Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄՈՎ



ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄՈՎՄենահատ հրաձգությամբ ու կրակահերթով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները  խոցում են ուսումնական թիրախները, կատարում ատեստավորման պահանջներով նախատեսված  շարային և ֆիզիկական պատրաստության վարժաձևերը։

Ամիսներ առաջ պարտադիր ժամկետային զինծառայությունը պայմանագրայինով փոխարինած տղաները այսօր արդեն քննական հանձնաժողովներին են ներկայացնում մարտական պատրաստականության բարձր աստիճանը, լավագույնը լինելու իրենց կամքի ուժը։

-Ջանք ու եռանդ չեմ խնայել, ամիսներ շարունակ պատրաստվել եմ  ատեստավորմանը, տրամադրված եմ քննություններին արժանվույն ներկայացնել յուրացրածս գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները,- վստահեցնում է Մհեր Գրիգորյանը:

Չնայած ատեստավորման պահանջների խստությանն ու բարձր նշաձողին՝ իրենց ուժերի հանդեպ վստահ են նաև մյուս տղաները, որոնք մեկը մյուսի հետ ներքին մրցակցության մեջ մտնելով ձգտել և էապես բարելավել են ամիսներ առաջ գրանցած ցուցանիշները։

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄՈՎ-Զինվորական դառնալու ձգտումը եղել է դեռևս մանկուց: Ժամկետային ծառայության մի քանի ամիսները բավական էին հայրենյաց պաշտպանի բարդ, սակայն պատվաբեր ու պատասխանատու ուղիով առաջնորդվելու իրավացիությունը վերահաստատելու համար։ Արել ենք առավելագույնը,- վստահեցնում է Հովհաննեսը:

Առհասարակ, ծրագրին անդամակցելու,  առաջիկա առնվազն հինգ տարիները հայրենի երկրի պաշտպանության գործին նվիրաբերելու շարժառիթների մասին խոսելիս տղաները միակարծիք են հետևյալում. ընտրության հարցում վճռորոշը հայրենյաց պաշտպանի պատվական առաքելությունը ստանձնելու, հայրենի երկրի և հարազատների անվտանգային խնդիրների լուծման հարցում գործուն մասնակցություն ունենալու ձգտումն է։

 

 

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Ազգային բանակ


04/06/2024