Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԱԽԸ



ԱՆՎԱԽԸՕլիմպիական հերթափոխի քոլեջում օրերս կազմակերպվել էր հուշ-մրցույթ՝ նվիրված քոլեջի սան, 44-օրյա պատերազմում զոհված ըմբշամարտիկ Հայկ Պապյանի հիշատակին:

Հայկը ընտանիքի առաջին զավակն էր: Ծնողները անունը որոշել էին որդու ծնվելուց առաջ ու ամրակազմ, փարթամ, աշխույժ երեխայի էին սպասում՝ անվանը համապատասխան: Իսկ Հայկը փոքրամարմին էր, հաճախ հիվանդանում էր ու ամենափոքր տարիքում անգամ մեծի նման հանդարտ էր, ինքնամփոփ, սակավախոս: Հայկի յուրահատկություններն ուրիշ էին: Նա կարող էր ժամերով առանձնանալ և ուսումնասիրել իր խաղալիքները: Կարող էր խելոք աչքերը դեմքիդ հառած՝ այնպիսի հարցեր տալ, որոնց պատասխաններն անգամ մեծերը չգիտեին: Հայկի աշխատասիրությունը, կազմակերպվածությունը, կարգապահությունն ու մարդկանց օգնելու մղումը արտասովոր էր: ..Երբ սկսեց քայլել, խաղալուց հետո խաղալիքները խնամքով դասավորում էր, հետո անցնում մեկ ուրիշ գործի: Բոլորը գիտեին, որ եթե Հայկը մոտակայքում է, ուրեմն՝ գործընկեր-օգնական ունեն: Ծնողները անունը Օգնական էին դրել: 4-5 տարեկան երեխա՝ մեկ խոհանոցում էր, մեկ այգում, մեկ մեքենայի մոտ… Ինչո՞վ օգնեմ՝ հարցնում էր, լվացած ամաններն էր չորացնում, փայտ էր դասավորում…

Երբ եղբայրը՝ Լևոնը, ծնվեց, Հայկը երկուսուկես տարեկան էր: Իր համար նոր զբաղմունք գտավ: Խնամում էր եղբորը, սովորեցնում իր իմացածը, ուղղում սխալները: Իսկ կրտսեր եղբորը՝ Գևորգին, որից մեծ էր 10 տարով, պարզապես հայրաբար էր խնամում: Ծնողների համար նա Օգնական Հայկից դարձել էր Հոգատար Հայկ…. Տղային ճանաչողները գիտեին, որ նա բարի է, հավասարակշիռ, լրջախոհ, բարեկիրթ, ընդունակ: Ու նրան խելացի Հայկ էին կոչում: Այդպես էլ ասում էին՝ Խելացի Հայկ, երբ ուզում էին նրան տարբերել մյուս Հայկերից: Ու վստահ էին, որ Հայկի նախասիրությունների մեջ վաղ թե ուշ կհայտնվեն մտքի, գիտության հետ կապված ձգտումներ ու սեր՝ մտավոր մասնագիտությունների հանդեպ: Բայց զարմանալիորեն Հայկը ընտրեց սպորտը, ավելի հստակ՝ ըմբշամարտը: Ասում եմ՝ զարմանալիորեն, որովհետև ոչ մեկի մտքով չէր անցնի, որ հաճախ հիվանդացող ու թուլակազմ տղան այնքան նպատակասլաց, այնքան հաստատակամ կլինի, որ կհամարձակվի մտածել ըմբշամարտիկ դառնալու մասին: Մանավանդ՝ ոչ ոք չէր զգացել մրցելու, հաղթելու ձգտում տղայի բնավորության մեջ: Բայց ահա նա ուզում էր գորգ դուրս գալ ու չափել ուժերը: Դա այն ժամանակ էր, երբ հայրը փրկարար էր աշխատում ու որդու խնդրանքով հաճախ էր պատմում իր աշխատանքային առօրյայի մասին: Միշտ այդ պատմությունները ավարտվում էին փրկեցինք բառով: Եվ հայրը տեսնում էր, թե ուրախությունից ինչպես էին փայլում Հայկի աչքերը, ինչպես էր ոգևորվում, երբ լսում էր սեփական կյանքը վտանգելով՝ ուրիշներին օգնության հասնող մարդկանց առօրյա սխրանքների մասին: Մի առիթով հայրը Հայկին մանրամասներ պատմեց նաև իր զինվորական ծառայությունից: Ազգային բանակի առաջին զինվորներից էր, ծառայել էր սահմանային ընդհարումների գոտում, զինակից ընկերների հետ զենքով պաշտպանել էր հայրենի հողը: Ու պատմում էր սիրտը թեթևացնելու պես, հոգով էր պատմում, ոգևորված: Հայկը որքան ուշադիր ու հուզված էր լսում, հայրը այնքան ներշնչված էր պատմում: Դրանից հետո տան խոսքուզրույցի գլխավոր թեման Հայրենիքն էր ու Հայրենասիրությունը: Դրանից հետո Հայկը տենդագին որոնում էր Հայրենիքը՝ գույն առ գույն հավաքելով Հայրենիքի պատկերը ամենավաղ անցյալից մինչև մեր օրերը, ամենաաննշան դրվագներից մինչև ամենանշանակալի իրադարձությունները:

