Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ



ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸՀատուկ նշանակության զորամասում ուսումնական փուլը մեկնարկում է առավոտյան տագնապով։ Ստորաբաժանումը հաշված րոպեների ընթացքում հանդերձավորվում, զինվում, թողնում է մշտական տեղակայման վայրը, մեկնում պայմանական մարտական գործողությունների ծավալման շրջան, անմիջապես դիրքավորվում, զննում տեղանքը, պլանավորում քայլերն ու գործի անցնում։

Հատուկ նշանակության խումբը դարանակալում է և շինությունը բոլոր կողմերից վերցնում է վերահսկողության տակ, սկսվում է բուն գործողությունը՝ անակնկալ ու սրընթաց հարձակում բոլոր մուտքերից։ Այստեղ կարևոր են ոչ միայն առաջինը մուտք գործող տղաների քայլերը, այլև մոտակայքում և հեռվում ապահովող խմբերի անձնակազմների գործողությունները։ Հենց նրանք են վերահսկում իրավիճակը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Զգուշավորությունը, ներդաշնակ գործողություններն ու քայլերի ճշգրիտ հաջորդականությունն այստեղ գլխավոր պայմաններն են։

Ստորաբաժանումը գործողությունն ավարտում է սեղմ ժամկետում, առանց կորուստների, ոչնչացնելով շինության ներսում գտնվող բոլոր թիրախները։ Սցենարը խաղարկվում է նաև ցածր տեսանելիության պայմաններում։

ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ-Մեր ստորաբաժանման մարտիկների համար կապ չունեն տեղանքն ու բնակլիմայական պայմանները: Այսպիսի և այլ բնույթի պարապմունքներ իրականացնում ենք գրեթե ամեն օր, դաշտերում, լեռներում, ամենատարբեր ու բարդագույն ռելիեֆով տեղանքներում: Փորձում ենք հմտանալ, կատարելագործել, ավելի շատ բան սովորել,- ասում է Դանիելը:

Ուսումնական փուլի ընթացքում հատուկ նշանակության զորքերը նաև անցնելու են գոյատևման դասը, օրեր շարունակ գտնվելով վայրի բնության գրկում՝ իրենց հմտություններով իրականացնելով անվտանգության խնդիրներ, կատարելով տեղորոշման առաջադրանքներ, ապահովելով նաև սննդի ու կեցության հարցեր։

-Այսօրինակ պարապմունքների նպատակը մարտիկների կամքը կոփելն է, որպեսզի նրանք չընկրկեն ոչ մի դժվարության առաջ ու հրամանատարների առաջադրած ամենաբարդ ու դժվարին խնդիրները կատարեն ճիշտ ու ժամանակին,- ներկայացնում է Լևոնը:

Ամեն տարի համալրվող այս խմբերում նորեկներին ընդունում են ընկերաբար ու սովորեցնում են սրտացավորեն։ Հետախույզները շատ զգոն և ուշադիր են, որպեսզի յուրայիններից յուրաքանչյուրը պատրաստ լինի ցանկացած իրադրության, դիմակայի ցանկացած փորձության, հաղթահարի ցանկացած դժվարություն։

ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ-Ես՝ որպես սակրավոր, նորեկներին սովորեցնում եմ պայթուցիկ նյութերի հետ աշխատելու ձևերը, միևնույն ժամանակ, չմոռանալով կարևորել անվտանգային հարցերը, քանի որ պայթուցիկ նյութերն իրենք իրենցով արդեն իսկ շատ վտանգավոր են: Նաև սովորեցնում եմ հաղթահարել ականապատ տարածքներն ու դաշտերը,- իր աշխատանքն է ներկայացնում Գոռը:

Առաջին դասն ավարտվում է: Հրամանատարները գնահատում են բոլորի գործողությունները: Այսպես կհավաքվեն նաև ժամեր անց, որպեսզի գիշերը նոր սցենար մտահղանան նոր գործողություն իրականացնելու համար։

Տղաներն անկեղծանում են՝ ուսումնական փուլի մեկնարկն ամենասպասված իրադարձությունն է, որը հնարավորություն կտա երկար ժամանակ անցկացնել զորավարժարաններում, դաշտային պայմաններում կարողությունները մեծացնելու, հմտությունները զարգացնելու և ավելի արհեստավարժ դառնալու համար։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #06 (1519) 16.02.2024 - 23.02.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/02/2024