր եմ, իսկ տղաներս արդեն իմ բոյին են. ես մենակ խմողն եմ էս պարագայում:

Գագիկն ընդամենը 35 տարեկան էր, սակայն պատերազմ տեսած մարդու համար 35 տարին, իրոք, մեծ արժեք է: Նա չորս զավակների հայր է, արիության մեդալով է պարգևատրվել. մենակ տանկով հողին է հավասարեցրել թշնամու խրամատն ու սպանել անձնակազմին:

-Այս տարի թութն իրոք անհամ էր, ստիպված երրորդ թափը թափ չտվինք,- ասաց Գագիկը:- Դու չես հասկանում, չէ՞, ինչից եմ խոսում,- դառնալով ինձ` հարցրեց նա: – Ասում եմ, չէ՞, մարդիկ խմելիս չեն զգում, թե ինչ ճանապարհ է անցնում թութը: Բացատրեմ, աղջիկս,- հանդարտ տոնով շարունակեց:- Թութը թափելուց հետո այն լցնում ենք մեծ ամանների մեջ ու փակում բերանը. դա անհրաժեշտ է, որովհետև մեզ պետք է, որ այն թթվի և հասնի եռման աստիճանի: Օղին եփելու համար հատուկ թորման սարք կա: Երբ արդեն թութը պատրաստ է լինում եփելու, լցնում ենք այդ ամանի մեջ ու անպայման հերմետիկ փակում ենք բերանը: Էս շիշը, որ տեսնում ես, կաթիլ-կաթիլ հավաքված է, չիմանաս, թե աղբյուր է. գնա ու հավաքիր: Ո՛չ, աշխատանք պետք է տարվի, աշխատա՛նք:

-Քեռի՛, Աննան չի պատրաստվում օղու արտադրամաս բացել,- ընդհատեց ընկերուհիս:

Գագիկը, սաստելով ընկերուհուս, բացատրեց, որ հերմետիկ փակելու իմաստն այն է, որ օղու գոլորշին, դուրս գալով այդ սարքից, մտնում է սառնարանի մեջ և դառնալով հեղուկ` լցվում ամանի մեջ, ու եթե ինչ-որ տեղ բաց լինի, օղին կցնդի: Սառնարան ասվածը ջրով լի տարա է: Միանգամից օղի չի ստացվում, նախնական թորում կա, որի ընթացքում նախ սպիրտ ենք ստանում, հետո նորից թորում և ստանում օղի:

Եթե թողնես, Գագիկը ժամերով կխոսի ամեն մի մանրուքից, ինչը կապված է օղու արտադրության հետ: Նա մեծ սիրով նաև հյուրասիրում է բոլոր հյուրերին` բացատրելով, որ օղին եթե բնական է, շատ օգտակար է առողջության համար:

-Ոմանք շաքարավազ են խառնում` ավելի շատ արաղ ստանալու համար ու նաև խմորիչ, որ ավելի արագ կատարվի եռման պրոցեսը, բայց դա սխալ է ու առողջությանը, ընդհակառակը, շատ վնաս է,- եզրափակելով ասաց Գագիկը:

Իսկ իմ մտքում դեռ ընկերուհուս ասած «հուշ» բառն էր արձագանքում. պատմության հենց սկզբից համբերատար լսում էի ու սպասում, թե երբ Գագիկը կավարտի իր զրույցը: Երբ որսալով հարմար պահը` հարցրի, ահա թե ինչ պատմեց ընկերուհիս.

-Ես միշտ ներկա եմ լինում օղի ստանալու գործընթացին ու ամեն անգամ հիշում այն օրը, երբ ընդամենը հինգ տարեկան էի, ու պապս օղի էր թորում,- հոգոց հանեց նա:- Հայրս էլ գառ էր մորթել, որը, հիշում եմ, դեռ կախած էր` մաշկելու համար, երբ ինչ-որ մեկը կանչեց նրան: Դա մի այնպիսի ժամանակ էր, երբ կարող էիր տնից դուրս գալ, ու թշնամու գնդակը` ուղիղ գլխիդ… Հիմա եմ մտածում` ոնց էլ էդ ժամանակ օղի են թորել, ասա` ինչներիդ էր պետք, մի բան էլ լինի…

Հորս ամիսը մեկ անգամ էինք տեսնում, ու երբ եկավ տուն, ես խորոված ուզեցի, նա էլ գառը մորթեց: Պապս ծուխն էր ցրում, որ հանկարծ թշնամու դիպուկահարը չնկատեր կրակն ու կրակեր: Եվ ահա մարդը հորս կանչեց, մի քիչ զրուցեցին, ու նա հետ եկավ:

-Գոհար, հրացանս բեր, ես գնում եմ. երեխուս համար խորոված կանեք:

Այսօրվա պես հիշում եմ` ես կախվել էի նրա ոտքերից. կարծես ինչ-որ բան էի զգում: Անզոր էին իր այն հորդորները, որ ես ուժեղ եմ ու պիտի սպասեմ հայրիկիս: Ես անգիտակցաբար գոռում էի ու խնդրում մնալ: Նա կյանքում առաջին անգամ ինձ հարվածեց, ու ես քարացա. ինչքան էլ չար պահեի ինձ, նա երբևէ նույնիսկ չէր կոպտել ինձ, ընդհակառակը, ինձ պաշտպանում էր, եթե ինչ-որ մեկը փորձեր նեղացնել:

Պապս էլ օղին կիսատ թողեց` ասելով` կգաս ու կշարունակես, մի օր է` եկել ես ու էլի գնում ես:

Այդ օրը վերջին անգամն էինք տեսնում նրան:

Գարունների հետ շատ անգամներ թութ թափեցինք ու շատ անգամներ օղի ստացանք և ավելի հաճախ գառան խորոված արեցինք: Բայց ամեն անգամ օղի թորելիս մի տխուր հուշ է ինձ այցի գալիս` կիսատ թողած այն օղու և կիսամաշկ գառան մասին:

ԱԼՄԱՍՏ ԵՍԱՅԱՆ