…Չգիտես ինչու, ես հենց հիմա եմ ուզում պատմել, թե ինչպես էր Հայկը հոր հետ տուն կառուցում: Հավանաբար, դա մեծ աղերս ունի հայրենիքի զգացողության հետ: Նրանք երկար տարիներ վարձով էին ապրում, մինչև հայրը կարողացավ իր ծննդավայր Բերդում հողակտոր գնել: Տունը փոքրիկ էր, համեստ, բայց իրենցն էր՝ հայրենի հողի վրա: Ու Հայկի ոգևորությանը չափ ու սահման չկար:

Մի առիթով Հայկը անկեղծացավ ու պատմեց իր երազանքների մասին: 14-15 տարեկան էր այդ ժամանակ: Պարզվեց՝ տղան երազում է մեծ տուն ունենալ Բերդում, երազում է, որ իր մարզական հաջողության պատվին արտերկրում բարձրանա Եռագույնը՝ բոլոր դրոշներից բարձր, հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը, մեկ էլ՝ երազում էր զինվորական համազգեստ հագնել ու զենքը ձեռքին կանգնել իր երկրի սահմանին:

…Երբ ընդունվեց Օլիմպիական հերթափոխի քոլեջ, արդեն իր սեփական տանն էր ապրում, բայց դա երազանքի կեսն էր: Երբ բանակից վերադառնար, պիտի աշխատեր ու մեծացներ տունը, որովհետև երկու եղբայր ուներ, ամուսնանալու էին, մեծ ընտանիք էին դառնալու:

ԱՆՎԱԽԸՄարզական հաջողությունների հետ կապված երազանքներն էլ էին կիսատ. հաջողություններ, իհարկե, կային, բայց դուրս չէին եկել Հայաստանի սահմաններից, ու Հայկ Պապյան անուն-ազգանունը օտարերկրացու առոգանությամբ չէր հնչել միջազգային հարթակներում ու չէր ծածանվել Եռագույնը՝ բոլոր դրոշներից բարձր:

Նախքան կպատմեմ, թե ինչպես Հայկը գնաց բանակ, ուզում եմ ասել, որ Հայկին ճանաչող մարդկանց հետ զրուցելիս մի քանի անգամ լսեցի հարազատ հոգի բառերը: Մոր շուրթերից, դասընկերոջ, ուսուցչի, մարզիչի… Երբ է մարդը հարազատ հոգի դառնում ուրիշ մարդկանց համար՝ ազգականի, բարեկամի, հարևանի, ընկերոջ, ծանոթի… Ասում էին՝ Հայկը միշտ արդարացում ուներ ուրիշների թերությունների համար, երբեք որևէ մեկից չէր դժգոհում, չէր բողոքում: Ասում էին՝ Հայկը շնորհակալ մարդ էր, աշխարհի ամենաշնորհակալ մարդը… Սակավախոս, զուսպ ու ներամփոփ տղան այնքան պերճախոս էր շնորհակալություն ասելիս՝ ընդ որում, ամենափոքր լավության դիմաց: Ծնողներին ասում էր՝ էնքան շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դուք եք իմ ծնողները, էնքան շնորհակալ եմ ձեր արածների համար: Ծնողները փորձում էին մտաբերել-հասկանալ, թե հատկապես որ արածի համար էր «էնքան շնորհակալ» տղան, ու ոչ մի առանձնահատուկ բան չէին հիշում: Շնորհակալության նույն խոսքերն ընկերներին էր ասում, ազգականներին, բարեկամներին՝ էնքան շնորհակալ եմ…էնքան շնորհակալ եմ…

Ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ Հայկը երջանիկ էր: Ես կարող եմ վստահաբար, առանց կասկածելու ասել, որ 18-ամյա Հայկը հասուն տղամարդու պես գիտակցաբար երջանիկ էր, որովհետև միայն երջանիկ մարդը կարող է ասել՝ ես բոլորին սիրում եմ, չեմ ճանաչում մի մարդու, որին չսիրեմ: Չեմ տեսել մի մարդու, որը արժանի չլինի սիրվելու: Իսկ իմ ծննդավայր Բերդը սիրում եմ աշխարհում ամենից շատ, Բերդը իմ Փարիզն է, աշխարհի իմ կենտրոնը…

…10 տարեկանում ըմբշամարտի պարապմունքի ժամանակ թևը կոտրել էր: Հոգում վախ կար՝ հանկարծ բանակ չտանեն, ասեն՝ պիտանի չես ծառայության: Իր բանակի քեֆին պարզապես ցնծության մեջ էր: Զորամաս հասնելուց կարճ ժամանակ անց ծնողներն ստացան իրենց զինվոր որդու առաջին պատվոգրերն ու շնորհակալագրերը:

44-օրյա պատերազմում Հայկը կռվեց 22 օր: Երկու անգամ վիրավորվեց, բայց շարունակեց կռիվը: Իր կարճատև կյանքի ավարտին, պատերազմի դաշտում Հայկը նոր մականուն ստացավ՝ Անվախ Հայկ: Ասում էին՝ Անվախը, ու բոլորը գիտեին, որ խոսքը Հայկի մասին է: Հայկ Պապյանը տասնյակ կյանքեր փրկեց պատերազմի ժամանակ: Անհավանական քաջությամբ պաշտպանեց Հայրենիքը: Հիմա տասնյակ տղաներ ասում են՝ ես Անվախ Հայկի շնորհիվ եմ ողջ:

…Այսքանը: Խելացի Հայկը, Օգնականը, Հարազատ հոգին, Ամենաշնորհակալ մարդը, Անվախը՝ ու մի կարճ, բայց գեղեցիկ-վսեմ կենսագրություն, որ կապում է այս բառերն իրար:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #10 (1523) 15.03.2024 - 22.03.2024, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


25/03/2024