Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ



ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Անցյալ անգամ մենք խոսեցինք այն մասին, որ շատ կարևոր է հետևել տեղեկատվության աղբյուրներին, միշտ ֆիքսել, թե որն է դրա կոնկրետ ակունքը. ոչ թե «ֆեյսբուքում տեսա» կամ «համացանցից իմացա», այլ` այսինչ լրատվական գործակալությունն է հաղորդում կամ այսինչ փորձագետը։ Այնուհետև կարևոր է համոզվել, որ դա վստահելի աղբյուր է, որն առաջին օրը չէ, որ սկսել է իր գործունեությունը։ Հաջորդ խնդիրը՝ հարկավոր է համոզվել, որ դա կեղծ աղբյուր չէ, որն իրեն ներկայացնում է որպես վստահելի աղբյուր։ Այսինքն՝ հարկավոր է ստուգել պրոֆիլը, համացանցային հասցեն, համոզվել, որ դա հենց այն աղբյուրն է, որը ձեզ ծանոթ է և հարկավոր է չմոռանալ գտնել առնվազն ևս մեկ վստահելի աղբյուր, որը նույնպես խոսում է տվյալ տեղեկության մասին, քանի որ անգամ վստահելի և արհեստավարժ աղբյուրի պարագայում սխալները բացառված չեն։

Կարևոր է նշել նաև, որ մեդիագրագիտությունը ոչ միայն տեղեկատվության սպառումն է, այլև տարածումը։ Այսինքն՝ եթե դուք որևէ բանի վերաբերյալ տեղեկություն եք ստացել, կարծիք եք կազմել և կարևոր եք համարում այդ նյութը տարածելը, ստուգել եք, ու դա վստահելի աղբյուրից եկող տեղեկություն է, բայց, միևնույն է, դեռևս որոշակի կասկածներ ունեք, փորձե՛ք անել հետևյալը.

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆա) Գնալ բարդ ճանապարհով՝ փաստերի ստուգման դասընթացներ վերցնել, ինչը այսօր առանձին, լուրջ գիտություն է, անգլերեն կոչվում է «Fact checking»։ Այս մասնագետները հմտանում են լուսանկարների, փաստերի ստուգման նրբություններում։ Բայց սա բավականին բարդ գործ է,  և հարկավոր է դրանով լրջորեն զբաղվել։

բ) Կա նաև այլ տարբերակ՝ դիմել այն մասնագետների օգնությանը, որոնք հենց այդ գործով են զբաղվում։ Օրինակ՝ կան լրագրողներ՝ «Fact checker»-ներ, որոնք մասնագիտացած են հենց փաստերի ստուգման գործում։ Այսօր, օրինակ, Հայաստանում էլ կան լրատվամիջոցներ, որոնք հմտացած են այս գործում, ունեն մասնագիտական բարձր որակավորում ունեցող խմբեր, որոնք կարող են ստուգել ցանկացած տեղեկույթի  իսկությունը։ Եվ ավելին, նրանք, օրինակ՝ ֆեսյբուքում, ունեն հասցեներ, որտեղ առաջարկում են իրենց ծառայությունները։ Մեկ այլ տարբերակ է, երբ դուք ունեք ծանոթ փորձագետ, որը հետաքրքրված է տվյալ տեղեկույթով։ Այս դեպքում դուք կարող եք դիմել նրան։ Այսինքն՝ հնարավոր է օգտվել նաև համայնքի գիտելիքներից, փորձառությունից։ Ձեր մտքում փորձագետների մի խումբ ունեցեք, որոնց վստահում եք այս հարցում։

Եվ այս ամենից հետո կարևոր է հիշել, որ դուք ոչ միայն տեղեկատվության սպառող եք, այլև կարող եք ապատեղեկատվության տարածող լինել։ Եթե մի տեղեկություն ստուգված չէ, մի՛ տարածեք այն սոցցանցերում, հնարավորինս ստուգեք տեղեկության իսկությունը, համոզվեք, որ ճիշտ է և նոր միայն տարածեք, եթե կարևոր եք համարում, որպեսզի տվյալ տեղեկությունը հանրության շրջանում տարածվի։ Այլապես դուք կարող եք ակամա դառնալ հենց ապատեղեկատվության շղթայի մի մասը։ Սա կարևոր կանոն է՝ չտարածել, քանի դեռ չես ստուգել։

 

Պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Բանակ և հասարակություն


04/06/2024