Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱԲԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՕՐՆԻԲՈՒՆ



ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱԲԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՕՐՆԻԲՈՒՆԶրույց նկարիչ Գարիկ Հարությունյանի հետ

 

-Պարոն Հարությունյան, նոյեմբերի 30-ին Նկարիչների միությունում չորրորդ անգամ կայացավ Palette ART Studio-ի կազմակերպած ցուցահանդես մրցույթ-փառատոնը՝ «Ստեղծագործիր» վերտառությամբ, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եկած 308 փոքրիկներ և 17 նկարչական կրթօջախներ: Դուք Palette ART Studio-ի հիմնադիրն եք ու գեղարվեստական ղեկավարը և, ըստ էության, միջոցառումը Դուք էիք կազմակերպել:

-Ի դեպ, նախորդ տարիներին մրցույթ-փառատոնին մասնակցող երեխաների թիվը հատել է 400-ի սահմանը: Մենք ջանացել ենք ընդգրկել մարզերից ու հատկապես սահմանամերձ տարածքներից եկած փոքրիկ նկարիչներին: …Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր ունակությունների ու կարողությունների շրջանակում հայրենաշեն, ազգանպաստ գործեր անել, առանց մտածելու, թե որն է անհատի ու որն է պետության գործառույթը: Պիտի այս սկզբունքով գործենք բոլորս, եթե ցանկանում ենք ունենալ ուժեղ երկիր, ամուր հասարակություն և հաստատուն ապագա:

Մրցույթ-փառատոնի կարևորագույն խնդիրն էր խրախուսել մարզերում ապրող փոքրիկների առաջին քայլերը նկարչության ասպարեզում, նրանց օրինակը դարձնել վարակիչ մյուս երեխաների համար, աշխուժացնել ծայրամասային շրջանների մշակութային կյանքը և արվեստի տոն նվիրել բոլոր նրանց, ովքեր ցուցահանդեսի օրը եկան ու լցվեցին մեր երեխաների վառ ու պայծառ գույներով:

ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱԲԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՕՐՆԻԲՈՒՆ-Իրոք, միջոցառումը վերածվեց արվեստի տոնի, որովհետև ներկայացված 300-ից ավելի գործերը մեկը մյուսից գունեղ էին ու խոսում էին մեր փոքրիկների ակնհայտ տաղանդի մասին, սրահում հնչում էր դասական երաժշտություն «Վիվալդի» լարային քառյակի կատարմամբ, ներկա էին բազմաթիվ ճանաչված արվեստագետներ…

-Մենք մրցույթ-փառատոնը անվանել ենք «Ստեղծագործիր»: Այս վերնագիրը շատ տարողունակ է ու խորհրդանշական, կոչ է ուղղված յուրաքանչյուր հայի, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու: Մեր կարծիքով՝ պետք է նոր բովանդակություն ու իմաստ հաղորդենք Հայրենասիրություն բառին: Հայրենասիրությունը Հայրենիքի մասին հուզառատ խոսքեր ասելը չէ, ոչ էլ սահմանափակվում է առաջնագծում զենքը ձեռքին սահման պաշտպանելով: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հայրենասեր լինել իր տեղում, եթե ցանկություն ունենա Հայրենիքը շենացնելու: Ստեղծագործիր նշանակում է ստեղծիր և գործիր: Աշխատեցրու միտքդ, ստեղծիր նոր գաղափարներ, նոր ծրագրեր, նոր նախագծեր և կյանքի կոչիր դրանք, հանուն քո մեծ ընտանիքի՝ քո ժողովրդի, ու հանուն քո մեծ տան՝ քո երկրի:

ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱԲԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՕՐՆԻԲՈՒՆ-Հայրենասիրության մասին Ձեր պատկերացումները փոքր-ինչ փոխվել են: Նախկինում Դուք մեծ եռանդով նկարում էիք Հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսացած զինվորներին: Եվ Հայրենասիրությունը չափում էիք նրանց սխրանքով:

-Ես հիմա էլ եմ այն կարծիքին, որ Հայրենիքի սահմանները զենքով պաշտպանելը հայրենասիրության բարձրակետն է, ես հիմա էլ եմ նկարում սխրագործ զինվորների, բայց դա չի նշանակում, որ միայն զինվորական համազգեստով մարդիկ հնարավորություն ունեն հայրենասեր կոչվելու կամ հանուն հայրենիքի գործելու: Երկիր կառուցելու միակ ճանապարհը այն է, որ մենք հայրենասիրությունը դարձնենք ապրելակերպ՝ մտածելով, որ յուրաքանչյուրիս ջանքից է կախված Հայաստանի ապագան:

Ինչ վերաբերում է զինվորների դիմանկարներին, ապա դա իմ հոգու պարտքն է, իմ երախտագիտությունը, իմ անսահման սերը դեպի Հայրենիքի պաշտպանները: Ես ստեղծել եմ սահմանին սխրանք գործած զինվորների 152 դիմանկար, որոնցից 52-ը ներառվել է իմ առաջին գիրք-ալբոմում: Շուտով լույս կտեսնի երկրորդ գիրք-ալբոմը: Հայրենասերի կերպարը պետք է լինի մեր իրականության ամենաթանկ, ամենավեհ ու ամենասիրելի կերպարը, մեր արվեստի՝ նկարչության, թատրոնի, գրականության, կինոյի, երաժշտության առանցքային թեման: Իմ զինվորների դիմանկարները ուժի, խիզախության, նվիրումի, կամքի, տղամարդկային արժանապատվության մարմնավորում են ու հուշում են այս առաքինությունների կարևորությունը մեր հասարակության մեջ:

