Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ ՊԻՆԴ ՊԱՀԻՐ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ ՊԻՆԴ ՊԱՀԻՐ-Սյունիքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղը աշխարհի ամենասիրուն գյուղն է,- ասում է Վահրամ Հովհաննիսյանը: Նա եղվարդցի է, ավագ որդու՝ Հրայրի հետ մասնակցել է 44-օրյա պատերազմին: Իսկ կրտսեր որդին՝ Վահեն, ժամկետային զինծառայող է, 8 ամիս առաջ է զորակոչվել:

-Ամենասիրունը Արարատի մարզի Նորաշեն գյուղն է,- ասում եմ: Վահրամը հոնքերն ու ուսերը կտրուկ բարձրացնում է ու այնպես է զարմանում, որ ես վիրավորվում եմ:

-Նորաշենի ի՞նչն է սիրուն, հարթավայր է, էլի:

-Մանուշակագույն բլուրներն են սիրուն, խաղողի այգիները՝ վազերի հավասար շարքերով, որ սկսվում ու չեն ավարտվում: Խոտերի մեջ բզզացող միջատների երգն է սիրուն…մեր այգին, որտեղ ամեն ծառ իր անունն ուներ իմ մանկության տարիներին, խնձորենին Ֆլորիկն էր՝ իր «Բելի ֆլոր» տեսակի պատվին, սալորենին Սեդիկն էր, իսկ երեք աժդահա ձմեռնուկ տանձերը երեք եղբայրներ էին՝ Սարոն, Սաքոն ու Սուրոն….Բոլորին էլ հայրս էր անվանակոչել:

Ես կարող եմ անվերջ պատմել, բայց Վահրամը ակնհայտորեն զղջում է ասածի համար. դեմքին շփոթմունք կա, ու նայում է սիրալիր:

-Ամեն մարդու համար իր ծննդավայրը ամենասիրունն է,- ասում է: Ես գլխով եմ անում:

-Իսկ հիմա Դուք պատմեք:

Վահրամն անմիջապես սկսում է, ասես՝ նախապես անգիր էր արել ասելիքը:

-Իմ գյուղը սարալանջին է՝ շրջապատված խիտ ու թավ անտառներով: Անտառում հսկա ծառեր կան՝ սաղարթն ամպերի մեջ, բոխի, թեղի, կողքին՝ մասուրի թփեր, խոտերի մեջ՝ վայրի մորի: Հասակակից տղաներով թափառում էինք անտառում, տանձ ու զկեռ էինք ուտում, խմում էինք Շենի ջուր աղբյուրից, սունկ էինք հավաքում, իսկ նապաստակները, վայրի հավերն ու եղնիկները վազվզում էին մոտերքում: Ո՛չ գայլից էինք վախենում, ո՛չ աղվեսից, ո՛չ վարազից, ո՛չ փորսուղից, ո՛չ էլ նույնիսկ արջից, որովհետև անտառը մերն էր, ու կարծում էինք, թե վայրի գազաններն էլ են մերը. մեզ չեն վնասի: Մանավանդ՝ քիչ հեռու 11-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, մեր գյուղի ու յուրաքանչյուր եղվարդցու պահապանը, ինչպես ասում էր տատս:

Ես զարմացած նայում եմ Վահրամին, ասես՝ ուրիշ մարդ լինի. փափկել է մի տեսակ, հայացքը տաք է, դեմքը՝ ժպտուն: Բոլորովին կապ չունի էն դեմքի հետ, որ ասում էր՝ Նորաշենի ի՞նչն է սիրուն…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ ՊԻՆԴ ՊԱՀԻՐ-Ո՞վ է Ձեզ ամենից շատ սիրել մանկության տարիներին,- հարցը միանգամից է ծնվում. ուզում եմ իմանալ՝ ումի՞ց է վերցրել աչքերում պահ առ պահ թանձրացող ջերմությունը:

-Իսկուհի տատս,- պատասխանում է,- ծնողներս աշխատում էին առավոտից իրիկուն, ինձ տատս էր խնամում: Նա ոտից գլուխ խիղճ էր: Դերձակ էր տատս: Երբ նայեիր, աղքատների համար շոր էր կարում անվճար, կարկատում, վերաձևում: …Տատս խոսում էր հետս, շատ էր խոսում: Տարբեր դեպքեր էր պատմում ծանոթ-անծանոթ մարդկանց մասին, մեկի արարքը գովում էր, մյուսին ամոթանք էր տալիս: Ու ես ակամա սովորում էի լավն ու վատը: Իսկուհի տատիս պատկերացրածով էի սովորում:

…Ես պիտի ուրիշ մարդ դառնայի, իմ երազանքներն ուրիշ էին: Մանկուց նկարում էի, շատ էի սիրում նկարել: Երգել էի սիրում: Պիտի նկարիչ դառնայի կամ երգիչ: Կամ՝ երկուսը միասին: Իմ երազանքն էդ էր, բայց չկարողացա կրթություն ստանալ:

