Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՐՁՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՎ



ՓՈՐՁՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՎՄարտական պատրաստության գործնական դասերի հասցեն ճամբարային հավաքի շրջանն է, որտեղ շուրջ երկու շաբաթ անձնակազմը մարզվում է և պատրաստվում մասնագիտական պարապմունքների ամփոփման գլխավոր փուլին։ Վարժադաշտում բացազատվել են ուսումնական տարբեր կետեր: Իրենց հմտություններն ու վարժվածությունն են ամրապնդում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերը` փորձն ու հմտությունները հարստացնելով գործնական առաջադրանքների կատարման միջոցով:

Զինտեխնիկան բացազատվեց։ Անձնակազմը հրահանգավորվում է անվտանգության կանոնների վերաբերյալ: Եվս մեկ անգամ ճշգրտվում են յուրաքանչյուրի գործողությունները, դրանց հաջորդականությունը: Ծանր հրանետային ստորաբաժանումները հրամանը ստանալուն պես շարժվեցին նախանշված վայրեր, բնագծերում զբաղեցնելով համապատասխան կրակային կետերը:

Կրակային դիրքերից մեկում հրանետորդների ստորաբաժանումը խնդիր է ստանում ոչնչացնել առաջնագծին մոտեցող պայմանական հակառակորդի տեխնիկական միջոցները, ինչը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

ՓՈՐՁՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՎՈւսումնական մեկ այլ կետում էլ խնդիր էր կատարում ծխային դասակը: Առաջադրանքը կատարելուց անմիջապես հետո ճանապարհը ծխաքողարկվեց, և ռազմական տեխնիկան ու մեքենաները բարեհաջող դուրս բերվեցին և անվտանգ ու արագ լքեցին կրակադաշտը:

Հաջորդը պայմանական հակառակորդի կիրառած արկի պայթյունի հետևանքով վարակված տեղանքից դուրս եկած տեխնիկական միջոցները սանիտարական մշակման և ախտահանման ենթարկելու փուլն է։ Անձնակազմի գործողություններին հետևում են զորավարժության ղեկավար կազմը, ինչպես նաև եռօրյա հավաքների շրջանակում վարժադաշտում գտնվող ՌՔԿՊ զորքերի բոլոր զորամասերի համապատասխան ծառայությունների պետերը։

Զորավարժության նախնական արդյունքներն ավելի մանրամասն կուսումնասիրվեն, ու կշտկվեն նկատված թերությունները։ Իսկ ինչ տվեցին ճամբարային հավաքն ու վարժանքը զինանձնակազմին, պատասխանն այս դեպքում ևս մեկն է. այն քննություն է բոլորի համար, անհրաժեշտության դեպքում՝ մարտադաշտում արագ կողմնորոշվելու և առաջադրված խնդիրը ճշգրիտ, հմտորեն, արագ ու արդյունավետ կատարելու համար։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Ազգային բանակ


04/06/2024