Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՍՐԵՐԸ ՄԻՇՏ ԱՄՈՒՐ ԵՆ



Հայոց բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանի առթիվ Բյուրեղավան քաղաքի հիմնական եւ ավագ դպրոցներում կազմակերպվել է շարադրության մրցույթ՝ «Մեր սրերը միշտ ամուր են» վերնագրով։ Ներկայացնում ենք մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված շարադրությունը։

Ամեն անգամ ակնածանքով մոտենում եմ սեղանի գզրոցին, խնամքով հանում եմ հորս մասունք դարձած հուշատետրը, եւ թերթերի միջից հառնում են հայրս ու նրա մարտական ընկերները…

«…1992թ. դեկտեմբերն է։ Դաժան ու ծանր մարտեր էին մղվում Արցախում եւ Հայաստանի բոլոր սահմանամերձ շրջաններում։ Սահմանակից է նաեւ Շամշադինի շրջանը, որը Ադրբեջանի հետ ունի 160 կմ սահման։

Թշնամին գրավել էր բոլոր կարեւոր նշանակություն ունեցող բարձունքները եւ գնդակոծության տակ առել գյուղերն ու պաշտպանական դիրքերը։ Այդ իսկ պահին հրաման ստացանք նախարար Վ. Սարգսյանից. «Ինչ գնով էլ լինի` հետ վերցնել բոլոր դիրքերը»։

Շամշադինի կամավորական ջոկատների հրամանատարն էր գնդապետ Վազգեն Ղավալյանը։ Նա անմիջապես հավաքեց բոլոր տղաներին։ «Պիտի հետ վերցնենք Ն.Կարմիրաղբյուր գյուղից վեր գտնվող Մենասար բարձունքը, որը շատ կարեւոր հենակետ է»։

Դեկտեմբերի 29-ի ցրտաշունչ առավոտն էր՝ առավոտյան ժամը հինգը։ Ցուրտ էր ու խավար։ Բոլորս դարանակալած սպասում էինք՝ «առաջ» հրամանին։ Ձյունը շատ էր, առաջ գնալը՝ դժվար, սակայն տղերքը կարծես դա չէին էլ նկատում։

Հնչեց սպասված հրամանը։ Բոլորս անցանք գրոհի։ Առաջ էինք գնում՝ առանց հետ նայելու։ Ընդհուպ մոտեցել էինք դիրքերին, երբ ազերիները նկատեցին մեզ։ Կատաղի մարտ սկսվեց։ Կրակն ավելի էր թեժանում։ Երկու կողմից էլ գործի էր դրվել ծանր հրետանին։

Կապավորներից մեկը լուր հասցրեց, որ գրադի կրակոցից երկու տուն է վառվում, գյուղում կան վիրավորներ։ Վրեժի ծարավը ավելի ու ավելի սեղմեց կոկորդս։ Թշնամու դիրքերին հասնելու համար մնացել էր հարյուր հիսուն մետր։ Թշնամին խուճապահար փախչում էր՝ խրամատում թողնելով մեծ քանակությամբ զինամթերք։ Մենք վիրավորներ ունեինք։ Տեղափոխեցինք թիկունքում գտնվող նախկին դիրքերը։

Ժամը յոթին արդեն հետ էինք վերցրել ազերիների կողմից գրավված տարածքը։ Խրամատում վայելում էինք հաղթանակը, երբ կրակոց լսվեց։ Այդ կրակոցից վիրավորվեց գնդապետը։ Բարեբախտաբար, վերքը խորը չէր, եւ կյանքին վտանգ չէր սպառնում։ Թշնամին չէր հաշտվում պարտության մտքին։ Շուտով անցան հակահարձակման։ Այս անգամ նրանք ունեցան մեծ թվով զոհեր եւ վիրավորներ։ Այս մարտում նաեւ զոհվեց իմ մտերիմ եղբայր-ընկերը՝ Սամվել Բաբայանը։ Նրա արյունով ներկվեց ճերմակ ձյունը։

Անցել է արդեն քսան տարի, սակայն չեմ կարողանում մոռանալ նրա վերջին խոսքերը. «Ախր ինչի՞ հիմա, դեռ կիսատ գործ ունեմ, դեռ պիտի Արեւմտյան Հայաստանն էլ հետ բերենք։ Տղե՛րք, դեռ չենք հաղթել, քանի դեռ պապերիս հողերը գերության մեջ են»։

Բառերը կարկամեցին, մահը կախվեց նրա սառած շուրթերից։ Եվ այս երգը ծնվեց, երբ մի անգամ այցելեցի նրա շիրմին.

ՁՈՆ ԸՆԿԵՐՈՋՍ

Կռվի ելար, անվախ ընկեր՝ անվարան։

Երգդ հնչեց կռվի դաշտում հաղթական,

Բորբ արյունդ ժայթքեց ինչպես սուրբ վրեժ

Դաշնակցական քաջ ու ազնիվ մեր ընկեր։

Հավերժության ուղին ընտրած գնացիր,

Արնակարմիր գնդակն առած քո կրծքին,

Հիշատակդ վառ կմնա, չի խամրի,

Մեր Տավուշի անպարտ զինվոր, «Բաբ» ընկեր։

Փակում եմ հորս պատերազմական ծոցատետրն ու խորհում. «Ապրելով անկախ Հայաստանում, զգալով նրա շունչը իմ ամեն բջջում, պատրաստ եմ ծառայությունս, պարտքս հայրենիքիս հանձնել` որպես հայրենիքիս նվիրյալ զինվոր։ Այս տարի լրանում է իմ 18 տարին, եւ ես, զինվորագրվելով բանակին, ծառայելու եմ պատվով, որպեսզի կրկնապատկեմ նրա ուժն ու փառքը։ Այո՛, ես դեռ շատ անելիքներ ունեմ եւ պետք է շարունակեմ այն գործը, որ կիսատ թողեց հորս մարտական ընկերը՝ ազատամարտիկ Սամվել Բաբայանը»։

ՎԱՐՈՒԺԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բյուրեղավանի հ/դ XII դասարանի աշակերտ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Բանակ և հասարակություն


15/02/2012