Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՂԿԱԶԱՐԴ



ԾԱՂԿԱԶԱՐԴ«Ուրախացիր խնդությամբ, դուստրդ Սիոնի, կանչիր ցնծությամբ, դո՜ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ և խոնարհ թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա»:

(Զաքարիա Թ.9)

 

Այս խոսքերը վերցված են Զաքարիայի մարգարեությունից, երբ մարգարեն շուրջ երկու հազար հինգ հարյուր տարիներ և ավելի առաջ ողջ մարդկությանն իրազեկում էր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի մասին: Այսօր քրիստոնյա աշխարհն ամենուրեք մեծ ցնծությամբ տոնախմբում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Մի քաղաք, որտեղ Սողոմոնը կառուցել էր Աստծո տաճարը: Այստեղ է, որ բազում մարգարեներ տարբեր առիթներով և ժամանակահատվածներում մարգարեացել էին Աստվածորդու մարդեղացման, աշխարհ գալու, Նրա միջոցով մարդու փրկվելու և կործանումից դեպի հավիտենական կյանք առաջնորդվելու մասին: Այսօր Քրիստոս մեծ թափորով մուտք է գործում Երուսաղեմ և հաստատում այն բոլոր մարգարեությունները, որոնք հնչել են անցյալում մարդկության Փրկչի գալստի և այդ գալստյան նպատակների մասին:

Հիսուսն իր չարչարանքներից հինգ-վեց օր առաջ կազմակերպում է իր մուտքը Երուսաղեմ, քանի որ մի պատկեր է ստեղծվում, որը կարծես առակ լինի։ Այս իրադարձության միջոցով Քրիստոսը մեզ պատգամ է փոխանցում։ Այս տոնի մեջ կա նմանություն բնության հետ։ Ինչպես բնությունն է գարնանը հաղթական ծավալում ունենում, այնպես էլ Քրիստոսն է նույն հաղթական կերպով մուտք գործում Երուսաղեմ։ Հիսուսը մուտք է գործում Երուսաղեմ որպես թագավոր, ազատարար, Փրկիչ և այդպես էլ ընդունվում է բազմության կողմից։ Ժողովուրդը նախ իր զգեստներն է  փռում նրա առջև, թափահարում  ծառի ճյուղերը՝ արտասանելով սաղմոսներ, որոնք վերաբերում էին Մեսիային։ Շատերը նրան թագավոր էին հռչակում, բայց նա գալիս է էշի վրա նստած՝ ի տարբերություն աշխարհի իշխանների, ովքեր գալիս են նժույգի վրա հաղթական և սուրալով։ Էշը, որի վրա բազմած էր Քրիստոսը, նույնպես ունի խորհուրդ. այն խորհրդանշում է խոնարհություն։

Ինչպես երկու հազար և ավելի տարի առաջ, այսօր նույնպես, փառաբանում ենք Տիրոջը և Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդը Տերունի գեղեցկագույն տոներից մեկն է, որ Մեր սուրբ հայրերը կոչել են «Տօն Մեծ Արմաւենեաց»:

Ծաղկազարդի տոնը հաջորդեց հրեական Բաղարջակերաց տոնին: Հին ուխտի ժողովուրդը գալիս էր Երուսաղեմ երկրպագելու իր հայրերի Աստծուն, այցելելու տաճար։ Երուսաղեմի տաճարը մի վայր էր, որտեղ բարեպաշտ անձը հաղորդակցվում էր իր հայրերի Աստծուն և նրա ժառանգությանը: Հրեաստանի և աշխարհի տարբեր ծագերից ուխտի էին գալիս մասնակցելու Պասեքի՝ Հին Զատկի արարողությանը, որը խորհրդանշում էր հրեա ժողովրդի ազատագրումը եգիպտական ստրկությունից:

ԾԱՂԿԱԶԱՐԴԱհավասիկ, մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, ճիշտ այս կերպ մեկնում է Երուսաղեմ։ Որպես ուխտավոր Նա մասնակցելու էր հենց այս տոնին, սակայն միայն մեկ տարբերությամբ: Նա մեկնում էր որպես նոր Պասեք և նոր Զատիկ, որպես «գառն Աստուծոյ», որ Իր կյանքը զոհաբերեր, խաչի վրա Իր արյան հեղմամբ ազատագրեր մարդկությանը մեղքից և դրա գերությունից։ Ինչպես Հայ եկեղեցու ոսկեդարյան հեղինակներից մեկը՝ Մամբրե Վերծանողը կասեր. «Տերն իջավ Երուսաղեմ, որպեսզի Մեզ բարձրացնի գավառն Աստվածակերտ»: Շատերի համար Նա թագավոր էր՝ ոմանց թագավորը երկրի վրա, իսկ ոմանց էլ՝ թագավորը երկնքում: «Ո՞վ է Նա»,- հարցնում էին բոլորը: Պատասխանն այստեղ է՝ «Նա Հիսուս Քրիստոսն է, Ում հավատացին շատ շատերը ու այսօր միլիարդավորները: Հիսուս Քրիստոսն էր, որ Իր կյանքը տվեց Իր իսկ ստեղծածի համար, որպեսզի ապրեն նրանք և կյանք ունենան է՛լ ավելիով» (հմմտ. Հովհ. Ժ. 10): Եվ «Ո՞վ է Նա», որ ծեր ու մանուկ համախմբել է Իր շուրջը՝ Իր կենդանի ոգով լցրած տաճարներում՝ պարգևելով հոգևոր ուրախություն երեկ և այսօր:

Երբ փարիսեցիները, ապշած Նրա հրաշագործություններից, հարցնում էին՝ «Ո՞վ է Նա», մարդիկ և մանուկները պատասխանում էին՝ «Նա է Դավթի Որդին»: Հիսուսն էլ եզրափակում է. «…մանուկների և ծծկերների բերանով է, որ օրհնություն է հնչում (հմմտ. Մատթ. ԻԱ. 16):

Այս օրը, Հայոց Հայրապետի տնօրինությամբ հայտարարված է մանուկների օրհնության օր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ եկավ աշխարհ՝ աշխարհին և աշխարհի բնակիչներին փրկելու, ասաց. «Ով որ այս երկրի իրականությունը չընդունի այս մանուկների պես, երկնքի արքայությունը չի ժառանգելու» (հմմտ. Մատթ. ԺԸ. 2):

Ծաղկազարդի օրը վերստին հրամցվում է մեզ, հրավեր է կարդացվում մեզ բոլորիս՝ գնալու ընդառաջ արդար, հեզ ու խոնարհ Փրկչին, Ով Երուսաղեմում դարձավ Պատարագի զոհը մեր բոլորի մեղքերի քավության և թողության համար: Թող ծաղկազարդվեն մեր հոգիները, նոր կյանքով զարթոնք ապրեն, առավել ազնվանան գալիք օրերի արարողությունների քուրայի մեջ և արդարացած ու մաքրված վկա լինեն մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքին Վերին Երուսաղեմում:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 2024 թվականին Ծաղկազարդի տոնը նշում է մարտի 24-ին:

ԱԼԲԵՐՏ սարկավագ ՍԱՀԱԿՅԱՆ

գնդերեց

Խորագիր՝ #10 (1523) 15.03.2024 - 22.03.2024, Հոգևոր-մշակութային


25/03/2024