Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼ, ԱՅԼԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼ, ԱՅԼԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼԱրփեցի Շահեն եւ Լուսինե Սարգսյանների օջախում ուրախություն է՝ զույգ որդիները՝ Մհերն ու Դավիթը, հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարել-վերադարձել են:

Հարազատ-բարեկամ, համագյուղացի, բոլորը շտապում են Սարգսյանների տուն՝ աչքալուսանքի…

Գյուղերում անխախտ կարգ է, ընդունված ավանդույթ՝ ամբողջ գյուղով բանակ են ճանապարհում իրենց զինվորացող երիտասարդներին ու պատվով-շուքով էլ դիմավորում:

Չորս արու զավակ են մեծացրել Շահենն ու Լուսինեն՝ խելացի, բարեկիրթ, զուսպ, ծնողապաշտ…

Սարգսյանների ավագ որդին՝ Ռաֆայելը, ընտրել է զինվորականի ուղին: «Փոքր Մհեր» կրթահամալիրն ավարտելուց հետո ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: 2019 թվականին ուսումը վերջացնելուց հետո Ռաֆայելը որպես դասակի հրամանատար ծառայության է նշանակվել սահմանամերձ զորամասում: 44-օրյա պատերազմի ժամանակ Ռաֆայելն իր անձնակազմով կռվելով ռազմաճակատի ամենաթեժ հատվածներից մեկում, հակառակորդի տանկային շարասյան առաջխաղացումն է կասեցրել, ապա զգալով շրջապատման վերահաս վտանգը, մտածված ու գրագետ գործողությունով կարողացել է անձնակազմը դուրս բերել համեմատաբար անվտանգ տարածք:

Մարտական հերթական առաջադրանքը կատարելիս Ռաֆայելը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ, ապաքինվելուց հետո շարունակում է ծառայությունը, վաշտի հրամանատար է, կապիտան։

Սարգսյանների զույգ որդիներն էլ ժամկետային ծառայության ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված սադրանքի հետեւանքով ծավալված մարտական գործողություններին են մասնակցել:

-Երբ զույգ տղաներիս բանակ ճանապարհեցի, չգիտեի, որ մի սեպտեմբեր եւս ցավով ու տագնապով է բացվելու մեզ համար, -պատմում է մայրը՝ Լուսինեն,- թեեւ զույգ որդիներս էլ ավագ որդուս պես մի խոսք իսկ չասացին, չպատմեցին գլխներով անցածի, իրենց ապրածի ու տեսածի մասին: Կապ եղած ժամանակ փորձում էին տագնապներս ցրել, խաղաղեցնել անհանգիստ սիրտս, ասում էին, իբր, իրենց մոտ խաղաղ է, իրենք հեռու են բուն գործողությունների շրջանից: Ու էնքան համոզիչ էին ասում, որ քիչ էր մնում՝ հավատայինք: Բայց հետո լուրերից, համացանցից տեղեկանում էինք, թե ինչ է կատարվում տվյալ հատվածում: Դժվար է, անպատմելի դժվար, երբ որդիներդ սահմանին են, մեկը չէ, երկուսը չէ, երե՛քը… Ինձ լավ կհասկանան նրանք միայն, որոնց որդիները պատերազմի թոհուբոհով են անցել… Սահմանից եկող ամեն լուր ծնողի սրտի միջով է անցնում…

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼ, ԱՅԼԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՄհերս ու Դավիթս զորացրվեցին, եկան, տունս լցվեց ու շունչ առավ… Թվում էր, թե սիրտս մի փոքր կխաղաղվի, բայց, ո՛չ, սահմանին ավագ որդիս է…

***

Հարազատ-բարեկամ, դրկից շնորհավորում են զորացրված զինվորներին, հայրենիքի պաշտպան զինվորների կենացն են խմում՝ խաղաղ երկինք ու բարի ծառայություն մաղթելով:

Մի ազատ պահ որսալով՝ տղաներից հետաքրքրվում եմ՝ ոնց անցավ ծառայությունը, ինչ տվեց բանակը իրենց:

-Լավ ընկերներ, անմոռանալի հիշողություններ: Ամանորի նախաշեմին էլ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էր եկել մեր զորամաս, իր գեղեցիկ ստեղծագործություններից կատարեց, խոսեց սահմանագծին կանգնած զինվորի կարեւոր առաքելության մասին, ասաց. «Զինվորն է պահապանը մեր դարավոր ավանդույթների, մեր հավատքի, մեր լեզվի ու մշակույթի, մեր դպրոցների, մեր Հայրենիքի…»: Հայրենիքը պարգեւ է, որ պետք է ոչ միայն սիրել, այլ նաեւ պաշտպանել, հպարտ ենք, որ մեր ծառայությամբ մենք էլ մեր փոքրիկ լուման ունեցանք,- ասացին եղբայրները:

Բանակից հետո Դավիթը կշարունակի ուսումը Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության բաժնում, Մհերն էլ է որոշել Ոստիկանության ակադեմիա դիմել, ցանկանում է միանալ նոր պարեկային ծառայությանը։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #03 (1516) 24.01.2024 - 30.01.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


30/01/2024