Մտքովս անցնում է ՝ խնդրեմ, մի բան երգի: Թեկուզ մի քառատող…ու հեռվից եմ գալիս:

-Հիմա նկարում ու երգո՞ւմ եք:

-Ո՛չ նկարում եմ, ո՛չ երգում:

-Քեֆերի՞ն էլ չեք երգում:

Վահրամն օրորում է գլուխը:

-Հոգուս մեջ դեռ ցավ կա: Չեմ ուզում դիպչել: Հաճախ մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, որտե՞ղ կլինեի, եթե ամուր բռնեի իմ երազանքից ու պայքարեի: Մեկ-մեկ քնիս մեջ նկարում եմ: …Դուք ունե՞ք անկատար երազանք:

Հարցից անակնկալի եմ գալիս:

-Ունեմ,- ասում եմ ու հազիվ եմ ինձ զսպում, որ չպատմեմ հորեղբորս մառանում դրված չմուշկներիս մասին, ու թե ինչպես եմ մինչև հիմա արցունքոտվում գեղասահք դիտելիս: Երևի աչքերս տխրում են, որովհետև Վահրամը ասում է.

-Ես էլ էի շուտ հուզվում մինչև բանակ գնալս, բայց բանակն ինձ կոփեց: Սիբիրում եմ ծառայել: Թե ինչեր եմ հաղթահարել, ամիսներով պատմեմ, չի վերջանա: Բայց տղաներիս պատմել եմ: Աղջկա դաստիարակությունը մոր մենաշնորհն է, աղջկա համար մայրն է պատասխանատու, իսկ արու զավակը հոր պատիվն է: Որդու թերությունը խարան է հոր ճակատին: Ու ամենամեծ գործը, որ արել եմ իմ կյանքում, որդիներիս դաստիարակելն էր:

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է տղամարդու ամենակարևոր հատկանիշը:

-Հայրենասիրությունը,- պատասխանում է առանց մտածելու,- կկարողանա՞ք գուշակել՝ ես ե՞րբ առաջին անգամ հասկացա, թե ի՞նչ է հայրենասիրությունը:

-Սիբիրում:

Վահրամը բացասաբար օրորում է գլուխը:

-90-ականների ինքնապաշտպանական մարտերի ժամանակ՝ երբ առաջին անգամ կրակեցին գյուղի վրա: Հանկարծ հասկացա (բառի ամբողջ խորությամբ), որ կարող եմ զրկվել իմ ծննդավայրից: Թվաց՝ կորցնում եմ հենարանս, քաշս չեմ զգում, հողը երերում է ոտքերիս տակ: Զենք վերցրի ու բարձրացա սահման:

Երկու որդիներիս էլ բանակ ճանապարհելիս նույն բանն եմ ասել՝ Հայրենիքի սահմանը պինդ կպահես: 44-օրյա պատերազմի ժամանակ Հրայրը նոր էր զորացրվել: Երկուսս էլ բարձրացանք դիրքեր: Իսկ կինս կամավոր աշխատում էր զինվորների համար գործող ճաշարանում:

-Հրայրն ու Վահեն օրինակելի՞ զինվորներ էին:

Ես գիտեմ պատասխանը, բայց հարցնում եմ: Ուզում եմ իր տղաներով հպարտանալու ևս մեկ առիթ տալ Վահրամին:

-Որ օրինակելի չլինեին, ես Ձեզ հետ զրուցելու երես կունենայի՞: Հրայրը մինչև հիմա ընկերություն է անում իր հրամանատարների հետ: Վահեն Բանակի տոնի առթիվ՝ հունվարի 28-ին, պարգևատրվեց պատվոգրով:

-Խաղաղ ծառայություն Վահեին,- ես հրաժեշտ եմ տալիս եղվարդցի Վահրամ Հովհաննիսյանին,- բարով մնաք:

Վահրամը չի արձագանքում բարեմաղթանքիս:

– …Ասեմ՝ ի՞նչ եմ երազում,- հարցնում է ու առանց պատասխանի սպասելու՝ շարունակում,- մեր տունը Ղազար պապս է կառուցել: Սպիտակ բազալտից երկհարկանի տուն է: Կառուցել է ու ասել՝ իմ տունը: Ես երկու-երեք տարեկան եմ եղել այդ ժամանակ: Հետո մեծացել եմ, ու Ղազար պապիս տունը դարձել է իմ տունը: Հիմա այն նաև որդիներիս տունն է: Ուզում եմ՝ իմ տանը շատ երեխաներ վազվզեն: Ուզում եմ, որ Ղազար պապիս կառուցած տունը դառնա նաև թոռներիս տունը: Ու այս քաղցր-թանկ շղթան երբեք չընդհատվի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/03/2024