-Ցանկանում եմ, որ խոսենք նաև «Երեխաները՝ հանուն բանակի» վերտառությամբ ցուցահանդես-վաճառքի մասին, որի հասույթը տրամադրվեց Հայրենիքի սահմանապահ զինվորների կարիքներին: Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը առաջին հերթին ուներ գաղափարական-քարոզչական ենթատեքստ, իսկ գումարի չափը երկրորդական նշանակություն ուներ:

ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱԲԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՕՐՆԻԲՈՒՆ-Բանակը, զինվորը մեր սիրո ու հոգածության կիզակետում պիտի լինեն: Մենք այս միտքն էինք դրել միջոցառման հիմքում ու փորձում էինք երեխաներին «մոտեցնել» Հայրենիքի պաշտպանության գաղափարին, նրանց հոգում ներարկել երախտագիտություն սահման պահող զինվորի հանդեպ: Նկարող մանուկները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել ցուցահանդեսին՝ նկարները հիմնականում թեմատիկ էին՝ Հայրենիք, խաղաղություն, տանկ, զինվոր, վանք ու հաղթանակ… Մեր ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ երեխաները նկարել էին՝ հանուն բանակի, նկարել էին, որ վաճառեն իրենց նկարները և իրենց փոքրիկ լուման դնեն զինվորին օգնելու գործում: Իր ինքնիշխան պետականությունը սիրող, իր երկրի լավ ու վատի համար անձնական պատասխանատվություն կրող քաղաքացու կեցվածք դաստիարակելը ապագային միտված ամենակարևոր քայլերից է:

-Պարոն Հարությունյան, Ձեր նախաձեռնություններից մեկը խորապես հուզեց ինձ. Դուք շրջում եք Հայաստանի ծայրամասային գյուղերով ու նկարում այն տները, որոնք դատարկ են: Ի՞նչ է Ձեր ասելիքը:

ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱԲԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՕՐՆԻԲՈՒՆ-Նախ՝ ասեմ, որ լքված տուն նկարելիս ես բացառում եմ որևէ ողբերգականություն կամ վատատեսություն, որևէ հուսահատություն կամ ընկճվածություն: Ես սեր եմ նկարում: Հայրենիքի յուրաքանչյուր պատառիկի հանդեպ իմ հոգում մեծ սեր կա: Լքված տներում մի օր լույս է վառվել, այնտեղ հյուսվել են սիրո, կարոտի, մտերմության պատմություններ, այնտեղ հուշեր են ապրում: Ու ես ուզում եմ, որ կտավի վրա առատորեն թափված սերը հետ կանչի նրանց, ովքեր իրենց կենսագրությունը, իրենց քաղցր հիշողություններն են թողել լքված տներում: Քո տունը քո հարազատն է, քո տունը կարոտում է քեզ, քո տունը քեզ սպասելու է միշտ: …Ես ուզում եմ, որ ոչ ոք այլևս չլքի իր հայրական տունը: Հայրական տունը փոքրիկ Հայրենիք է: Դու չես ընտրում, թե որտեղ ծնվես, որ տան մեջ: Այն ծնողի, Հայրենիքի նման քեզ տրվում է ի վերուստ: Գուցե Փարիզում ապրելը ավելի լավ է, քան Հայաստանի որևէ հեռավոր գյուղում, բայց դա էլ քո բաժին կռիվն է հանուն հայրենիքի, քո զոհողությունը…

ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱԲԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆՔ ՕՐՆԻԲՈՒՆ-Դուք ապրում ու ստեղծագործում եք Արտաշատում: Արտաշատում եք հիմնել Palette ART Studio նկարչական կրթօջախը: Ի՞նչ առաքելություն ունի արվեստի ուսուցիչը այսօր:

-Palette ART Studio -ի բոլոր սաները վերջին տարիներին այնքան բարձր գնահատականներով են ընդունվում արվեստի բուհեր, որ անվճար հիմունքներով են սովորում: Բայց ես առաջին հերթին հպարտանում եմ ոչ թե մեր մասնագիտական հաջողություններով, այլ իմ սաների մարդկային կերպարով, ավելի կոնկրետ՝ նրանց հայրենասիրությամբ, որը բոլոր առաքինությունների հիմքն է, իմ կարծիքով: Ես իմ սաներին այդպես էլ ասում եմ՝ Հայրենիքը մեր էության միջուկն է, այն ակունքը, որից մենք պիտի սնվենք ամբողջ կյանքում, այլապես մեր հոգին կչորանա: Հայրենիքն այն հենքն է, որին պիտի հենվենք, եթե ուզում ենք մեծ թռիչք ունենալ: Ես՝ որպես արվեստի ուսուցիչ, իմ առաջին պարտքն եմ համարում հայրենասեր մարդ դաստիարակելը, հետո՝ նկարչական հմտություններ հաղորդելը:

-Զրույցը եզրափակելու ասելիքը թողնում եմ Ձեզ: Ինչի՞ց կցանկանայիք խոսել:

-Ցանկանում եմ խաղաղ ու բարեբեր տարի մաղթել սահման պահող զինվորին ու բոլորիս կողմից խոստանալ, որ նրա թիկունքն ամուր ենք պահելու, այսինքն՝ լինելու ենք միաբան ու աշխատելու ենք օրնիբուն:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #02 (1515) 17.01.2024 - 23.01.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


22/01/2024