Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՊԱԳԱՅԻ ՀՍՏԱԿ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ
ԱՊԱԳԱՅԻ ՀՍՏԱԿ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ

ԱՊԱԳԱՅԻ ՀՍՏԱԿ ՏԵՍԼԱԿԱՆՈՎԱպագայի հստակ տեսլական ու նպատակ ունեն ռազմամարզական վարժարանում սովորող Անդրանիկ Ջավադյանը, Վիոլետա Ֆեոֆիլակտովան,  Կարապետ Դարբինյանը, Մարիամ Մանուկյանը, Վարդան Մանասյանը։ Բարձր առաջադիմությունն այստեղ այլընտրանք չունի, և նրանք քաջ գիտակցում են, որ պետք է ամեն օր ավելացնել գիտելիքների պաշարը և քայլ առ քայլ անցնել դեպի բարձունք տանող ճանապարհը։

Բարձր վարկանիշ ունեցող այս վարժարանում կրթական ծրագիրը հարուստ է, մրցունակ ու բազմաբովանդակ, հնարավորությունը դեպի զինվորական գործ՝ Հայրենիքի պաշտպանի պատվաբեր ծառայություն, լիարժեք ապահովված։

-Վարժարանում նորությունները բազմաթիվ են: Կրթական ծրագրերն ամեն տարի թարմացվում են, նորացվում, զուգահեռ ներդրվում են մոտիվացիոն նոր բաղադրիչներ սաներին ոգևորելու և նրանց առաջադիմությունը խթանելու համար։ Այդ նորություններից մեկն էլ 2024-ի հունվարից գործող կրթաթոշակներն են: Բացի այս, բարձր առաջադիմություն ունեցող սաները այսուհետ կխրախուսվեն նաև ազատ արձակումներով,- ներկայացնում է վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանը:

Հանրակրթական դասերին զուգահեռ ռազմական ու մարզական առարկաների խորացված ուսուցումը եղել ու շարունակում է մնալ այս կրթահամալիրի գրավչության կարևոր բաղադրիչը, որն էլ արդեն տարիներ շարունակ դպրոցական պատանիներին ուղղորդում է դեպի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընդ որում, ոչ միայն տղաներին, այլ նաև աղջիկներին, որոնք հավասարապես կրթվում են, կոփվում և մեծ ոգևորությամբ խոսում այստեղ ուսանելու առավելությունների ու վարժարանի տված օգուտների մասին։

Վիոլետա Ֆիոֆիլակտովան այս տարի ավարտում է վարժարանը։ Գերազանց առաջադիմություն ունեցող սաներից է: Նա հաստատապես որոշել է կրթությունը շարունակել ռազմական ոլորտում։

ԱՊԱԳԱՅԻ ՀՍՏԱԿ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ-Ուսումս պարտադիր շարունակելու եմ ռազմական ասպարեզում,- ասում է նա:

-Արդեն երկրորդ տարին է՝ վարժարանում եմ, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ սովորելը: Սովորում եմ ջանասիրաբար,- ավագ ընկերուհուն է միանում Մարիամ Մանուկյանը:

Հանրակրթական ու զինվորական դասերին հաջորդում է ֆիզպատրաստությունը, իսկ ավելի ստույգ՝ մարզական խմբակների պարապմունքները։ Սամբո, ըմբշամարտ, բռնցքամարտ, լող և մի շարք այլ մարզաձևեր, որոնք կոփում ու ամրացնում են վարժարանի սաներին։

-Ռազմամարզական վարժարանում մարզիկ սաները միայն առողջ ապրելակերպով չեն սահմանափակվում: Պայմաններ են ստեղծված տարբեր մրցաշարերին մեր մասնակցության, պրոֆեսիոնալ մրցակիցների հետ մրցելու համար,- ասում է կուրսանտ Վարդան Մանասյանը:

Վարժարանում կարող են սովորել 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները։ Կրթահամալիրում ուսանող տղաների և աղջիկների համար դեպի մեծ կյանք մասնագիտական ընտրությունն ազատ է, և այստեղ շատերն իրենց հետագա ուղին որոշած են գալիս կամ հենց տեղում են որոշում դառնալ ապագա սպաներ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